Լրահոս
Օրվա լրահոսը

Վանաձորի գրադարանների օպտիմալացման արդյունքում 34 մարդ դարձավ գործազուրկ, 1 գրադարան էլ փակվեց

Հուլիս 11,2017 23:14

Ապրիլի 18-ին կայացած Վանաձորի համայնքի ավագանու հերթական նիստի ընթացքում  ավագանու ՀՀԿ եւ ՀՅԴ խմբակցության 15 անդամներ կողմ քվեարկեցին քաղաքի գրադարանային համակարգում եւ մարզական հաստատություններում կրճատումներ իրականացնելու մասին հարցին:

Ինչից հետո Վանաձորի գրադարանների կենտրոնացված համակարգի ենթակայության տակ գտնվող 8 գրադարանների աշխատակիցներ ստացան կրճատման ծանուցագրեր: Որոշման հետեւանքով գրադարանային համակարգում հունիսի 25-ից 62 աշխատակցի փոխարեն պետք է աշխատեր ընդամենը 21-ը:

Նախկին  57,5 դրույքի փոխարեն, օպտիմալացման արդյունքում այժմ գրադարանն ունի 21 դրույք: Որի արդյունքում 34 մարդ դարձել է գործազուրկ. «Քաղաքապետարանի հետ միասին փորձել ենք այնպես անել, որ գոնե մի քիչ ավելի շատ մարդիկ աշխատեն՝ կես դրույքների շնորհիվ: Այս պահին 28 մարդ է աշխատում: Ընտրությունը կատարվել է հաշվի առնելով մարդկանց աշխատանքային փորձը, հմտությունը, բարձրագույն ու մասնագիտական կրթությունը, ինչպես նաեւ հաշվի ենք առել մարդկանց սոցիալական վիճակը»,-ասում է Վանաձորի համայնքի գրադարանների կենտրոնացված համակարգի տնօրեն Խորեն Գասպարյանը:

Համակարգի 8 գրադարաններից 3-ը տեղակայված են դպրոցներում, որոնք Խորեն Գասպարյանի խոսքով պետք է հանձնվեն դպրոցներին: Իսկ թիվ 5 մասսայական գրադարանը օպտիմալացման արդյունքում, փակվեց, քանի որ այն գործում էր անմխիթար շենքային պայմաններում:

«Բազում թաղամասում գտնվող  գրադարանը տեղակայված է թիվ 25 դպրոցում, Տարոն 2 թաղամասի գրադարանը գտնվում է 28 դպրոցում, իսկ Տարոն 4 թաղամասում գտնվող գրադարանը տեղակայված է Խնամքի կենտրոնում: Այս գրադարանները պետք է հանձնվեն դպրոցներին եւ այնտեղ գործեն: Դա արդեն համայնքի ու գրադարանային համակարգի ենթակայության տակ չի լինի: Բայց, թե ինչպես կարվի այդ հանձնում-ընդունումը պարզ չէ, դա դեռ ընթացքի մեջ է: Իսկ խնամքի կենտրոնում նորոգման խնդիր է առաջացել, այդտեղ տեղակայաված գրադարանի գրականությունն արդեն կապված է, պարկերի մեջ դրված, որպեսզի տեղափոխվեն մոտակա դպրոցներից մեկը: Իսկ թիվ 5 գրադարանը գտնվում էր շատ վատ շենքային պայմաններում: Տարիներ շարունակ գրադարանը վերեւից ջուր է լցվել, հատակը խարխլվել է: Չնայած դրան, աշխատողները կարողացել են անգամ այդ պայմաններում լավ աշխատել: Իսկ նորոգման համար բավականին մեծ գումար է պետք»:

Օպտիմալացումից հետո կշարունակեն լիարժեք գործել 4 գրադարաններ՝ թիվ 2, 3 մանկական գրադարանը, թիվ 4 մասսայական եւ թիվ 6 մանկամասսայական գրադարանը. «Մանկամասսայական բնորոշումներն արդեն պայմանական ենք ասում, որովհետեւ փորձելու ենք այնպես անել, որպեսզի գրադարանները սպասարկեն բոլորին»:

Վանաձորի համայնքի ավագանու հաշվարկներով, դրույքաչափների կրճատման արդյունքում համայնքային բյուջեն կխնայի 31,3 միլիոն դրամ:

Մեր տեղեկություններով, աշխատանքից ազատվելուց հետո գրադարանի արդեն նախկին աշխատակիցներից մի քանիսը բռնել են արտագաղթի ճանապարհը, մեկնելով արտերկիր:

Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31