Ոստիկանության ՊՊԾ գունդը գրաված «Սասնա ծռեր» զինված խմբի անդամներից 14-ի գործով դատական նիստում այսօր ամբաստանյալների պաշտպանները շարունակեցին ներկայացնել դատավոր Արտուշ Գաբրիելյանի ինքնաբացարկի հիմքերը: Պաշտպանները շարունակեցին պնդել, որ նիստերի դահլիճում չպետք է ներկա լինի ամբաստանյալներին խոշտանգած ոստիկան, փոխգնդապետ Ղազարյանը: Բացի այդ, դատավորը պետք է վերականգնի ամբաստանյալներից Արայիկ Խանդոյանի եւ Գագիկ Եղիազարյանի դահլիճում ներկա գտնվելու իրավունքը:
Դատավորը վրդովվեց, որ պաշտպանները շարունակում են նույն բանը պնդել, սակայն վերջիններս ասացին, որ այդ հարցերն են ընկած դատավորի ինքնաբացարկի միջնորդության հիմքում:
Դատավոր Արտուշ Գաբրիելյանը պաշտպաններից Լուսինե Սահակյանին չթույլատրեց խոսքը շարունակել, ինչից հետո Սահակյանը հայտարարեց. «Դուք ինձ մի ասեք՝ կարճ խոսեմ, թե երկար, կլինի՞ չխոսեք, թողնեք առաջ անցնենք, դուք չքննարկեցիք մեր ներկայացրած հարցերը: Բացի այդ, այս գործով անցնող Վալերի Օսիպյանը դրսում ծառայություն է իրականացնում, կանգնում փաստաբանների կողքին այն ժամանակ, երբ մենք ինչ-որ բան ենք քննարկում եւ չի հեռանում»:
Պաշտպաններից Տիգրան Հայրապետյանը եւս նշեց, որ դատավոր Արտուշ Գաբրիելյանը չի կարող արդար դատաքննություն իրականացնել. «Ձեր նախագահության օրոք արտառոց դեպք տեղի ունեցավ, երբ ամբաստանյալներին ոստիկանները ծեծեցին դատարանում: Այդ դեպքը 40 տարով հետ գցեց Հայաստանին»:
Նիստի ընթացքում դատավորը նկատեց, որ ամբաստանյալներից Էդուարդ Գրիգորյանի ձեռքին նրա պաշտպան Լուսինե Սահակյանի հեռախոսն է եւ նրան արգելեց օգտվել դրանից: Լուսինե Սահակյանը ակնարկեց, որ հիմա դարն առաջ է շարժվել, նոթատետրի փոխարեն հեռախոսով են աշխատում եւ դատավորը նման արգելանք դնելու իրավունք չունի:
Դատավորը երրորդ անգամ ընդմիջում հայտարարեց՝ իր դեմ ինքնաբացարկի միջնորդությունը քննարկելու համար:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ