«Կարմիր գծերը» քաղաքապետարանին հանձնելուց հետո դրանց սպասարկումն իրականացնող «Փարկինգ սիթի սերվիս» ընկերությունը օրերս բջջային հաղորդագրություններով հերթական «աչքալուսանքն արեց» վարորդներին։ Տեղեկացվեց, որ օգոստոսի 1-ից այդ վճարովի կայանատեղիների համար հաղորդագրությամբ վճարելու դեպքում դրանց վարձը կթանկանա՝ 1 ժամ կայանելու համար նախկին 100 դրամի փոխարեն կազմելով 149 դրամ, իսկ մեկ օր կայանելու համար նախկին 500 դրամի փոխարեն՝ 748 դրամ:
Քաղաքապետարանը հիշեցրել էր, որ SMS հաղորդագրությունների միջոցով գումարի գանձման ձեւաչափը ի սկզբանե նախատեսվել էր որպես ժամանակավոր լուծում՜՝ մինչեւ տերմինալների տեղադրումը: Ինչը, ի դեպ, ըստ «Վարորդի ընկեր» հասարակական կազմակերպության համահիմնադիր, «Ելք» դաշինքի ավագանու անդամ ՍԵՐԳԵՅ ՂԱՀՐԱՄԱՆՅԱՆԻ՝ անհնար է տերմինալների սահմանափակ լինելու պատճառով. «Քաղաքապետարանի հայտարարությունը, թե կայանատեղիների վարձավճարները չեն թանկացել, իրականում ստահոդ են: Ուրիշ ի՞նչ կերպ կարելի է երեւույթը բնորոշել, եթե վարորդների գրպանին լրացուցիչ ֆինանսական բեռ է ավելացել: Մի՞թե դա թանկացում չէ:
Քաղաքապետարանը հորդորում է վարորդներին վճարումներ կատարել տերմինալներից, եւ այդ դեպքում նրանք ստիպված չեն լինի միջնորդավճար եւ ավելացված արժեքի հարկ վճարել: Բայց նման նախաձեռնությունից առաջ այդ գծերը սպասարկող ընկերությունը քաղաքապետարանի հետ միասին պետք է հոգային յուրաքանչյուր կայանատեղիի մոտ տերմինալ տեղադրելու մասին:
Բայց նման բան չի արվել: Շատ տեղերում տերմինալներ ընդհանրապես գոյություն չունեն, եւ վարորդը վճարում կատարելու համար պետք է մի քանի կանգառ քայլի: Կենտրոն համայնքում դեռ քիչ թե շատ տերմինալներ տեղադրված են: Իսկ ծայրամասային թաղամասերում դրանք հատուկենտ են: Ստացվում է, որ վարորդը մոտակայքում տերմինալ չգտնելով՝ ստիպած է լինելու բջջային հաղորդագրությամբ վճարում կատարել եւ արդեն թանկ գնով:
«Փարկինգ սիթի սերվիսի» պետականացման ժամանակ Երեւանի քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանը շեշտել էր, որ դա ի շահ քաղաքացիների է իրականացվում, եւ ակնկալվում է ծառայությունների գների նվազեցում: Մինչդեռ 6-7 ամիս անց հակառակ երեւույթին ենք ականատես լինում:
Ես սրանում միտում եմ տեսնում. այս քայլով «Փարկինգ սիթի սերվիսը» կպարտադրի վարորդներին միանգամից մեկ կամ գոնե կես տարվա համար վճարումներ կատարել, որոնք միայն տերմինալների միջոցով է հնարավոր՝ «կարմիր գծերի» գլխացավանքից տեւական ժամանակով ձերբազատվելու համար: Դրանով իսկ նրանք ուզում են միանգամից հարստանալ, այլ ոչ թե մեկ ժամվա, օրվա, ամսվա համար կատարած վճարումները կուտակելով:
Բայց այդ դեպքում խախտվում են վարորդների իրավունքները, քանի որ, նախ, մեկ տարվա համար վճարում կատարելով՝ շատ անգամ նրանց չի հաջողվում օգտվել կարմիր կայանատեղիներից՝ դրանց ծանրաբեռնված լինելու պատճառով: Փաստորեն նրանք վճարում են մի ծառայության համար, որից չեն օգտվում:
Բացի դրանից, գիտեք, որ մեկ տարվա համար կատարած վճարումը գործում է մինչեւ տվյալ տարվա դեկտեմբերի 31-ը: Այսինքն՝ եթե հիմա ընթացիկ տարվա համար վճարում արվի, ապա վարորդները կայանատեղիներից կկարողանան օգտվել միայն հինգ ամիս: Իսկ մնացած յոթ ամսվա գումարը կկորչի՝ բոնուս դառնալով քաղաքային իշխանությունների գրպանների համար: Կարծես ամեն ինչ այնպես է հաշվարկված, որ մարդկանց հնարավոր լինի շորթել, եւ դա զարմանալի չէ, որովհետեւ ի սկզբանե այս ծառայությունը ստեղծվել է մարդկանց թալանելու, նրանց գրպանները մտնելու համար՝ ոչնչի դիմաց գումարներ գանձելով»:
Տեղեկացնենք, որ երեկ արդեն «Փարկինգ սիթի սերվիսի» փչած փուչիկը պայթեց, քանի որ բջջային օպերատորներից «ՎիվաՍել-ՄՏՍ»-ը տեղեկացրեց, որ SMS հաղորդագրության միջոցով ավտոկայանատեղիի համար գանձվող գումարի դրույքաչափերի սահմանումն ու դրանց փոփոխումն ընկերության իրավասության շրջանակներից դուրս են:
Միջնորդավճարի ավելացման առնչությամբ ընկերությունը որեւէ նախաձեռնությամբ հանդես չի եկել, եւ նախկինում կնքված պայմանագրի համաձայն՝ այդ ծառայության համար «ՎիվաՍել-ՄՏՍ»-ին վճարվող միջնորդավճարի տոկոսադրույքը մնացել է անփոփոխ:
Սերգեյ Ղահրամանյանը վստահեցնում է, որ բոլոր բջջային օպերատորները վաղ թե ուշ պետք է նման հայտարարությամբ հանդես գան, քանի որ «կարմիր գծերը» շահագործողները փորձել են իրենց կամայականության քավության նոխազ նրանց դարձնել, որպեսզի վարորդների զայրույթը նրանց կողմն ուղղորդեն:
Իսկ երբ բջջային օպերատորը հանդես եկավ հայտարարությամբ, «Փարկինգ սիթի սերվիսը», փորձելով թաքցնել իր անօրինական գործունեությունը, հերթական անգամ մարդկանց գրպանը մտնելու փորձերը, լուրեր տարածեց, թե իրականում ոչ թե բջջային օպերատորներն են թանկացրել միջնորդավճարը, այլ պարզապես նախկինում իրենց կողմից օպերատորներին վճարվող պայմանագրային միջնորդավճարը, ինչպես նաեւ ավելացված արժեքի հարկը ընկերությունը որոշել է վարորդների ուսերին դնել՝ ելնելով իրենց ֆինանսական սուղ վիճակից:
Նման հայտարարությունը ՀԿ-ի համահիմնադիրը անհեթեթություն է համարում՝ հարց հղելով, թե ինչպե՞ս կարող է մի ընկերություն, որը շահութ է ստանում՝ առանց որեւէ ծառայություն իրականացնելու, առանց ներդրումներ անելու, սնանկանալ. «Փարկինգ սիթի սերվիսը» հիմնադրման օրվանից լացուկոծ է անում, թե իրենց բիզնեսը շահութաբեր չէ, մի պահ անգամ լուրեր տարածեցին, թե իբր ընկերությունը փորձում է բիզնեսը վաճառել, սակայն մինչեւ դրանց պետականացնելը ընկերությունը կառչած էր «կարմիր գծերից»: Անգամ հիմա է դրանց սպասարկումն իրականացնում:
Եթե շահավետ, ձեռնտու չէ, ապա ինչո՞ւ չեն ձերբազատվում դրանից կամ ինչու ընդհանրապես չեն վերացնում դրանք»:
Թագուհի ԱՍԼԱՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարդացեք «Հայոց Աշխարհ» օրաթերթի այսօրվա համարում