Վերջին ժամանակներս մեր իրականություն մեծ արագությամբ ներխուժած հնդկական սերիալները սկսում են նահանջել: Իհարկե, ողջունելի է, սակայն հիշենք, որ հնդկական ֆիլմերը հետխորհրդային երկրներում լայն տարածում ունեին դեռ երկու տասնյակ տարի առաջ: Ամեն կիրակի հայ հանդիսատեսը մեծ ոգևորությամբ սպասում էր հայկական հեռուստաընկերություններով ցուցադրվող հնդկական, լալահառաչ ֆիլմերին: Ի՞նչն էր գրավում. երգերը, պարերը, գունային լուծումները…: Փաստ էր այն, որ այդ տարիներին հնդկական ֆիլմերը մեծ վարկանիշ էին ապահովում հեռուստաալիքներին՝ միաժամանակ լցնելով տնային տնտեսուհիների և համացանցից դեռ անտեղյակ լայն հասարակության կյանքը:
Ժամանակի ընթացքում առաջացավ սեփական արտադրանքն ունենալու ճշմարիտ պահանջը: Ճշմարտության համար նշենք, որ պահանջը համընկավ նաև հնարավորության և միջոցների հետ: Մեկը մյուսի ետևից եթեր էին բարձրանում բազմասերիանոց հեռուստանովելներ (ինչպես սիրում են նշել հենց արտադրողները)՝ ներգրավելով թե՛ փորձառու, թե՛ սկսնակ դերասան-դերասանուհիների: Հայ հեռուստադիտողը շունչը պահած հետևում էր դժբախտ աղջնակի դժվարին կյանքին՝ բաց չթողնելով նաև հանցագործ աշխարհի «ճշմարիտ» ներկայացուցիչների հետաքրքիր առօրյան:
Տարիներ շարունակ, մի քանի եթերաշրջանով ցուցադրվող հեռուստասերիալները տարբեր կարծիքների արժանացան, ունեցան ինչպես դրական, այնպես էլ՝ բացասական արձագանքներ, բայց փաստ էր այն, որ հեռուստասերիալները հնարավորություն էին տալիս դերասաններին և արվեստի ԲՈՒՀ ավարտած մասնագետներին քիչ, թե շատ վաստակել սեփական մասնագիտությամբ:
Իհարկե, մասնագետներից ետ չէին մնում նաև ոչ պրոֆեսիոնալները: Վարսավիրանոցում, խանութում կամ սրճարանում դերասանների կոլեգաներն էին… Ինչևէ…բայց այդ ընթացքում բարձրացավ դերասան մասնագիտության հանդեպ հետաքրքրությունը, մեկը մյուսի ետևից սկսեցին բացվել դերասանական ստուդիաներ ու դպրոցներ՝ խոստանալով կարճ ժամանակահատվածում պատրաստել համապատասխան մասնագետ և ներգրավել նոր հեռուստանախագծերում: Էկրանից մեզ ժպտում էին բարետես արտաքինով աղջիկներ ու տղաներ, երբեմն նաև հետաքրքիր մտքեր արտահայտում, իսկ ովքե՞ր էին այդ մտքերի հեղինակները…
Հեռուստադիտողի աչքը սովորեց այն ամենին, ինչ մատուցվում էր: Ավելին, երևի թե, պետք էլ չէր, քանի որ բազմասերիանոց հեռուստանախագծերը պատրաստվում էին մեծ արագությամբ: Սերիալարտադրության մեջ գործում էր Ֆաստ ֆուդի սկզբունքը՝ արագ պատրաստվող և դյուրամարս ապրանք, որը վարկանիշի հետ եկամուտ կբերեր:
Աստիճանաբար 300-400 մասից բաղկացած նախագծերին փոխարինեցին 20-25 մասից բաղկացած հեռուստասերիալները՝ զտելով և հղկելով քննարկված և քննադատված հատվածները, իսկ ողբերգությանը, դրամային փոխարինեցին հումորն ու զվարճանքը՝ նոր վարկանիշ բերելով հեռուստատեսություններին:
Հնդկական սերիալների՝ եթերից հեռանալը խոստանում է հայկական արտադրանքի նոր փուլ, երևի թե՝ նոր ասելիքով ու որակով:
Գոհար ԱՐՇԱԿՅԱՆ
Հեռուստասերիալները ,,արջի,,ծառայություն են մատուցում նրանց դիտողներին՝իջեցնում են ճաշակը,սովորեցնում են գորգոռալով խոսել,նվնվալ,,,լավ տղա,, երևալ,և ոչմի լավ գաղափար չեն մատուցում…Մարդկանց ամեն օր համոզում են թե որքան դժբախտ ենք մենք…