Այսօր Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում «1000» դրամների» օրենքով ամսական գանձվող գումարները վերադարձնելու պահանջով հայցադիմումն էր քննվում: Հայցը դատարան ներկայացրել է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը, որի ներկայացուցիչը դատարանում Անի Չատինյանն էր (լուսանկարում):
Հիշեցնենք, որ այս տարվա հունվարի 1-ից աշխատող քաղաքացիների աշխատավարձից գանձվում է 1000-ական դրամ՝ «Պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասի հատուցման մասին» օրենքով: Իսկ ՀՔԱՎ-ը գտնում է, որ դրանով կառավարությունը խախտում է ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված քաղաքացու սեփականության իրավունքը:
Այսօր դատարանում Անի Չատինյանն ասաց, որ հայցվորները Հայաստանի Հանրապետությունից պահանջում են անհիմն հարստացման առարկա հանդիսացող դրամական միջոցները վերադարձնել:
Ֆինանսների նախարարությունն ամբողջությամբ առարկել է հայցի դեմ: Նախարարության իրավաբանական վարչության մասնագետ Նարինե Ամատունին ասաց. «Մեր դիրքորոշմամբ՝ գումարների փոխանցումը կատարվել է օրինական, օրենքի հիման վրա: Օրենքով սահմանված է, որ վարձու աշխատողներից պետք է գանձում լինի, գտնում ենք, որ անհիմն հարստացում առկա չէ, քանի որ օրենքի հիման վրա է գանձումը կատարվել»:
Իսկ պաշտպանության նախարարության դիրքորոշումը դատարանում ներկայացրեց ՊՆ-ի իրավաբանական վարչության գլխավոր մասնագետ Մանիկ Սանթրոսյանը: Նրա խոսքերով՝ «Մենք առարկություն չենք ներկայացրել, քանի որ ՊՆ-ն սույն գործով պատշաճ պատասխանող չի հանդիսանում: Գումարները ՊՆ-ն չի ստանում, ոչ էլ տնօրինում է, որ հայցը բավարարվելու դեպքում այն վերադարձնի: Իրենց գործատուն է պահել գումարները, ՊՆ-ն պատասխանող չի հանդիսանում»: Նա հորդորեց քննարկել իր դիրքորոշումը եւ իրեն պատասխանող չճանաչել:
Չատինյանն ասաց, որ այս դեպքում պատշաճ պատասխանողը ՀՀ-ն է եւ ՊՆ-ն է: Զինծառայողներին հասցված վնասների խնդրով ՊՆ-ն է զբաղվում, օրենքի նախագիծն էլ ԱԺ-ում ներկայացրել է անձամբ պաշտպանության նախարարը, իրենց պատասխանողի կարգավիճակից հանելու որեւէ հիմք չկա. «Երկուսի գործողությունների հետեւանքով ենք մենք անհիմն վնասներ կրել: ՊՆ-ն պատշաճ պատասխանող է»:
Սանթրոսյանը արձագանքեց՝ ՊՆ-ն ի՞նչ գործողություն է իրականացրել հայցվորների հանդեպ, նրանք երբեւէ ՊՆ-ի հաշվին գումար փոխանցե՞լ են, թե՞ ոչ: Անի Չատինյանը պատասխանեց, որ գումարները պետբյուջե են փոխանցվել եւ ճիշտ է, գործատուի կողմից է պահվել, բայց պարտադիր պահում է կատարվել:
Ապացուցման բեռը հայցվոր կողմի վրա է, դատարանին Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը պետք է ապացուցի, որ ՊՆ-ն կապ ունի այդ 1000 դրամների հետ եւ պետք է դատարանում լինի պատշաճ պատասխանող:
Հաջորդ դատական նիստը նշանակվեց հոկտեմբերի 13-ին:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ