Լրահոս
Օրվա լրահոսը

«Ադրբեջանն ավելի անկանխատեսելի է դարձնում իր քայլերը»

Հուլիս 12,2017 15:30

Ըստ փորձագետի` մեծ ակնկալիքներ չենք
կարող ունենալ Վիեննայում կայանալիք հանդիպումից

Այսօր Վիեննայում կայանալիք Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպման նախօրեին երեկ տեղեկատվություն ստացվեց, որ Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ՝ կից հաղորդագրությունում նշելով, որ Ռուսաստանից ստացել են զինտեխնիկայի եւ զինամթերքի հերթական խմբաքանակը: Հրապարակված տեսանյութում երեւում են ռուսաստանյան արտադրության ՏՕՍ-1Ա «Սոլնցեպյոկ» ծանր հրանետի MO.1.01.04M արդիականացված հրթիռներ:

Այս համատեքստում ԱԳ նախարարների հանդիպման արդյունավետությունը խիստ կասկածելի է:

«Առավոտը» Միջազգային եւ անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ասոցացված փորձագետ Գեւորգ Մելիքյանից հետաքրքրվեց` արդյոք կարո՞ղ ենք բանակցային գործընթացի հետ կապված շոշափելի արդյունքներ ակնկալել արտգործնախարարների հանդիպումից՝ այն դեպքում, երբ ԵԱՀԿ Մինսկի խմբի երկրներից Ռուսաստանն իր քայլերով ըստ էության նպաստում է հակամարտության տեւականությանը:

Պարոն Մելիքյանի դիտարկմամբ` մեծ ակնկալիքներ չենք կարող ունենալ Վիեննայում կայանալիք հանդիպումից: Նա հիշեցրեց, որ երեկ տեղի ունեցավ նաեւ ՀՀ ԱԳ նախարարի ոչ պաշտոնական հանդիպումը Արեւելյան գործընկերության երկրների ԱԳ նախարարների հետ, որտեղ Նալբանդյանը բարձրացրեց Ադրբեջանի կողմից ոտնձգությունների եւ սահմանային լարվածության հետ կապված հարցերը: Այնուհետեւ մանրամասնեց. «Չեմ կարծում, որ մեկ օր հետո ԱԳ նախարարների միջեւ կայանալիք հանդիպումը կտա առարկայական տարբերություն եւ լրիվ այլ ընթացք կունենա: Ոչինչ չի փոխվել. լարվածությունը շարունակում է մնալ թե՛ սահմաններին, թե՛ բանակցային գործընթացում` ԵԱՀԿ ՄԽ համանախագահության շրջանակում եւ այլ ձեւաչափերում եւս, որտեղ հայկական եւ ադրբեջանական կողմերը ներկայացված են»:

Դառնալով հակամարտության հարցում ռուսական գործոնին` պարոն Մելիքյանը փոխանցեց, թե ՌԴ-ն, որպես շահառու, եղել է ԼՂ հակամարտության գլխավոր հրահրողներից մեկը եւ շարունակելու է «նպաստել» հակամարտող կողմերի միջեւ լարվածության բարձր աստիճանի պահպանմանը` որպես գործիք սեփական շահերն առաջ տանելու համար: Ըստ պարոն Մելիքյանի` հայկական կողմը պետք է ոչ միայն հայտարարություններ անի Ադրբեջանի քայլերի մասին, այլեւ շատ հստակ կարողանա հասկանալ, թե ինչպես եւ ինչ միջոցներով է արտահայտվում ՌԴ ապակառուցողական դերակատարությունը ԼՂ հակամարտության երկարաձգման մեջ: Իհարկե, ըստ փորձագետի` սա բնավ չի նշանակում, որ հայկական եւ ադրբեջանական կողմերը որեւէ պատասխանատվություն չունեն. հակամարտում են այդ երկու կողմերը, եւ նրանք պետք է շահագրգռված լինեն օր առաջ հասնելու խաղաղության: Գեւորգ Մելիքյանը համոզված է, որ Ռուսաստանը շարունակելու է զինել թե՛ ՀՀ-ին, թե՛ Ադրբեջանին՝ դրանով իսկ ստեղծելով նաեւ սպառազինության մրցավազք եւ տարածաշրջանը դարձնելով վառոդով լի տակառ, որը կարող է պայթել ցանկացած ուղղությամբ, որ ձեռնտու է Ռուսաստանին: ՌԴ-ն չի պաշտպանելու հայկական կողմին, երբ որեւէ ոտնձգություն լինի Արցախի Հանրապետության դեմ Ադրբեջանի կողմից. «Դա հստակ ամրագրված է: Հայկական կողմը չի ուզում խոսել այդ մասին, առավել եւս, որ ՌԴ-ն որեւէ փաստաթղթով պարտավորություն չունի միջամտելու, երբ լարվածություն լինի սահմանին: Ռուսաստանի չմիջամտելը հայկական կողմը բացատրում է նաեւ այն հանգամանքով, որ ինքը երբեք չի դիմում Ռուսաստանին: Իսկ չի դիմում, որովհետեւ մտավախություն ունի, որ ՌԴ-ն է՛լ ավելի կամրապնդի ռազմաքաղաքական իր դիրքերը, եւ Հայաստանը դրա համար շատ բարձր գին կվճարի:

Խոսքը ՀՀ-ի` ավելի մեծ կախվածության կամ ռուսական ռազմական ներկայության ամրապնդման մասին է: Նման զարգացման դեպքում հնարավոր է, օրինակ, ՀՀ-ում տեսնել երկրորդ ռազմաբազայի տեղադրումը կամ ԵՄ-ի եւ ՆԱՏՕ-ի հետ համագործակցության սահմանափակում եւ այլն: Մեզանում մանտրա է դարձել կրկնել այն, որ մեր անվտանգության միակ երաշխավորողը Ռուսաստանն է: Հարցն այն է, որ անվտանգության ակնկալիքով դաշնակցելը չի նշանակում այդ երկրին թույլ տալ ամբողջովին վերահսկել քաղաքական եւ այլ կարեւոր գործընթացներ: Դա անթույլատրելի է եւ ինքնին վտանգավոր»:

Մեր մյուս հարցին` ԱԳ նախարարների հանդիպմանն ադրբեջանական կողմը կշահարկի՞ Ալխանլու գյուղում սպանված երեխայի հարցը, Գեւորգ Մելիքյանը պատասխանեց. «Պատերազմի ժամանակ գործում է պատերազմական տրամաբանություն, եւ, ցավոք, կողմերը կարող են օգտագործել ցանկացած թույլատրելի կամ անթույլատրելի գործիք, մեթոդ կամ մոտեցում: Հանդիպման ընթացքում հայկական կողմն իհարկե կբերի հակափաստարկներ, կներկայացնի իրադարձությունների իր մեկնաբանությունը, սակայն դրանից իրավիճակը պակաս վտանգավոր չի դառնա, իսկ Ադրբեջանն էլ չի դադարի անկանխատեսելի լինել»: Պարոն Մելիքյանը փաստեց, որ Էդվարդ Նալբանդյանն արդեն հակադարձել է` ներկայացնելով իրավիճակը: Իսկ թե որքանո՞վ դա արժանահավատ կթվա, դա այլ հարց է:

Սակայն ըստ փորձագետի` ակնկալելի է, որ բանակցային գործընթացը շարունակելու է տեղում դոփել՝ անպատասխան թողնելով հնարավոր սպառնալիքները:
Մեր հարցին՝ իսկ ինչպե՞ս կարող է հայկական կողմն օգտագործել բուլղարական փաստաթղթերի ի հայտ գալու փաստը, համաձայն որոնց՝ Ադրբեջանն իսլամիստական ահաբեկչական խմբերի է զենք մատակարարել, Պարոն Մելիքյանը, որ ըստ բացահայտված փաստաթղթերի՝ զենքի մատակարարները եղել են մի շարք երկրներ, իսկ Ադրբեջանը հանդես է եկել որպես փոխադրող՝ օգտագործելով դիվանագիտական խողովակներ, ինչն անթույլատրելի է: Սակայն միջազգային հանրությունը կարող է արժանահավատ չհամարել հաքերային միջոցներով ձեռք բերված տեղեկատվությունը, ուստի փորձագետը նաեւ նկատեց. «Հայկական կողմը պետք է ավելի ակտիվ լինի եւ րոպե առաջ օգտագործի բացահայտված այդ տեղեկությունը եւ ներգրավի միջազգային հանրությանը: Մեզ համար շատ կարեւոր է, որ միջազգային հանրությունը կանխի կամ մեղմացնի անցանկալի զարգացումները մեր տարածաշրջանում:

Խոսքն այն մասին է, որ Ադրբեջանի հնարավոր ներգրավվածությունն ահաբեկչությանն աջակցելու հարցերում կարող է ավելի քան լարել իրավիճակը՝ թիրախ դարձնելով այս տարածաշրջանը: Այն կառույցները, որոնց մատակարարվել է զենք, հնարավոր է ֆինանսական, ռազմական կամ քաղաքական օգնություն ցուցաբերեն Ադրբեջանին: Հայաստանի եւ տարածաշրջանի անվտանգության համար շատ անցանկալի է Ադրբեջանի ուղղակի կամ անուղղակի համագործակցությունն իսլամական ծայրահեղական կառույցների հետ: Ուստի կարեւոր է, որ հայկական կողմը ոչ թե շահարկի այս փաստերը եւ օգտագործի միայն քարոզչական նպատակով, այլ կանխարգելող զգուշացում անի միջազգային կառույցներին եւ պարտադրի մանրազնին ուսումնասիրության ենթարկել այդ նյութերը: Պետք է հասնել հետաքննության, որը կարող է նախաձեռնել հայկական կողմը ԵԽԽՎ-ում, ԵԱՀԿ ԽՎ-ում եւ տարբեր այլ հարթակներում»:

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը հույս էր հայտնել, որ երկու նախարարների հանդիպումը հնարավորություն կտա վերադառնալու բանակցային գործընթացի կառուցողական հունին: Մեր հարցին՝ նման հնարավորություն կա՞, եւ արդյոք հնարավոր կլինի՞ հասնել Վիեննայի ու Սանկտ Պետերբուրգի պայմանների կատարմանը, պարոն Մելիքյանը պատասխանեց. «Այս վերլուծությունը, որ փորձեցինք անել, ցույց է տալիս, որ կողմերը, մասնավորապես Ադրբեջանը, հակված չեն գնալու կառուցողական ընթացքով` վերականգնել բանակցությունները, մանավանդ հայկական կողմն էլ պնդում է, որ բանակցությունները չեն կարող վերականգնվել, քանի դեռ կատարված չեն Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի նախապայմանները: Ադրբեջանն այդ ուղղությամբ քայլեր չի անում, ավելին՝ նա կօգտագործի այս վերջին լարվածությունն իր հռետորաբանությունը կոշտացնելու համար»:

Եզրափակելով՝ Գեւորգ Մելիքյանը համոզմունք հայտնեց` ժամանակն է, որ Արցախի ձայնն ավելի լսելի դառնա, եւ ՀՀ-ն միջնորդավորված չխոսի Արցախի փոխարեն: Իսկ Ադրբեջանն ավելի անկանխատեսելի է դարձնում իր քայլերը, մինչդեռ հայկական կողմը պետք է հասկանա, որ ՌԴ-ն չի կարող լիովին ապահովել իր անվտանգությունը, եւ ժամանակն է, որ Հայաստանը մտածի այլընտրանքների մասին, գոնե այդ բացերը լրացնելու առումով:

 

ՏԱԹԵՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

«Առավոտ»

11.07.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31