Այսօր Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում «1000» դրամների» օրենքը վիճարկող առաջին դատական նիստն էր: Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը հայց էր ներկայացրել՝ ՀՀ-ից եւ ՊՆ-ից պահանջելով 2017-ի հունվարի 1-ից աշխատող քաղաքացիների աշխատավարձից պահվող այդ 1000 դրամները վերադարձնել:
Դատավորը թույլ չտվեց տեսանկարահանել կամ լուսանկարել դատական նիստի ժամանակ՝ առանց որեւէ պատճառաբանություն նշելու: Իսկ տեսանկարահանմանը դատարանում դեմ էին ֆինանսների նախարարության եւ ՊՆ-ի ներկայացուցիչները: Ֆիննախի ներկայացուցիչը պատճառաբանեց, որ լրագրողները կարող են ձայնագրել եւ ձայնագրությամբ լուսաբանել կամ գրի առնել դատական նիստը, որեւէ հիմք չկա տեսանկարելու: Իսկ ՊՆ-ի իրավաբանական վարչության գլխավոր մասնագետ Մանիկ Սանթրոսյանը ուշագրավ պատճառաբանություն բերեց՝ տեսանկարահանումից խուսափելու վերաբերյալ: Նրա խոսքերով՝ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի հետ եւս մեկ դատական նիստ է ունեցել, որը նկարահանվել է. «Դրանից հետո այդ տեսագրությունները հայտնվում են ոչ միայն իրենց կայքում, այլ նաեւ ադրբեջանական կայքերում, կոնկրետ իմ անձի հետ կապված չեմ ցանկանում, որ իմ աշխատանքային գործունեության վերաբերյալ անդրադարձ լինի ադրբեջանական կայքերում»:
Հայցվորի ներկայացուցիչը՝ Անի Չատինյանը, վստահեցրեց, որ ՀՔԱՎ-ը ադրբեջանական ցանցերում կամ որեւէ այլ տեղ գրառումներ չի անում:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ