2009թ.-ից սկսած՝ յուրաքանչյուր տարի պարբերաբար հանդիպում ենք «Արի տուն» տարբերանշանով շապիկներով սփյուռքահայ պատանիների, երիտասարդների: ՀՀ սփյուռքի նախարարության այս ծրագրի նպատակը ի սկզբանե անփոփոխ է եւ ծրագրի ընթացքում երիտասարդների համար ստեղծված պայմանները՝ հայրենագիտական դասաժամերը, այցելությունները թանգարաններ, տեսարժան վայրեր, հայկական բանակի զորամաս, այս ամենից ստացված տպավորությունները այնպես կկապեն Հայաստանին, որ ինչպես նախարար Հրանուշ Հակոբյանն էր հավաստիացրել՝ «իրենց սիրտը հայրենիքում թողած՝ կվերադառնան հայրենիք»:
Ծնունդով Երուսաղեմից երգչուհի Սոսե Գրիգորյանի (լուսանկարում) արվեստին ծանոթ ենք դեռեւս 2015 թվականից՝ սփյուռքի նախարարության կազմակերպած «Երգում ենք Կոմիտաս», 2016թ.՝ «Հայ երգի օր» միջոցառումներից: Մեր հայրենակցին առաջին անգամ հրավիրեցինք զրույցի: Պարզվեց, որ նա ընդամենը սիրով մասնակցում է նախարարության կազմակերպած նախագծերին, իսկ հայրենիքի հետ կապը սկսվել է «Արի տուն» ծրագրից առաջ՝ 2006-ից: Երուսաղեմի երաժշտության եւ պարի ակադեմիայի դասական վոկալ բաժնի շրջանավարտը հենց այդ թվականից հայրենիքում վոկալի դասեր է առնում Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դասախոսներ Մագդա Մկրտչյանից եւ Լիանա Վարդանյանից, իսկ Երուսաղեմում երաժշտություն է դասավանդում կույր եւ խուլ երեխաների համար նախատեսված հատուկ դպրոցում, որտեղ ուսուցման մեթոդի հիմնադիրն է համարվում 20-րդ դարում աշխարհում առաջինը արվեստի բնագավառում բակալավրի աստիճան ստացած կույր եւ խուլ ամերիկացի գրող, հասարակական գործիչ, ուսուցիչ Հելեն Քելլերը:
Սոսե Գրիգորյանը Հայաստանում կլինի եւս 2-3 ամիս: Սեպտեմբերին կմասնակցի «Մենք երգում ենք Կոմիտաս» նախագծին, հոկտեմբերին՝ հայ-հրեական մշակութային կենտրոնի միջոցառմանը: «Այս պահին պատրաստում եմ նոր երգ՝ նվիրված Կոմիտասին: Խոսքերի հեղինակն է Մկրտիչ Սահակյանը, երաժշտությունը՝ Գարիկ Առաքելյանինը: Այն մտադիր եմ դարձյալ աշնանը 8 հայկական ժողովրդական երգերի ցանկում տեղադրել youtube-ում»,- ասաց մեր զրուցակիցը:
Խոսելով Երուսաղեմում ծավալած երգչուհու իր կարիերայի մասին, հայտնեց, որ ապրիլին եղեռնի զոհերի հիշատակի ոգեկոչման օրը Բեթղեհեմում հանդես է եկել մենահամերգով, ծրագրում՝ Կոմիտաս եւ հայկական ժողովրդական երգեր: «Ցանկությունս էր օտարներին, մասնավորապես արաբներին, ներկայացնել հայկական երգարվեստի գոհարները: Համերգից հետո նրանք մոտենում էին ինձ, շնորհավորում ու ասում հետեւյալը. «Ոչ մի բառ չհասկացանք, բայց ամեն ինչ հասկացանք»,- հայտնեց երգչուհին, հավելելով, որ օտարները երգերի մեկնաբանությանը հետեւում էին անթարթ աչքերով: Հավաստիացրեց նաեւ, թե կոնկրետ ժամանակը չի կարող նշել, բայց կարծում է, որ ժամանակն է հայրենիքում, հատկապես Կոմիտաս թանգարան-ինստիտուտում ներկայանալ մենահամերգով:
«Ընտանիքով բնակվում ենք Երուսաղեմի Սրբոց Հակոբյանց վանքում. դա աշխարհում միակ հոգեւոր կենտրոնն է, որտեղ բացի հոգեւորականներից, բնակվում են նաեւ աշխարհիկ մարդիկ, որոնք ցեղասպանության զոհերի զավակներն են: Իսկ մեծ հաշվով Երուսաղեմը հայ մշակույթի եւ մատենագիտության կենտրոններից է: Սրբոց Հակոբյանց վանքի թանգարանում պահվում են տարբեր ժամանակներում ուխտավորների ձեռքով բերված հայ վարպետների պատրաստած ոսկե, արծաթե, փայտե իրեր, ձեռագրակազմեր, կանթեղներ, վարդապետական եւ եպիսկոպոսական գավազաններ, Կիլիկիայի հայոց թագավոր Հեթում Ա-ի մականը, Թորոս Ռոսլինի նկարազարդ ձեռագրերի հիմնական մասը եւ այլն»,- հայտնեց Սոսե Գրիգորյանը:
ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ
«Առավոտ»
11.07.2017