Լրահոս
Օրվա լրահոսը

«Ստեղծարար Հայաստանը» կատարեց իր առաքելությունը (Ֆոտոշարք)

Հուլիս 12,2017 12:21

Հունիսի 9-ին Կոմիտասի թանգարան- ինստիտուտում բացվեց «Ստեղծարար Հայաստան» ֆորումը: ԵՄ Արևելյան գործընկերության «Մշակույթ և ստեղծարարություն» ծրագրի թիմի ղեկավար Թիմ Ուիլյամսը բացման խոսքում նշեց, որ ապրում ենք մի ժամանակաշրջանում, երբ մեխանիզացիան ազդում է բոլոր ոլորտների վրա, իսկ Օքսֆորդի համալսարանի հետազոտություններն էլ փաստում են, որ մինչեւ 2035 թ աշխատանքների մեծ մասը մեքենաներն են անելու: Հետեւաբար, պարոն Ուիլյամսի խոսքով, ապագան պահանջում է նորարարություն: «Անհրաժեշտ են ստեղծարար մարդիկ, մշակույթն էլ պետք է ինտեգրել ժամանակակից տնտեսության մեջ: Տնտեսության բոլոր ոլորտներին անհրաժեշտ են ստեղծարար մարդիկ: Հայաստանը նման մարդիկ ու տաղանդներ շատ ունի»,- հայտնեց Թիմ Ուիլյամսը:

Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավարի տեղակալ Գրեգորի Ցուրիսը նշեց, որ Հայաստանում հետաքրքրություն կա թեմայի վերաբերյալ, իսկ ստեղծարար արդյունաբերությունը կարեւոր տեղ է զբաղեցնում ապագա զարգացման համատեքստում: Նա նշեց, որ արդեն մի քանի տարի է Եվրոպական հարեւանության քաղաքականության մասնակից երկրներում հնարավորություն է ստեղծվում փորձի փոխանակման համար:

Հայաստանում ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավարի տեղակալի ձեւակերպմամբ, Երեւանում եւ Հայաստանի մարզերում զարգացման ներուժ կա, ընդ որում ստեղծարար ոլորտի մարտահրավերները նման են այլ ոլորտների մարտահրավերներին` իրավական դաշտ, մեխանիզմներ, առաջարկի եւ պահանջարկի անհամապատասխանություն, ինչը նաև կրթական համակարգի խնդիր է:

ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարի տեղակալ Էմիլ Տարասյանը նկատեց, որ գլոբալ տնտեսական աճը 5 %-ից նվազել է 2-2,5 %-ով, նաև արտադրողականության անկում է գրանցվել: Նրա համոզմամբ, Հայաստանի տնտեսության հիմքում եւս պետք է լինի ստեղծարար ներուժը, մանավանդ նման հնարավորություն շատ ունենք: Փոխնախարարը փաստեց, որ պետական հատվածն այսօր ամենաքիչն է ասոցացվում ստեղծարարության հետ, մինչդեռ նրա ձեւակերպմամբ, հարկավոր է, որ երազանքի հետեւից գնացող մարդն իրեն լավ զգա:
ՀՀ մշակույթի նախարարության արտաքին կապերի վարչության պետ Լուսինե Քարամյանը նշեց, որ ՀՀ մշակույթի նախարարությունը խթանում է մշակութային ստեղծարարությունը: Նաև ուրախությամբ փաստեց, որ ԵՄ ԱԳ «Մշակույթ և ստեղծարարություն» ծրագրի «Ստեղծարար քաղաքներ և մարզեր» նախաձեռնության շրջանակում Սիսիանն ընտրվել է որպես հաղթող:

Ի դեպ, ծրագրին մասնակցելու համար դիմել էր 14 մարզային քաղաք և մարզ:

«Ստեղծարար քաղաքներ և մարզեր» նախաձեռնության նպատակն է օգնել մարզային քաղաքներին զարգացնել իրենց ստեղծագործական ներուժը:

Նա նաեւ հավելեց, որ Հայաստանը Ստեղծարար Եվրոպային մաս կազմելու փուլում է և ցանկություն կա աշխատել Արեւելյան գործընկերության երկրների հետ:

ԵՄ Արևելյան գործընկերության «Մշակույթ և ստեղծարարություն» ծրագրի Արևելյան Գործընկերության տարածաշրջանում ստեղծարար արդյունաբերության զարգացման զեկույցի հեղինակ Քրիստինա Ֆարինհան էլ (Պորտուգալիա) ներկայացրեց Հայաստանում ստեղծարար արդյունաբերության վերաբերյալ կատարած ուսումնասիրության հիմնական արդյունքները եւ առաջարկությունները:

ԵՄ՝ Արևելյան գործընկերության «Մշակույթ և ստեղծարարություն» ծրագրի շրջանակում Հայաստանում ստեղծարար ոլորտում ներգրավված մասնագետներն ու քաղաքականություն մշակողները, կառավարության ներկայացուցիչները և գործարարները միավորվեցին «Ստեղծարար Հայաստան» ֆորումի շրջանակում ՝ քննարկելու ստեղծարար ոլորտի զարգացման հեռանկարները Հայաստանում: Ապա քննարկումների ու ներկայացրած գաղափարների միջոցով ֆորումի մասնակիցները ուրվագծեցին ոլորտի ներուժի զարգացման հնարավորությունները և մատնանշեցին խոչընդոտների վերացման ուղղությունները: «Ֆորումի ընթացքում կներկայացվեն Հայաստանում ստեղծարար արդյունաբերության վերաբերյալ կատարած ուսումնասիրության արդյունքները, կքննարկվեն եվրոպական փորձը և Հայաստանում արդեն իսկ հաջողություններ գրանցած մասնագետները կպատմեն իրենց ձեռքբերումների մասին: Այս ամենը հնարավորություն կտա ամբողջական տեսնել Հայաստանում ստեղծարար ոլորտի զարգացման հեռանկարները»,- ասաց ծրագրի ազգային համակարգող Նորայր Երզնկյանը:

 Ստեղծարար մարդու մեծագույն թշնամին մեկուսացած լինելն է

Մշակութային եւ ստեղծարարության հարցերով խորհրդատու, «Քորդի Ուիլս» գործընկերության անդամ, ստեղծարար արդյունաբերությունների զարգացման նախկին գործադիր տնօրեն Անամարիա Ուիլսը (Միացյալ Թագավորություն) հիշում է, որ 20 տարի առաջ ստեղծարար ոլորտի ներկայացուցիչներին քաղաքական ու տնտեսական գործիչները չէին էլ նկատում, իսկ այժմ լրջորեն հաշվի են նստում նրանց հետ: Նա նաև Սինգապուրի օրինակը բերեց, որտեղ այսօր արդեն իր ձևակերպմամբ, «դույլերով փող են լցնում ստեղծարար ոլորտի մեջ»: Անամարիա Ուիլսն ասում է, որ ստեղծարար ոլորտը կարևոր դերակատարություն ունի, քանի որ այն տարածվում է մյուս ոլորտների վրա: Նրա խոսքերով, ստեղծարար գործչի մեծագույն թշնամին մեկուսացված լինելն է, իսկ ստեղծարարության մեջ ներդրումները պետք է ավելի վաղ փուլում կատարվեն, ոչ թե բուհում, պետք է միշտ կենդանի պահել ստեղծարար բնազդը:

«Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի տնօրեն Մարի Լու Փափազյանը ներկայացրեց իրենց փորձը, կարևորեց երեխաների համար համապատասխան մթնոլորտի ստեղծումը, նաեւ շեշտեց, որ բոլոր երեխաները հատուկ են:

Սոլոն գործընկերության գլխավոր բաժնետեր “Wise Guys and GameFounders” ստարթափի խորհրդատու, ստեղծարար գործարար զարգացման, ռիսկային կապիտալի և հովանավորային ներդրումների փորձագետ Իրյո Օյասարը (Էստոնիա) փաստում է, որ մշակույթի ոլորտում խաղային արդյունաբերությունն ավելի մեծ շահույթ է բերում, քան Հոլիվուդի ֆիլմերը ու բոլոր հրատարակված գրքերը միասին: Նա նաեւ կարծում է, որ մինչեւ 2020 թ մարդիկ գնելու են հաճախորդի փորձառությունը, պարզապես լավ վաճառելու համար այն պետք է ճիշտ փաթեթավորել:

«ԱՅ ԷՅ ԲԻ» բիզնեսի միջազգային ակադեմիայի համահիմնադիր, տնօրեն, Ստեղծարար Հայաստան ֆորումի համակարգող Արաքսյա Մարտիրոսյանը նշեց, որ հաճախ բարձր որակավորված մասնագետները չեն գտնում իրենց տեղը եւ լքում են երկիր, դրա համար անհրաժեշտ է ստեղծել նոր կազմակերպություններ, աջակցել նրանց նախագծերին եւ ստեղծարար ստարթափերին:

BetConstruct ընկերության գործադիր տնօրեն, DiVine ընկերությունների խմբի համահիմնադիր Վահե Բալուլյանը կարծում է, որ Հայաստանում ամենամեծ խնդիրը անհրաժեշտ գիտելիքի պակասն է եւ գաղափարը ճիշտ ներկայացնելը, ABBYY ընկերության տվյալների ներմուծման ապրանքատեսակների դեպարտամենտի տնօրեն Արամ Փախչանյանն էլ համոզված է, որ Հայաստանում ստեղծարար մարդկանց սով կա: Բոլորն էլ մեկ հարցում համակարծիք են` պետք է ստեղծարար հանգույցներ ստեղծվեն եւ ստեղծարար համայնքներն ակտիվանան:

 Բիզնես առաջնություն եւ ստեղծարար հրավառություն` «Այբ»-ում

Հունիսի 10-ին եւ 11-ին «Ստեղծարար Հայաստան» ֆորումի աշխատանքները շարունակվեցին «Այբ»-ում: Այստեղ անցկացվեց բիզնես առաջնությունը, որին մասնակցեց 53 թիմ, 20 մենթոր և ժյուրիի 7 անդամ:

Creative Armenia բիզնես առաջնության նպատակն էր խթանել ստեղծարարության ու մշակույթի զարգացումը, սերմանել ձեռնարկատիրական մտածելակերպ և տրամադրել ռեսուրսներ ու մենթորություն ամենանորարարական ստարթափներին: Ծրագրի հիմնական նպատակներից էր թիմերին դեպի շուկա արագ մուտք ապահովելը: Այն անհրաժեշտ կառուցվածքային հիմք տրամադրեց կենսունակ բիզնես մոդել ստեղծելու համար: Բիզնես առաջնությունը հնարավորություն տվեց բացահայտել թիմի անդամների՝ թիմային աշխատանք կատարելու, ստարթափում իրենց տաղանդը ներդնելու և բիզնես մոդելը կյանքի կոչելու ունակությունը:

Աշխատանքների մեկնարկին Նորայր Երզնկյանը խոստացավ, որ 48 հետաքրքիր ժամ է լինելու 2 օրվա ընթացքում, իսկ «ԱՅ ԷՅ ԲԻ» բիզնեսի միջազգային ակադեմիայի համահիմնադիր, տնօրեն, Ստեղծարար Հայաստան ֆորումի համակարգող Արաքսյա Մարտիրոսյանն էլ հայտնեց. «53 թիմ է գտնվում այստեղ, սպասում ենք ստեղծարարություն, քրտնաջան աշխատանք, պետք է լինենք դինամիկ, ակտիվ, ինքներդ փնտրեք ձեզ անհրաժեշտ ռեսուրսները, օգտվեք միջազգային մենթորների խմբի աջակցությունից»:

Սոլոն գործընկերության գլխավոր բաժնետեր “Wise Guys and GameFounders” ստարթափի խորհրդատու, ստեղծարար գործարար զարգացման, ռիսկային կապիտալի և հովանավորային ներդրումների փորձագետ Իրյո Օյասարը (Էստոնիա) նշեց, որ Հայաստանում կազմակերպված բիզնես-առաջնությունը հենց այն է, ինչի համար ուզում էր ծախսել իր ժամանակը. «Այսքան խելացի մարդ մեկ վայրում, ուղղակի անհավանական է»:

Նա խորհուրդներ տվեց, օրինակ` հետևյալը. «Միայնակ հնարավոր չէ հաջողության հասնել, ինչպես սպորտում, դու պետք է լավ թիմ ունենաս, նաեւ պետք է կարողանաս ճիշտ ներկայացնել դիմացինին, թե ինչ ես ցանկանում անել: Ընդ որում միայն թիմը բավարար չէ, պետք է խաղի պլան ունենաս, ինչպես սպորտում…Ընդ որում, եթե միլիարդատեր չես դառնում, դա չի նշանակում, թե դու ձախողվել ես, եւ եթե քեզ դուր է գալիս քո աշխատանքը, լավ գործ ես անում քո երկրի համար, ուրեմն այդտեղ պարտվել չկա»:

«Հաջողակ լինելու համար պետք է մոռանալ վախը»

Հարվըրդի համալսարանի դասախոս եւ մենթոր Մայքլ Մըքքարտին խորհուրդ տվեց պատրաստ լինել մարտահրավերներին եւ կողմ լինել փոփոխություններին. «Օրինակ` ես իմ ուսանողներին ասում եմ, որ երկու անգամ ավելի շատ ականջներ ունեցեք, քան բերան, այսինքն` ավելի շատ լսեք, քան խոսեք…Հաջողակ լինելու համար պետք է մոռանալ վախը, ամեն օր փոքր չափաբաժնով ռիսկի դիմել, որ հետո մեծ ռիսկի պատրաստ լինել:

Մայքլ Մըքքարտին կոչ արեց թիմակից ընտրելիս երկվորյակին չընտրել, այլ ընտրել մեկին, ով կիսում է նույն արժեքները` ճշտապահություն, ազնվություն եւ այլն:

Նա պատմեց, որ իր առաջին բիզնեսը սկսելիս ծախսել է ընդամենը $125, սակայն 10 տարի հետո 250 միլիոն գումար է կառավարել: «Եթե բյուջե չունեք, շատ բան կարող եք անվճար անել, բայց երբեք անվճար չտաք ձեր բաժնետոմսերի անգամ փոքր տոկոսը:

 

Նկարչուհի, դիզայներ Արեւ Պետրոսյանը բիզնես առաջնության մասնակիցներից է:

Նրա ձեւակերպմամբ, սա բացառիկ հնարավորություն էր մարդկանց սովորեցնել մտքերը ճիշտ ձեւակերպելու, ծրագրեր գրելու, նոր ստարտափ ծրագրերի սկիզբ դնելու: «Ես ողջունում եմ այս նախաձեռնությունը եւ հույս ունեմ, որ այն շարունակական կլինի, որովհետեւ եւ մասնակիցներն էին բարձրորակ եւ ոգեւորությունն էր մեծ: Երկու օրերը յուրօրինակ դասընթաց դարձան մեր գաղափարները ամբողջական բիզնես ծրագրի վերածելու առումով, եւ անկախ նրանից` ով էր հաղթողը, պրոցեսն էր հետաքրքիր: Կարծում եմ Հայաստան նման մարդկանց ավելի հաճախ պետք է հրավիրել: Ինքս լինելով նկարչուհի, կարողացա իմ որոշ մտքեր, որոնք կապված են ոչ թե արվեստի հետ, ճիշտ ընկալել եւ կյանքի կոչել»,-հայտնեց մեր զրուցակիցը:

 Հաղթողները եւ «Ստեղծարար Հայաստանի» 7 լավագույն ստարթափերը

«Ստեղծարար Հայաստան» բիզնես առաջնության նպատակն էր խթանել ստեղծարարության ու մշակույթի զարգացումը՝ որպես կենսամակարդակի բարձրացման գործիք Հայաստանում, սերմանել ձեռնարկատիրական մտածելակերպ և ստեղծարար մասնագետներին ապահովել նոր նախագծերի կամ փոքր բիզնեսների զարգացման մեթոդներով։

111 կրեատիվ գաղափարներից առաջնության մասնակցության համար ընտրված լավագույն 53 նախագիծ ներկայացրած թիմերն աշխատեցին իրենց առաջարկների վրա` մենթորների ղեկավարությամբ, որոնց խնդիրն էր աջակցել ստարթափների մրցունակ բիզնես մոդելների ստեղծմանը:

Երկօրյա համատեղ աշխատանքի արդյունքում ընտրվեց 7 թիմ, որոնցից յուրաքանչյուրն իր մշակած բիզնես մոդելը ներկայացրեց գործարարներից և մշակույթի ոլորտի փորձագետներից կազմված ժյուրիի դատին, ինչից հետո ժյուրին ընտրեց 3 հաղթող թիմերին։

Առաջին տեղում է «Թոնիր» հարսանեկան գյուղը

Մրցանակը՝ 500.000 դրամ էր` «Այբ» դպրոցի կողմից։

Նախագիծը երիտասարդ զույգի մտահղացումն է։ Ցանկանալով ամուսնանալ հայկական ավանդական ոճով և չգտնելով որևէ կազմակերպություն, որ կմատուցի նման ծառայություն, երիտասարդները որոշել են Սյունիքում ստեղծել հարսանեկան գյուղ, որտեղ հյուրերը կկարողանան մի քանի օր անցկացնել բնության գրկում, վայելել հայկական ավանդական խաղերը, ճաշատեսակները, երգն ու պարը, ինչպես նաև կարճ շրջայցեր կատարել դեպի տեսարժան վայրեր։ Ըստ հեղինակների՝ նախագիծը ոչ միայն յուրահատուկ ծառայություն կմատուցի ցանկացողներին, այլև կաշխուժացնի տեղական համայնքի կյանքը և տնտեսությունը։

Երկրորդ տեղում «Այլ կերպ» սեղանի խաղերն են

Մրցանակը՝ երեք ամսվա ակսելերացիոն ծրագիր` Biz nest ձեռնարկատիրական կենտրոնի կողմից էր։

«Այլ կերպ»-ն առաջարկում է ժամանակ անցկացնել ընտանիքի և ընկերների հետ, կախված չլինելով համացանցի հասանելիությունից կամ մարտկոցներից։ Ընկերության սեղանի խաղերն ուղղված են հայերեն լեզվի բարելավմանը և քարոզում են կենդանի շփում։ Երկու տարվա ընթացքում «Այլ կերպ»-ը վաճառել է շուրջ 8000 օրինակ խաղ։ Այժմ ստարթափը պատրաստվում է մուտք գործել վրացական շուկա։

 Busticks-ը երրորդ տեղում է

Մրցանակը «Բյուրո» համատեղ աշխատանքային տարածքում մեկ ամիս անվճար աշխատելու հնարավորությունն է։ Busticks-ն առաջարկում է ավտոբուսային տուրեր Հայաստանի, Վրաստանի և Թուրքիայի տեսարժան վայրերով։ Պատվերները կատարվում են հեռախոսային հավելվածի միջոցով։ Օգտատերը թողնում է իր դիմումը և ստանում շրջայցի առաջարկ՝ լավագույն գներով։

Ololo-ն ինտերակտիվ շրջիկ տիկնիկային թատրոն է, որի ներկայացումներին կարող են մասնակցել երեխաներ՝ սկսած նախադպրոցական տարիքից։ Թիմում երեք դերասան և հիմնադիրներ են։ Ըստ թիմի մտահղացման՝ ներկայացման ընթացքում երեխաները կարող են մոտենալ բեմին և փոխել, թե հեքիաթի ընթացքը, թե դեկորացիաները և հարաբերվել հերոսների հետ։ Ակնկալվում է, որ նախագիծը կարող է նաև սոցիալական նշանակություն ունենալ՝ մատուցելով ուսուցողական նյութ և ներգրավելով խոցելի խմբերին պատկանող երեխաներին։

Motion stories-ի թիմը նախատեսում է պատմություններ պատմել նկարների միջոցով, որի համար նրանք առաջարկում են ստեղծել հարթակ, որտեղ յուրաքանչյուրը կկարողանա ներբեռնել իր նկարները ցանկացած հերթականությամբ և հավելվածի տրամադրած գործիքների միջոցով «կենդանացնել», այսինքն՝ շարժվող տարրերով հարստացնել նկարները։ Բացի դրանից, հարթակը ենթադրում է հղումների համակարգ ունենալ, որը կկապի պատմությունները՝ ըստ թեմայի կամ բառի և հնարավորություն կտա նավարկել միմյանց հետ տրամաբանորեն կապված պատմություններով։ 

Own and share հեծանիվների ավտոմատացված վարձակալության համակարգի տարբերությունն այլ նմանատիպ ծառայություններից այն է, որ օգտատերը կարող է սեփական հեծանիվը ներմուծել համակարգի մեջ։ Հեռախոսային հավելվածի շնորհիվ՝ յուրաքանչյուր ոք կկարողանա համակարգում գրանցած հեծանիվներից գտնել իր շրջակայքում կայանած հեծանիվը, օգտվել դրանից և թողնել ցանկացած վայրում։ Նախագծի գլխավոր բաղադրիչը հատուկ էլեկտրոնային կողպեքն է, որը կառավարվում է նույն հավելվածի օգնությամբ և ապահովագրում օգտատիրոջ հեծանիվն առևանգումից։

 

 GoToConcert նախագիծը ենթադրում է համերգների նախնական պլանավորման հարթակի ստեղծում։ GoToConcert-ի օգնությամբ համերգների կազմակերպությամբ զբաղվող ցանկացած ոք հնարավորություն կունենա կազմել առցանց հարցաշար, որպեսզի պարզի, թե որ արտիստը կամ խումբը պահանջարկ ունի հանդիսատեսի շրջանակում։ Համակարգը թույլ կտա կատարել նաև տոմսերի նախնական վաճառք։

Առաջնության ընթացքում, բացի մենթորական աջակցությունից, կիսաեզրփակիչ փուլ անցած 25 թիմը նաև ոլորտի առաջատար մասնագետներից մեկի՝ Մայքլ Մըքքարթիի վարպետության դասին մասնակցելու հնարավորություն ստացավ։ Գործարարության, առաջատարության և հանրային խոսքի դասընթացների հեղինակ Մաքքարթին սովորեցրեց, թե ինչպես է պետք գաղափարը ներկայացնել հրեշտակ ներդրողներին։

Թեև առաջնությունը չէր ենթադրում ներդրողների հետ կապի հաստատում հենց միջոցառման ընթացքում, ստարթափերից մի քանիսն արժանացան ժյուրիի անդամների ուշադրությանը և նախագիծը քննարկելու առաջարկներ ստացան։ Բացի այդ, մասնակիցներից ոմանք, ծանոթանալով միմյանց գաղափարներին, հետագայում համագործակցելու հնարավորություններ բացահայտեցին։

Պատրաստեց Գոհար ՀԱԿՈԲՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31