Հայաստանի սուրդլիմպիկ հավաքականն ուսումնամարզական հավաք է անցկացնում Օլիմպավանում: Մարզիկները նախապատրաստվում են Թուրքիայի Սամսուն քաղաքում հուլիսի 21-ին մեկնարկող 23-րդ ամառային սուրդլիմպիկ խաղերին:
Այսօր ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության աշխատակիցները վարչության պետ Լեւոն Վահրադյանի գլխավորությամբ այցելեցին նրանց, ծանոթացան մարզումների ընթացքին, մարզահագուստներ հանձնեցին Սամսուն մեկնող 10 ըմբիշներին, 2 ձյուդոիստներին եւ հայկական պատվիրակության անդամներին:
Նախարարության մասսայական սպորտի եւ ֆիզիկական դաստիարակության քաղաքականության վարչության պետ Լեւոն Վահրադյանը նրանց փոխանցեց նախարար Հրաչյա Ռոստոմյանի ողջույնը եւ ուղերձը. «Նախարարը ձեզ հաջող մասնակցություն է մաղթում եւ ակնկալում մեդալներ: Պարոն Ռոստոմյանը հատուկ հանձնարարեց փոխանցել, որ ամբողջ ազգը երկրպագելու է ձեզ: Այնպես որ, մարտական ոգին բարձր պահեք», – ասաց Լ. Վահրադյանը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ