Վաղը՝ հուլիսի 13-ին Իջեւանում նախատեսված է ՊՆ զորամասի նոր շենքի հանդիսավոր բացում: Հանդիսավոր միջոցառմանը մասնակցելու է ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը: Արարողության ժամանակ զորամասի զինծառայողների մասնակցությամբ կայանալու է զինվորական շքերթ:
Իջեւանից հայտնում են, որ արդեն 4 օր զինվորները շքերթի փորձեր են անում, շարային երթերի մասնակցում: Զինվորներն ասում են, որ այնքան հանդիսավոր երթով անցել են, որ իրենց ոտքերին կոշտուկներ են առաջացել:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ
Իհարկե, դա շատ ողջունելի է, որ նոր զորամաս է կառուցվել և երկիր պաշտպանող զինվորը, մարդավայել պայմաններում կծառայի: Դա պետության սուրբ պարտականությունն է: Այդ կապակցությամբ շքերթներ կազմակերպելու փոխարեն, ավելի լավ է, զինծառայողներին տոնական ընթրիք կազմակերպվեր: Ինչպես որ մեր զինվորն է համեստորեն պաշտպանում մեր երկիրը, այնպես էլ պատերազմող երկրի նախարարը, կարող էր համեստորեն այցելել այդ զորամասը, ընդունել այն և համեստորեն հեռանալ: Նման դրսևորումները ոչ միայն քաղաքական մշակույթի մակարդակի մասին են խոսում, այլ նաև ոչ արդյունավետ աշխատանքի առկայության պարագայում հանրությանը, ղեկավարներին, ամբողջ աշխարհին ի ցույց դնել արվածը և ներկայացնել այն, որպես աշխատանքային սխրագործություն: Վիգեն Սարգսյանը, ինչ խոսք, կիրթ անձնավորություն է, բայց չմոռանանք, որ նա այս համակարգի ծնունդ է և նրա մի մասնիկը: Բայց կարծում եմ, որպես նախարար և քաղաքացի, իր ուղեծրի շառավիղի շրջանակներում, իհարկե, ցանկության և գիտակցման պարագայում, կարող էր փորձ անել կանխելու նման դրսևորումները: