Հուլիսի 12-ին Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանն ընդունել է աշխատանքային այցով Արցախում գտնվող ՀՀ ազգային ժողովի մի խումբ պատգամավորների:
Հանդիպման մեկնարկին ողջունելով բարձրաստիճան հյուրերին, բանակի հրամանատարը վերջիններիս խնդրանքով անդրադարձել է նախորդ տարվա ապրիլյան ռազմագործողություններին՝ դրանք որակելով Արցախի Հանրապետության դեմ Ադրբեջանի ձեռնարկած զանգվածային հարձակում՝ հաշվի առնելով հակառակորդի կողմից գործողության մեջ դրված հատուկ նշանակության ուժերը, մեծ քանակությամբ զրահատանկային ստորաբաժանումները, համազարկային, հրթիռային և հրետանային միջոցները, արդի տեխնոլոգիաներ պարունակող զինատեսակներն ու ընտրված հարվածային ուղղությունները: Այնուհետև Լևոն Մնացականյանը ներկայացրել է հետապրիլյան աշխատանքները՝ նշելով, որ կատարվել են համակողմանի վերլուծություններ, ներկայացրել տեղ գտած բացթողումների ու թերացումների վերացման ուղղությամբ կատարված և կատարվելիք գործընթացների համալիրը: Ներկայումս առաջնագծում տիրող իրադրությունը որակելով որպես կայուն վերահսկվող՝ Արցախի ռազմական գերատեսչության ղեկավարը վստահեցրել է, որ պաշտպանության բանակն ի վիճակի է համարժեք պատասխանելու հակառակորդի սադրանքներին և պատրաստ է իրավիճակից ելնելով ձեռնարկել նաև հարձակողական գործողություններ:
Վերջում բանակի հրամանատարը պատասխանել է Հայաստանի Հանրապետության օրենսդիր մարմնի ներկայացուցիչների հարցերին, որոնք վերաբերում էին առաջնագծում ինժեներական կահավորման, մարտական հերթապահությունն էլ ավելի անվտանգ դարձնելու ուղղությամբ կատարված աշխատանքներին, բանակում կիրառվող նորարարություններին, տեսադիտարկման համակարգերի հնարավորություններին ու արդյունավետությանը:
ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն