Լրահոս
Օրվա լրահոսը

«Ընկերներիս խոշտանգվելուց հետո չեմ տեսել». Պավլիկ Մանուկյանը՝ դատավորին (Տեսանյութ)

Հուլիս 12,2017 12:28

Ոստիկանության ՊՊԾ գունդը գրաված «Սասնա ծռեր» զինված խմբի անդամների 14-ի գործով դատական նիստում այսօր քննարկվեց դատավոր Արտուշ Գաբրիելյանի ինքնաբացարկի հարցը: Ամբաստանյալների պաշտպանները պնդեցին, որ դատավորը պետք է ինքնաբացարկ հայտնի, քանի որ նախորդ նիստերից մեկում երբ նա նստած էր նիստերի դահլիճում, դատարանի շենքում ոստիկանները ծեծել են ամբաստանյալներից մի քանիսին, այդ թվում՝ Արայիկ Խանդոյանին:

«Դահլիճում կրկին ներկա է Խանդոյանին ծեծած փոխգնդապետ Ղազարյանը: Հավանական է, որ Խանդոյանը կրկին ծեծի եւ խոշտանգումների կենթարկվի: Ծեծի ձայներ էին գալիս, մինչդեռ դուք դահլիճում նստած ոչինչ չէիք ձեռնարկում: Այս հիմքով, կարծում եմ, որ դուք չեք կարող այս գործով արդարադատություն իրականացնել: Դուք կողմնակալ եք եւ կաշկանդված»,- դատավորին ասաց Արայիկ Խանդոյանի պաշտպաններից Արա Ղարագյոզյանը:

Պաշտպաններից Լուսինե Սահակյանը պնդեց, որ նշյալ ոստիկանը կասկածյալի կարգավիճակում է եւ իրավունք չունի առնչվել տուժողի հետ:

Դատավորը, սակայն, համարեց, որ այս պահին խոշտանգումների մասին հայտարարություններ անելն անիմաստ է, նման վտանգ չկա:

Պաշտպանները նաեւ դժգոհեցին, որ ամբաստանյալներից Արայիկ Խանդոյանը եւ Գագիկ Եղիազարյանը սանկցիայի են ենթարկվել եւ հեռացվել նիստերի դահլիճից: Պաշտպանները պահանջեցին ապահովել նրանց ներկայությունը:

Ամբաստանյալ Պավլիկ Մանուկյանը բղավեց, որ դատավորը գործի արդար քննություն չի իրականացնում. «Պահանջում եմ ընկերներիս: Նրանց խոշտանգվելուց հետո չեմ տեսել: Ափսոսում եմ ձեզ, դատավոր»:

Դատավորը կրկին ընդմիջում հայտարարեց, արդեն երկրորդ անգամ:

 

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31