Լրահոս
Օրվա լրահոսը

ՏՏ ոլորտի մեր մասնագետներից կովերի համար «Ջի Փի Ար Էս»-ով վզնոցներ են ուզում (Տեսանյութ)

Հուլիս 12,2017 16:09

«Մտավախություն չունե՞ք, որ ՏՏ ոլորտի մասնագետների արտահոսք կլինի, հատկապես, որ մեր երկրում բարձրակարգ մասնագետների դեֆիցիտ կա»,-այսօր այսպիսի հարց ուղղեցին տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանին, որը ներկայացրեց, թե ինչպիսի պայմանավորվածություններ են ձեռք բերել ՏՏ ոլորտի մասնագետների` դրսում աշխատելու հետ կապված: Ըստ պարոն Մարտիրոսյանի, «Թեքնոլոջի Ընդ Սայնս Դայնամիքս» ընկերությունը նախարարության հետ հուշագիր է կնքել, համաձայն որի, ընկերությունը պետք է, այսպես ասած, արտահանի ՏՏ ոլորտի մեր գիտական գաղափարները: Առաջին այցը եղել է Բոլիվիա, որտեղ ընկերության հիմնադիր տնօրեն Վահան Շաքարյանի խոսքով, դեռ զարգացած չեն էլեկտրոնային եղանակով կատարվող գործարքները եւ մարդիկ տարրական մուծումների համար մեկ բանկում ժամերով հերթ են կանգնում:

Պատասխանելով հարցին Վահան Մարտիրոսյանն ասաց, որ մասնագետների շարժն ամբողջ աշխարհում է. «Մասնագետները միշտ փորձում են տարբեր տեղեր գտնել, եթե իրենք իրենց տեղից գոհ են, դժվար թե տեղափոխվեն: Իհարկե, Հայաստանում ՏՏ մասնագետների պակաս ունենք եւ դրա վրա աշխատում ենք, բայց պետք չէ մտածել, որ մենք ունենանք լավ ՏՏ մասնագետ, վախենանք ինքը դուրս գա»:

Վահան Շաքարյանի խոսքով, իրենց պայմանավորվածությունների արդյունքում ոչ թե ինժեներների են դուրս տանելու, այլ` մարքեթինգի, PR-ի մասնագետներին, որոնք կկազմակերպեն այդ ապրանքների վաճառքը:

Հարցին, թե արդյունքները ե՞րբ կերեւան, պարոն Շաքարյանն ասաց, որ իրենք ոչ թե ծիրան կամ խաղող են արտահանում, այլ` գիտություն եւ արագ արդյունք ակնկալելը ճիշտ չէ: Ըստ Վահան Շաքարյանի, նոր գաղափարների պահանջարկ կա գյուղատնտեսության մեջ. «Օրինակ` Բոլիվիայում կովերի վզին կախելու «Ջի Փի Ար Էս» համակարգ է պետք, որպեսզի արածելու դուրս եկած կովերին հեշտությամբ գտնեն, 8 միլիոն կով ունեն եւ պետք է այնպես լինի այդ համակարգը, որպեսզի կարիք չլինի ամեն կովի հետեւից վազել եւ էլեմենտը փոխել»:

Ըստ նրա, բացի Բոլիվիայից համագործակցելու են նաեւ Իտալիայի, Գերմանիայի, ԱՄՆ-ի եւ այլ երկրների հետ:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31