Քրեական գործերի լուսաբանման ժամանակ հաճախ են ամբաստանյալները որպես բողոքի նշան հրաժարվում դատարանի առջեւ ոտքի կանգնել, ենթարկվել դատավորի պահանջներին:
Տարօրինակ է միայն, որ ամբաստանյալը երբ հրաժարվում է ցուցմունք տալ, դա համարվում է նրա իրավունքների իրացման, կամարտահայտության դրսեւորում, իսկ երբ խնդիրը հասնում է ոտքի կանգնելուն, դա դիտվում է անհարգալից վերաբերմունք դատարանի նկատմամբ: Դատարանն էլ որոշում է սանկցիայով պատժել:
Բայց այս մասին չէ, որ ուզում եմ պատմել:
«Ոտքի դատարանն է գալիս»-ի ամենահիշարժան պատմություններից մեկը թերեւս կապված է ՀԱԲ-ի նախկին զինվոր, «Սարի թաղի Վրեժ» անունով հայտնի Վրեժ Ղազարյանի հետ:
Վրեժ Ղազարյանը մեղադրվում էր ապօրինի զենք-զինամթերք պահելու գործով: Եվ քանի որ Վրեժը մոտ ութ անգամ հենց այդ հոդվածով դատարաններում է հայտնվել, 90-ականների վերջին, դատական քննության ժամանակ, նա դատավորի պահանջին՝ «ոտքի դատարանն է գալիս», չենթարկվեց: Վրեժը պահանջում էր, որ չի կանգնի դատարանի բետոնե հատակին, մինչ չբերվի Էրգրի հողը:
Ոչ մի հորդոր չազդեց նրա վրա: Ոչ մի խնդրանք:
Զարմանքս մեծ եղավ, երբ իրոք հաջորդ նիստին տեսա նրա ոտքերի տակ հող էր լցվել:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ