ԼՂՀ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը` Նալբանդյան-Մամեդյարով հանդիպման մասին
– Դատելով ՀՀ ԱԳՆ-ի տարածած պաշտոնական հաղորդագրությունից` Ադրբեջանին չի հաջողվում բերել բանակցային սեղանի շուրջ: Այսինքն, սա հերթական անպտուղ հանդիպո՞ւմն էր:
– Երեկ կայացած ՀՀ և ԱՀ ԱԳ նախարարների հանդիպումը անակնկալներ չմատուցեց: Ցավոք, Հայաստանի քաղաքական ու դիվանագիտական պահվածքը մնում է նույնը, ինչը նշանակում է, որ միջադեպերն առաջնագծում կշարունակվեն, իսկ մեր պատասխանատուներն էլ պատրաստ են շարունակել իրենց անգործության համար վճարել ճակատը պահող մեր զինվորների կյանքերով:
– Պայմանավորվածություններ կան ԱԳ նախարարների մակարդակով հանդիպումները շարունակելու, անգամ այս տարվա ընթացքում նախագահների հանդիպում կազմակերպելու մասին: Եթե Ադրբեջանը չի համաձայնվում Վիեննայի եւ Սանկտ-Պետերբուրգի պայմանավորվածությունները կատարել, ի՞նչ պետք է խոսեն նախագահները:
– Վերջին շրջանում հայկական կողմի ասածը հետևյալն է, փաստորեն, հանգում` Ալիևին ասվում է` դադարեցրեք միջադեպերի հրահրումը ճակատային գծում, համաձայնեք ներդնել միջադեպերի կանխարգելման ու հետաքննության մեխանիզմները և այնժամ կսկսենք առարկայորեն խոսել Արցախի ներկայիս տարածքի երկու երրորդը Բաքվի վերահսկողությանը հանձնելու պայմանների շուրջ: Բաքուն էլ ասում է, որ քանզի Հայաստանն ինքն իրեն ագրեսոր է ճանաչել, ապա պետք է առանց նախապայմաններ առաջ քաշելու հանի իր զորքն Ադրբեջանի տարածքից: Այս իրավիճակում պարբերական նոր բախումներն ու զոհերն անխուսափելի են լինելու և դրանց համար պատասխանատվությունը բոլոր դեպքերում վերագրվելու է «ագրեսոր» Հայաստանին:
Միայն պաշտոնական Երևանի քաղաքական մոտեցումների հայեցակարգային փոփոխության արդյունքում հնարավոր կլինի մեզ համար շահեկան նոր իրավիճակ ձևավորել բանակցային սեղանի շուրջ և դրա արդյունքում նաև էապես նվազեցնել միջադեպերի ու զոհերի թիվը ճակատային գծում:
– Այս ամենից ի՞նչ հետեւության եւ քայլեր պետք է անեն հայկական կողմերը, համանախագահները:
-Չգիտեմ, թե համանախագահներն ի՞նչ պետք է անեն, բայց հայկական կողմերին պաշտոնական մակարդակում ներկայացնող պատասխանատուները պարտավոր են քաղաքական-դիվանագիտական միջոցների գործադրմամբ զրոյացնել համարյա ամեն օր մեզանից զոհեր խլող հակառակորդի ակտիվությունը` սա բացառապես մարտի դաշտում լուծվող հարց չէ:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ