Լրահոս
Օրվա լրահոսը

Նախագահականից զանգահարել էին ԱՄՆ դեսպանին՝ խնդրելով օգտագործել իր ազդեցությունը, որպեսզի այս հավաքները մեղմի. «Հրապարակ»

Հուլիս 12,2017 10:27

ԱՄՆ Թաֆթսի համալսարանի Ֆլետչերի իրավունքի եւ դիվանագիտության դպրոցի միջազգային իրավունքի մագիստրոս Սուրեն Սարգսյանն ուսումնասիրում է ԱՄՆ պետական արխիվային փաստաթղթերը եւ ԱՄՆ նախկին նախագահների անձնական արխիվները։ Ուսումնասիրության շրջանակը հայ-ամերիկյան հարաբերություններն են՝ պաշտոնական եւ ոչ պաշտոնական հանդիպումներ, փակ քննարկումներ, ներքին խոսակցություններ, բանակցություններ եւ այլն։

– Կա՞ն փաստաթղթեր, որտեղ Հայաստանը բացասական կոնտեքստում է դիտարկվում։

– Իհարկե, կան նման փաստաթղթեր, որտեղ ՀՀ իշխանություններին են քննադատում, ասում են, որ սխալ որոշումներ են կայացնում այս կամ այն հարցերում։

Օրինակ՝ 96 թվականի նախագահական ընտրությունների ժամանակ ամերիկյան դիվանագետները վստահ էին, որ Վազգեն Մանուկյանը հաղթում է, եւ հենց այդ բովանդակության հաղորդում էին ուղարկել Պետդեպ։

Հետագայում, ըստ ամերիկյան դեսպանության հաղորդագրության, պարզ է դառնում, որ բոլոր դեսպանները, ովքեր հավաքվել էին Մեծ Բրիտանիայի դեսպանի առանձնատանը՝ հետեւելու ընտրությունների ընթացքին, շոկի մեջ են հայտնվում է, երբ որ Լեւոն Տեր-Պետրոսյանին են տեսնում հեռուստացույցով՝ շամպայնը ձեռքին շնորհավորանքներ ընդունելով։ Ըստ հաղորդագրության, դրանից հետո սկսում են զանգվածային ակցիաներ, նույնիսկ նախագահականից զանգահարում են ԱՄՆ դեսպանին՝ խնդրելով օգտագործել իր ազդեցությունը, որպեսզի այս հավաքները մեղմի։ Ինքը պատասխանում է, թե ինչպե՞ս եք պատկերացնում՝ դուրս գամ դեսպանության պատշգամբ եւ կոչով դիմեմ ժողովրդին, ասեմ՝ միտինգները դադարեցրեք, բռնությունների մի գնացեք եւ այլն։

– Ըստ Ձեզ, Հայաստան-ԱՄՆ հարաբերությունների ամենաանկումային շրջանը ո՞րն է եղել։ Արդյոք մենք կարողացե՞լ ենք ճկուն հարաբերություններ կառուցել ԱՄՆ-ի հետ։

– Հարաբերությունները եղել են շատ բարձր մակարդակի վրա, իհարկե, որոշ կետեր եղել են, երբ հարաբերություններն ընկել են, բայց հիմնականում 25 տարիները կարելի է բնորոշել որպես գործընկերային հարաբերություններ։ Մինչեւ 96 թվականն աներկբա աջակցություն է եղել, այսինքն՝ բոլոր հարցերում աջակցել են, շատ տեղերում աչքերը փակել են, տրամադրել են եւ ֆինանսական աջակցություն, եւ մարդասիրական օգնություն։ 96-ից հետո ինչ-որ բան փոխվել է, որովհետեւ նախագահական ընտրությունների արդյունքներն իրենց չեն գոհացրել, իրենք համարել են, որ մեզ դեպի ժողովրդավարություն են տանում, իսկ մենք շեղվել ենք ժողովրդավարական ճանապարհից։

Սիրան ՀՈՒՆԱՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31