Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցությունն իր խոր անհանգստությունն է հայտնում վերջին օրերին Ադրբեջանի սանձազերծած սադրիչ գործողությունների վերաբերյալ միջազգային հանրության, մասնավորապես, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների պաշտոնական ներկայացուցիչների չեզոք հայտարարությունների հետ կապված: Միջնորդ պետությունների անհասցե, առանց կոնկրետ գործողությունների կեցվածքն ազատում է պաշտոնական Բաքվի ձեռքերն ու հնարավորություն տալիս Արցախի Հանրապետության և Ադրբեջանի շփման գծի ողջ երկայնքով իրականացնել իրավիճակն ապակայունացնող ռազմական գործողություններ, որի հետևանքով գրեթե անհնարին է դառնում այս երկրի հետ ցանկացած բանակցություն: Նմանատիպ ահաբեկչական գործողությունները հղի են ամենաանկանխատեսելի հետևանքներով, որի անմիջական պատասխանատվությունը կրում է ոչ միայն պաշտոնական Բաքուն, այլ նաև միջնորդ երկրները՝ խնդրին ուղիղ և հասցեական չմիջամտելու և ալիևյան ռեժիմին չզսպելու համար:
Միևնույն ժամանակ Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցությունն անընդունելի է համարում մեր ռազմավարական դաշնակից Ռուսաստանի Դաշնության կողմից Ադրբեջանին զենք վաճառելու հերթական խոշոր գործարքը, որը բացարձակապես անհասկանալի է՝ հաշվի առնելով հայ-ռուսական հարաբերությունների ներկա բարձր մակարդակն ու արդարացի զայրույթ է առաջացնում մեր հասարակությունում:
Ադրբեջանին զինելու ռուսաստանյան այս քաղաքականությունը ոչ միայն ուղիղ վնասում է հայ-ռուսական հարաբերություններին, այլ նաև մեծ հարցականի տակ է դնում տարածաշրջանում կայունություն և խաղաղություն հաստատելու ցանկացած հեռանկար:
Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության Հայաստանի վարչություն
12.07.2017 թ.