ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտին ( Ֆրանսիա) և Ռիչարդ Հոգլանդը (ԱՄՆ) հուլիսի 11-ին հանդիպել են Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հետ։ Հանդիպմանը մասնակցել է նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը։ Այս մասին ասվում է եռանախագահների տարածած համատեղ հայտարարության մեջ։
Նախարարները համաձայնել են իրենց նախագահներին փոխանցել համանախագահների առաջարկը` տարվա ընթացքում բարձր մակարդակով հանդիպում անցկացնելու շուրջ։Համանախագահներն իրենց աջակցությունն են առաջարկել հանդիպումը կազմակերպելու գործում։
Հանդիպմանը քննարկվել է նաև շփման գծում տիրող ներկա իրավիճակը։ Նախարարները և համանախագահները համաձայնության են եկել դարձյալ հանդիպել Նյու Յորքում` ՄԱԿ- Գլխավոր վեհաժողովի 72-րդ նստաշրջանի շրջանակում, ասվում է հաղորդագրության մեջ։
Պատրաստեց` Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ