Արդեն տեւական ժամանակ է՝ պարենի համաշխարհային շուկայում մի շարք ապրանքների, այդ թվում եւ շաքարի գները նվազել են: Սակայն Հայաստանում շաքարավազի գինը չի իջնում ու չի իջնում:
Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը ուսումնասիրել է ու պարզել, որ շաքարավազի շուկայում թանկացումներ չկան: Երեկ ՏՄՊՊՀ-ն այս մասին հաղորդագրություն էր տարածել` շաքարի շուկայում կատարած ուսումնասիրության առիթն էլ բացատրելով սեզոնային պահանջարկի ավելացումով:
«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ տարվա այս ժամանակահատվածում սովորաբար կրկնակի ավելանում է շաքարավազի սպառման պահանջարկը, ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը այս ժամանակահատվածում առավել հետեւողական է վերոնշյալ շուկայի նկատմամբ: Հանձնաժողովը պարբերաբար դիտանցումներ է իրականացնում Երեւան քաղաքի խոշոր վաճառակետերում՝ ամենօրյա կտրվածքով վերահսկողություն իրականացնելու նպատակով: Ամփոփելով մոնիտորինգի արդյունքները՝ կարող ենք արձանագրել, որ 2017 թվականի ընթացքում 1 կգ չփաթեթավորված (կիլոգրամով վաճառվող) շաքարավազի գինը փոփոխությունների չի ենթարկվել: Մայրաքաղաքի գերիշխող դիրք զբաղեցնող վաճառքի կետերում 1 կիլոգրամ շաքարավազը նախկինի նման վաճառվում է 388-390 դրամով: Տեղեկացնենք նաեւ, որ առավել լայն սպառում ունի հատկապես չփաթեթավորված շաքարավազը: Շուկայի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ ավելացել է նաեւ ներկրողների թիվը: Կարող ենք փաստել, որ այս պահի դրությամբ հատկապես ԵԱՏՄ անդամ երկրներից ունենք ավելի քան 20 տնտեսվարող, որոնք դեռեւս ոչ շատ մեծ քանակներով շաքարավազի ներկրում են իրականացնում: Մեր կողմից կատարված ուսումնասիրությունները փաստում են, որ շուկան լիարժեք մրցակցային է, մուտքի խոչընդոտներ չկան»,- ասված է ՏՄՊՊՀ հաղորդագրությունում:
«Հայկական ժամանակ» օրաթերթի տնտեսական մեկնաբան Հայկ Գեւորգյանը, որը նույնպես շաքարի շուկայի ուսումնասիրություն է կատարել, փաստում է, որ համաշխարհային շուկայում, մասնավորապես` Լոնդոնի ֆոնդային բորսայի տվյալներով, 2016 թվականի հոկտեմբերի համեմատությամբ շաքարն էժանացել է 36,7 տոկոսով: Այսինքն` եթե նույն տրամաբանությամբ մեզ մոտ էլ շաքարավազի գինն իջներ, ապա այն շուկայում պետք է լիներ ոչ թե 400 դրամ (ըստ Հայկ Գեւորգյանի՝ շաքարավազը մեզ մոտ 400-410 դրամ է, այլ ոչ թե 388-390` ինչպես որ նշում է ՏՄՊՊՀ-ն), այլ 250:
«Ասենք` 400 դրամ է, հիմի պետք է լիներ 250 դրամ, թող չլինի 250, լինի 350 դրամ, բայց գոնե մի քիչ էժանացած կլինի: Երբ որ համաշխարհային շուկայում 37 տոկոս որեւէ ապրանքի գինն իջնում է եւ այստեղ չի փոխվում, դա նշանակում է` գործ ունենք մաքուր քրեական գործի հետ, սա զուլալ քրեական գործ է, որովհետեւ ուրիշ ներկրողներ չկան, շուկան բացարձակապես մոնոպոլիզացված է, ու եթե այստեղ որեւէ մեկն ասում է, որ մուտքի խոչընդոտ չկա, ես նրան կարեկցում եմ»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց Հայկ Գեւորգյանը:
Ինչ վերաբերում է ՏՄՊՊՀ-ի այն պնդումներին, թե ավելի քան 20 տնտեսվարող շաքարավազ են ներկրում, պարոն Գեւորգյանն ասաց. «Այդ 20 ներկրողները բոլորը միասին, բացի մեկից` Սամվել Ալեքսանյանին պատկանող ընկերությունից, մնացածը ներկրում են առավելագույնը հինգ տոկոսը: Դրա մեջ մտնում է նաեւ «Կոկա-կոլա» ընկերության ներկրածը, որն իր արտադրանքի համար է շաքարավազը բերում: ԵՏՄ-ին անդամակցելու ժամանակ «Կոկա-կոլային» 5000 տոննա ներկրելու քվոտա է տրվել: Եթե դա համարվում է մրցակցային թեմա, այդ դեպքում էլ եմ կարեկցում:
Ասում են` 20 հոգի ներկրող կա, բայց չեն նշում, թե մնացած 19-ի ներկրման ծավալները որքան են»:
Հայկ Գեւորգյանի խոսքով՝ քանի որ շաքարավազը սպառողական զամբյուղի ապրանքների ցանկում է, ապա դրա էժանացումը հանգեցնելու է աղքատության նվազեցման:
«Բայց այստեղ խոսքն ավելի շատ ոչ թե շաքարի մասին է, այլ բիզնես մթնոլորտի: Խոսքը ճառերի, սիրուն ելույթների մասին է, որոնց արանքում կարելի է բերել միայն շաքարի օրինակը, ու պարզվում է, որ այդ ամբողջը թատերականացված բեմադրություն է: Մրցակցության խորացում եւ այլն, եւ այլն: Խոսքը մթնոլորտի մեջ է, այլ ոչ թե կոնկրետ շաքարի: Շա՜տ մեծ տարբերություն չկա՝ բնակչությունը 350 դրամանո՞ց շաքար է օգտագործում, թե՞ 410 դրամանոց»:
Հայկ Գեւորգյանը օրինակ բերեց նաեւ Գերմանիայի սուպերմարկետներից մեկում վաճառվող շաքարավազի գինը, որտեղ մեկ կիլոգրամը վաճառվում էր 350 դրամով: Այսինքն` ըստ Հայկ Գեւորգյանի՝ այդտեղ, որտեղ հարկերն ավելի բարձր են, սուպերմարկետի աշխատակիցների աշխատավարձերը` նույնպես, այսինքն` շաքարավազի ինքնարժեքի վրա ավելացող գումարը շատ ավելի մեծ պետք է լիներ, նույնիսկ այդ պարագայում մեկ կիլոգրամն արժեր 350 դրամ:
«Այսինքն` միայն շաքարի օրինակը բավական է, որպեսզի հասկանանք` ինչու Հայաստանում տնտեսությունը չի զարգանում ու չի էլ կարող զարգանալ:
Քանի դեռ որեւէ մեկը կարողանում է իրեն այդպես պահել, որ աշխարհում 37 տոկոս գնի նվազում է տեղի ունենում, իսկ այստեղ գինը չի իջնում, նշանակում է՝ ծայրամասային երկիր եղել ենք ու լինելու ենք»:
ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ
«Առավոտ»
11.07.2017