Նախորդ հրապարակման մեջ անդրադարձել էինք ՀՀ փոխոստիկանապետ Վարդան Եղիազարյանին եւ Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանին պատանդ վերցնելու մանրամասներին: Ինչպես այդ դրվագի, այնպես էլ ՊՊԾ գունդը գրաված զինված խմբի անդամների վերաբերյալ հետաքրքրական մանրամասներ կան նաեւ ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Վարդան Եղիազարյանի ցուցմունքներում, որոնք արտացոլված են մեղադրական եզրակացության մեջ:
Ինչ վերաբերում է իրենց պատանդ վերցնելու դրվագին, ապա Վ.Եղիազարյանի ասածները հիմնականում համընկնում են արդեն հայտնի մանրամասներին: Արժե ավելացնել, որ բանակցելու գնացած բարձրաստիճան ոստիկաններին զինյալները փաստորեն շրջափակման մեջ են վերցրել, իսկ զինված անձանցից մեկը, մոտենալով Վ.Եղիազարյանին, նրա պարանոցին է հպել ինքնաձիգի կրակափողը եւ հրամայել է քայլել դեպի գնդի տարածք: Բացի դրանից.
«Խմբի տարբեր անդամներ իրենց հասցեին հնչեցրել են հայհոյանքներ: Օսիպյանը փորձել է բանակցել նրանց հետ, հանգստացնել լարված իրավիճակը, ապա դիմել է Պավել Մանուկյանին՝ հարցնելով, թե ոստիկանության ծառայողների մեջ կա՞ն արդյոք վիրավորներ կամ զոհեր: Հետո իրենց տեղափոխել են ՀԱԿ-ի մեկ այլ սենյակ, որտեղ նույնպես փորձել են բանակցել զինյալների հետ, սակայն վերջիններս ասել են, որ չեն նահանջելու…»:
Զինված խմբի անդամները նաեւ ժամանակ առ ժամանակ զենքերով սպառնացել են պատանդի վիճակում հայտնված բարձրաստիճան ոստիկաններին: Վարդան Եղիազարյանը նաեւ պատմել է, որ ինքը եւ Վալերի Օսիպյանը «պարբերաբար զինյալների ղեկավարներին համոզել են բաց թողնել ոստիկանության պատանդառված մյուս աշխատակիցներին: Սկզբում հրաժարվել են, սակայն ընթացքում ազատ են արձակել երկու ոստիկանի:
Իրենք իրապես գտնվել են պատանդի կարգավիճակում, քանի որ նախ այդ մասին հայտարարել են զինյալները` իրենց կհանձնեն այն ժամանակ, երբ իշխանությունները կատարեն նրանց պահանջները, բացի այդ, սպառնացել են, որ իրավապահ մարմինների կողմից զինաթափման նպատակով հարձակում ձեռնարկելու ժամանակ իրենք կենդանի թիրախ են դառնալու»:
Այդ ամենից բացի, բավականաչափ ուշագրավ են այս գործով տուժող, ոստիկանապետի տեղակալ Վարդան Եղիազարյանի դիտարկումները զինված խմբի՝ իրեն առավել տպավորած անդամների վերաբերյալ եւ նրանց բնութագրումները: Դա նաեւ թույլ է տալիս պատկերացում կազմել, թե ՊՊԾ գնդի տարածքում զինված խմբի անդամներից ով ինչով է զբաղվել:
Այսպես. «Պավլիկը (Պավլիկ Մանուկյանը) եղել է խմբի ռազմական ղեկավարը, որը համակարգել եւ ղեկավարել է զավթված տարածքների, շենքերի զինվորական պահպանության գործողությունները: Սկզբում նա է բանակցել ԱԱԾ աշխատակցի հետ, իսկ հետագայում՝ Մխիթարը: Պավելն իրեն դրսեւորել է ֆիդայու կերպարով, անվերջ պահանջել է իշխանափոխություն:
Մխիթար Ավետիսյանն, իր կարծիքով, եղել է խմբի իրական ղեկավարը, որը Պավելից ավելի շատ հեղինակություն է վայելել եւ ազդեցություն է ունեցել խմբի մեծահասակների եւ երիտասարդների շրջանում: Գործնականում Պավելի հետ կազմակերպել է զավթված տարածքի գրագետ պահպանությունը՝ ռազմական տեսանկյունից:
Պատանդների վրա հսկողությունը ղեկավարել է Արեգ Կյուրեղյանը, իրենք պարտավոր են եղել կատարել նրա պահանջները եւ իրենց հսկող մյուս զինյալները ենթարկվել են նրա կարգադրություններին, դրսեւորել է սառնասիրտ եւ լկտի պահվածք: Սերգեյ Կյուրեղյանը եղբոր՝ Արեգի համեմատությամբ ավելի հանգիստ է եղել:
Երիտասարդական թեւի լիդերն Էդվարդ Գրիգորյանն էր, լոռեցի երիտասարդներին ղեկավարել է Արմեն Լամբարյանը: Նա լոռեցիների շրջանում հեղինակություն է վայելել, վարժ տիրապետել է զենքին եւ առաջինը նա է փորձարկել զենքերը:
Վարուժան Ավետիսյանն իրականացրել է միայն գաղափարախոսական գործառույթ եւ զբաղված է եղել ինտերնետով եւ հեռախոսով հաղորդագրություններ տարածելով, զրույցներ վարելով: Վարուժանը եղել է խմբի գաղափարախոսական եւ իրավական առաջնորդը:
Ղեկավարման իմաստով դերակատարություն է ունեցել նաեւ Թորոս Թորոսյանը: Միանձնյա ղեկավար չի եղել:
Զինյալների կուռքը եղել է Ժիրայր Սեֆիլյանը, որին բոլորն անթաքույց ընդունել են որպես լիդերի, առաջնորդի: Պատանդառված շարքային ոստիկանների մոտ զինյալներն արտահայտվել են, որ սպանելու են Վալերի Օսիպյանին, ինչը վերջինս իրական էր ընկալել»:
«Մարտիրոս Հակոբյանը ժամանակ առ ժամանակ ինքնաձիգից կրակ է արձակել մոտակա բնակելի տների տանիքների ուղղությամբ` բացատրելով, որ այնտեղ տեսել է ոստիկանության նշանառուների, լկտի, վճռական տրամադրված, ոչ ադեկվատ, բռնկվող անձի տպավորություն է թողել, ագրեսիվ է տրամադրված եղել Վալերի Օսիպյանի նկատմամբ եւ անընդհատ սպառնացել է նրան:
Գեւորիկ Իրիցյանը հոգեկան անհավասարակշիռ, ամեն քայլի ընդունակ անձի տպավորություն է թողել, որը կրակել է իրավապահ մարմինների աշխատակիցների ուղղությամբ, մշտապես գտնվել է ՀԱԿ-ի հարեւանությամբ գտնվող շինության տանիքում, ինքնաձիգով հսկել է Խորենացու փողոցի շարժը եւ կրակել շրջակա շենքերի տանիքներում գտնվող նշանառուների ուղղությամբ:
…Սմբատ Բարսեղյանը ոչ ադեկվատ պահվածքով մարդու տպավորություն է թողել: Սեդրակ Նազարյանը անմակարդակ, ինքնամփոփ եւ վտանգավոր անձնավորություն է, դրսեւորել է սառնասիրտ եւ լկտի պահվածք: Նույնատիպ սառնասիրտ եւ վճռական պահվածք է դրսեւորել Արմեն Բիլյանը, որը գնդի տարածք էր մտել իր «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենայով: Աշոտ Պետրոսյանը եւս դրսեւորել է սառնասիրտ, լկտի եւ ակտիվ պահվածք:
Ստեփան ՊՈՂՈՍՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» օրաթերթի այսօրվա համարում