Ադրբեջանը միշտ էլ ցուցաբերել է ռազմատենչ քաղաքականություն և լկտի պահվածք. կարծում եմ Ադրբեջանի այսօրվա և ապագայի քաղաքականությունը չի կարող փոխվել առանց պարտադրանք մտցնելու: Այս մասին Aravot.am-ի հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության ԱԺ պատգամավոր, ՀՅԴ Արցախի կառույցի ղեկավար Դավիթ Իշխանյանը:
Այն հարցին, թե ո՞րն է այդ պարտադրանքը` Դավիթ Իշխանյանը պարզաբանում է. «Ադրբեջանի նկատմամբ այդպիսի ձևաչափ կիրառվել է 90- ական թվականններին, երբ արցախյան ժողովրդի արդար պահանջին Ադրբեջանը հակազդեց և որդեգրեց բիրտ ուժի կիրառման մեխանիզմ: Այդ ամենը նաև հասցրեց նրանց կողմից ռազմական գործողությունների կիրառման, ժողովրդի նկատմամբ տեղահանությունների և նույնիսկ ցեղասպանության ակտերի դրսևորման: Մենք այդ տարիներին պարտավորված էինք այնպիսի մեխանիզմներ կիրառել, որն Ադրբեջանը ստիպված էր ընդունել, մեղմել իր քաղաքականությունը և իր նահանջը արձանագրել: Ես կարծում եմ, որ անցյալի մեր փորձը կարելի է որպես դաս օգտագործել և կիրառել այսօր»:
Խոսելով արցախյան հարցի շրջանակներում Ռուսաստանի քաղաքականության և Ադրբեջանին զենք վաճառելու մասին՝ Դավիթ Իշխանյանն ասում է, որ ռուսական կողմը կատարում է այնպիսի քայլեր, որոնք ուղղակիորեն ազդում և հակասում են իր ռազմավարական դաշնակցի շահերին: Նրա խոսքով պետք է հասկանալ շատ պարզ մի բան. Ռուսաստանը ունի իր շահերը և առաջնորդվում է դրանով: Իսկ Ադրբեջանի կողմից Ռուսաստանից պարբերաբար գնված զինտեխնիկայի փաստի հրապարակայնացումն ու ցուցադրական ներկայացնելը ունի հայկական կողմի վրա ճնշում գործադրելու շարժառիթ:
Դավիթ Իշխանյանը նշում է, որ միջազգային կառույցները միանշանակ փորձում են բանակցման եզրեր գտնել կողմերի համար. «Բայց արդյո՞ք մեր հիմնախնդրի լուծումը հենց ուղղակիորեն կախված է նրանցից: Կարծում եմ, որ ոչ: Պետք է հաշվի նստել և ընդունել, որ հիմնախնդրի հանգուցալուծման բանալին գտնվում է Արցախի ժողովրդի ձեռքին և հանգուցալուծումը կարող է լինել միայն արցախյան կողմի բանակցային գործընթացի մեջ ներգրավմամբ»:
Անդրադառնալով արտգործնախարարների այսօրվա հանդիպմանը` Դավիթ Իշխանյանը նշում է.«Անկեղծ ասած` որևէ ակնկալիք չունեմ և գործնական տեղաշարժ հակամարտության լուծման առումով չենք կարող ակնկալել: Միայն կարծում եմ նմանատիպ հանդիպումները կարող են հիմք հանդիսանալ բանակցային գործընթացի վերսկսման համար»:
Դավիթ Աբաղյան