Այսօր՝ հուլիսի 12-ին, ժամը 16.20-ի սահմաններում ավտովարորդներից տեղեկացանք, որ պետավտոտեսուչները 2 կողմից՝ Բաղանիս գյուղում եւ Ոսկեպարի Սուրբ Աստվածածին եկեղեցու մոտ գտնվող խաչմերուկում փակել են Հայաստան-Վրաստան միջպետական ավտոճանապարհի Բաղանիս-Ոսկեպար հատվածը եւ երթեւեկը կատարվում է շրջանցիկ՝ Հարսնաքարով ձգվող ճանապարհով:
Բաղանիս գյուղը խոշորացված Նոյեմբերյան համայնքի կազմում է: Նոյեմբերյան համայնքի ղեկավար Կարեն Աբազյանից տեղեկացանք, որ հուլիսի 12-ին Բաղանիսում կայացել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի ֆինանսավորմամբ կառուցված ոռոգման ջրագծի հանդիսավոր բացում, որին ներկա են եղել հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանը,արգենտինահայ բարերարներ:
Հանդիսավոր միջոցառման ժամանակ երեխաները պարային համար են ներկայացրել: Բաղանիսի գյուղապետարանի առաջ ազատ տարածք չկա, այդ պատճառով երեխաները պարը ցուցադրել են միջպետական ավտոճանապարհին: Այդ պատճառով որոշ ժամանակ ավտոճանապարհը փակել են:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ