Լրահոս
Օրվա լրահոսը

Էդուարդ Շարմազանով. Համանախագահները ևս պետք է հարգեն իրենց միջնորդությամբ արված պարտավորությունները

Հուլիս 12,2017 11:53

«Չեմ կարծում, որ այս հանդիպումը շատ լուրջ որեւէ բան է փոխում: Բանակցային գործընթացում առաջընթաց` ես չէի ասի: Դրական տեղաշարժ, միգուցե, քանի որ ևս մեկ հանդիպում է նախատեսվում Նյու-Յորքում, ապա, այս տարվա ընթացքում նաեւ նախագահների հանդիպում է նախատեսվում: Բայց նախագահների հանդիպումը շատ լուրջ հանդիպում պիտի լինի: Չեմ ուզում կատեգորիկ բաներ ասել, բայց եթե համանախագահներին չի հաջողվում Ադրբեջանին բերել կառուցողական դաշտ`ի՞նչ պիտի խոսեն նախագահները: Հայկական կողմը երբեք չի հրաժարվի հանդիպումներից, հայկական կողմը հարգում է իր պարտավորությունները: Կարծում եմ, համանախագահներն էլ պետք է հարգեն այն պարտավորությունները, որոնք Վիեննայում եւ Սանկտ Պետերբուրգում արվել են իրենց միջնորդությամբ»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը`մեկնաբանելով երեկ երեկոյան կայացած ՀՀ եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպումը:

«Հայկական կողմը ևս մեկ անգամ վերահաստատեց Վիեննայում եւ Սանկտ-Պետերբուրգում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման անհրաժեշտությունը: Համանախագահները չգիտեմ, ճնշո՞ւմ են գործադրում Ադրբեջանի վրա, թե ի՞նչ են անում, բայց պետք է հարգեն իրենց պարտավորությունը: Ադրբեջանն ամեն ինչ փորձում է անել`այդ պարտավորությունները չկատարելու, նոր էսկալացիա ստեղծելու, նոր սաբոտաժ եւ շանտաժ անելու համար»,- հավելեց նա:

Նկատենք, ՀՀ ԱԳՆ-ի տարածած պաշտոնական հաղորդագրության մեջ ասվում է. «Հանդիպմանը շարունակվեցին ղարաբաղյան կարգավորման բանակցային գործընթացն առաջ մղելու նպատակով համապատասխան պայմանների ստեղծման շուրջ քննարկումները: Էդվարդ Նալբանդյանը ընդգծեց շփման գծում իրավիճակի կայունացման անհրաժեշտությունը ու այդ նպատակով շեշտեց Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի գագաթաժողովներին ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործումը»: Որեւէ խոսք չկա Ադրբեջանի արտաքին գործերի նախարարի արձագանքի կամ դիրքորոշման մասին:

«Ադրբեջանցիները դեռեւս ապակառուցողական են տրամադրված»,- բացատրում է Էդուարդ Շարմազանովը`հավելելով, որ այս հանդիպումից հետո, սեպտեմբերին, Նյու-Յորքում, ԱԳ նախարարների ևս մեկ հանդիպման մասին պայմանավորվածությունը խոսում է այն մասին, որ հանդիպումներն ավելի լավ են, քան չհանդիպելը: «Բայց, սա նաեւ փաստում է`Ադրբեջանը դեռեւս շարունակում է գործնականում մերժել Վիեննայի եւ Սանկտ-Պետերբուրգի պայմանավորվածությունների իրականացումը: Հայաստանը գնալով կոշտացնում է իր դիրքորոշումը եւ շատ ճիշտ է անում: Բայց այստեղ միջազգային հանրությունը պետք է գիտակցի`հանդիպել միայն հանդիպումների համար, հանդիպումներ, գագաթաժողովներ կազմակերպելը… Մենք, իհարկե, խաղաղ բանակցություններին կողմ ենք եւ խնդրի կարգավորումը տեսնում ենք բացառապես բանակցային ճանապարհով, բայց առանց Վիեննայի եւ Սանկտ-Պետերբուրգի պայմանավորվածությունների իրականացման, առաջընթաց հնարավոր չէ արձանագրել: Մինչդեռ ոչ ՀՀ ԱԳՆ-ի պաշտոնական հաղորդագրության մեջ, ոչ ադրբեջանական մամուլում, ադրբեջանական կողմի դիրքորոշման մասին ոչինչ չկա»,- ասաց մեր զրուցակիցը`հիշեցնելով, որ Վիեննայի եւ Սանկտ-Պետերբուրգի պայմանավորվածությունները հաջորդել են ապրիլյան պատերազմին, այդ ժամանակ երեք համանախագահներն էլ նշել են`պարտադիր է 1994-95 թվականների հրադադարի պայմաններին հետեւելը եւ այնուհետ վստահության մեխանիզմների ներդրումը. «Հիմա, եթե վստահության մեխանիզմ չեք ներդնում, չենք իմանում ո՞վ է կրակողը, որ կոնկրետ, հասցեական բան ասեք`ինչի՞ մասին է խոսքը»:

Էդուարդ Շարմազանովը դրական է համարում, որ այս հանդիպումից առաջ, ՌԴ ԱԳ նախարարի հետ հանդիպման ժամանակ Էդուարդ Նալբանդյանը շատ հստակ խոսեց եւ մեկ օր առաջ, ադրբեջանցիների ներկայությամբ նշեց, որ խաղաղ բնակիչների շրջանում զոհերի միակ պատասխանատուն Ադրբեջանն է եւ Ադրբեջանը թաքնվում է խաղաղ բնակիչների թիկունքում:

Ընդհանուր առմամբ, այս հանդիպումից ԱԺ փոխնախագահը հետեւյալ հետեւություններն է անում. «Կարեւոր է, որ հայկական կողմի գիծը հստակ է, որ համանախագահները վճռական են, որ խաղաղ բանակցությունները շարունակվեն, բայց կա նաեւ երրորդ հանգամանքը`դեռեւս չի հաջողվում Ադրբեջանից գործնական քայլեր կորզել`Վիեննայի եւ Սանկտ-Պետերբուրգի պայմանավորվածությունների իրականացման մասով»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31