Լրահոս
Օրվա լրահոսը

Համատեղ հայտարարություն. դատապարտում են Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից Ժնեւյան կոնվենցիայի հետեւողական խախտման քաղաքականությունը

Հուլիս 12,2017 15:29

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների, եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովների եւ ԱՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի համատեղ հայտարարությունը

Քննարկելով վերջին շրջանում հակամարտության գոտում իրավիճակի սրումը, Ադրբեջանի կողմից շարունակական ապակառուցողական եւ սադրիչ գործողությունները, Ադրբեջանում պետական մակարդակով այլատյացության դրսեւորումը՝

Կողմերը՝

կարեւորում են 1994 եւ 1995թթ. զինադադարի անժամկետ համաձայնագրերով ստանձնած միջազգային պարտավորությունների կատարումը,

ընդգծում են Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի գագաթաժողովներում ձեռք բերված պայմանավորվածությունների կարեւորությունը, մասնավորապես զինադադարի խախտումների հետաքննության մեխանիզմների ստեղծումը՝ որպես կանխարգելման գործիք,

արձանագրում են, որ Ադրբեջանի կողմից հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ ստանձնած պարտավորությունների խախտումը, կանխարգելիչ միջոցառումների իրականացման խոչընդոտումը պատասխանատվություն է առաջացնում Ադրբեջանի համար՝ հետեւանքների իր ողջ ծավալով,

դատապարտում են Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից Ժնեւյան կոնվենցիայի հետեւողական խախտման քաղաքականությունը, քաղաքացիական բնակավայրերի հարեւանությամբ ռազմական հենակետերի տեղակայումը եւ խաղաղ բնակչությանը որպես կենդանի վահան օգտագործելը,

կոչ են անում միջազգային հանրությանը հակամարտության գոտում իրավիճակի սրման պատասխանատուների նկատմամբ կիրառել թիրախային քաղաքական եւ տնտեսական պատժամիջոցներ,

ակնկալում են ԵԱՀԿ ՄԽ համանախագահների առավել արդյունավետ եւ գործուն ջանքեր՝ ուղղված իրավիճակի կայունացմանը եւ խաղաղ գործընթացի առաջընթացի համար պայմանների ապահովմանը,

դիմում են միջազգային կառույցներին՝ ակտիվորեն նպաստելու Ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը՝ աջակցելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին:

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյան

ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյան

ԱՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արզիկ Մխիթարյան

12 հուլիսի, 2017 թ.

Ստեփանակերտ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31