Երանոսը կանանց գյուղ է. տղամարդիկ, ինչպես երանոսցիք են ասում են՝ տարին 12 ամիս Ռուսաստանում են՝ արտագնա աշխատանքի: Գեղարքունիքի մարզի այս գյուղն, ըստ պաշտոնական տվյալների, 5960 բնակիչ ունի, բայց գյուղացիք ասում են՝ որ հաշվենք, երեւի կեսից ավելին Ռուսաստանում է: «Որ տղամարդն էլ չի գնում խոպան, ուրեմն՝ հիվանդ է»,-ասում են գյուղի կանայք ու շարունակում՝ «Էստեղից չեն գնում միայն հիվանդները, ծերերն ու մատղաշ տղեքը»:
Երանոսի կողպած դռներով, փոշոտ պատուհաններով ու չխնամված տնամերձ հողամասերով բազմաթիվ տները, փողոցների դատարկությունն ու լռությունը վախեցնող է. երանոսցիք ասում են՝ «Բալա ջան, բա ի՞նչ ես ուզում, մա՞րդ ա մնացել, հըմենը դրսում են՝ Ռուսաստանի յաները: Մեր գյուղում լիքը էրեխեքով փողոց ու տուն չես գտնի»:
Գյուղի փողոցներից մեկում կողպած դարպասները հաշվեցի՝ 10-ն են, հանկարծ մի բաց դարպաս տեսա ու ներս մտա՝ կանացի զրնգուն ծիծաղ, երեխաների ձայներ, բարձր խոսակցություն: Տիկին Սիլվան մատաղ էր անում. 15 տարվա ընթացքում առաջին անգամ հարսներով ու թոռներով հավաքվել են հայրական տանը:
«Այս տարի այնպես ստացվեց, որ եղբորս կինն էլ եկավ Ռուսաստանից, ես էլ եկա, հարսներս ու աղջիկներս, թոռներս եկան ու մեր հայրական տան դուռը բացվեց: Ամեն տարի ամենքն առանձին-առանձին գալիս էին, բայց որ էսպես՝ բոլորս միասին նույն ամսում գայինք՝ չէր պատահել: Նաեւ մեր զինվորների ու հայրենիքի խաղաղության համար եմ մատաղ անում»,-ասում է տիկին Սիլվան: Տիկին Սիլվայի զավակներն էլ իրենց ընտանիքներով Ռուսաստանի տարբեր ծայրերում են բնակվում. մեկը՝ Չելյաբինսկ, մեկը՝ Օմս, մյուսը՝ Կեմերովո, հիմա իրար հետ հայրենիքում հավաքվել են 20 հոգով ու իրենց ուրախությունն են նշում: Մատաղն էլ միայն կանանցով էին անում. տղամարդիկ մնացել էին Ռուսաստանում, կանայք ասում են՝ «Գործը շատ է, իրենք աշխատում են, որ մեզ Հայաստան ուղարկեն՝ կարոտներս առնենք»:
Տիկին Սիլվան ասում է՝ «Սկայպը չի թողնում իրարից կարոտով մնաք, բայց հայրենիքի հողի, ջրի ու բնության կարոտը քաշում ենք: Նենց չի ուշ-ուշ ենք գալիս, ամեն տարի գալիս ենք, բայց մեկ է ՝ կարոտը մնում է: Գործ չկա, դրա համար էլ գնում են Ռուսաստան, որ ստեղ գործ լինի՝ ով կուզի հայրենիքից հեռու մնա»:
Հետո տիկին Սիլվան ցույց է տալիս հարեւանների տները ու ասում՝ «Էս աջ կողմում, տեսեք՝ էն շքեղ տունը, դատարկ է, գնացել են Ռուսաստան, էս դիմացի տունը՝ մեծ ընտանիք էր, բոլորով փակեցին դռներն ու գնացին: Էս ձախ կողմինը հորեղբորս տունն է, էլի փակ է դուռը, մարդ չի ապրում, տարիներ առաջ ընտանիքով գնացին»:
Այս ընտանիքի անդամները առաջիկայում վերադառնալու մասին չեն էլ մտածում. Ասում են՝ երեխաների ապագան էլ Ռուսաստանում են տեսնում. «Այստեղ հեռանկար չկա: Չգիտեմ, եթե ամեն ինչ կարգավորվի, աշխատանք լինի՝ բարձր եկամուտով, կգանք, ինչի՞ չենք գա»: Մատաղ անող հարսներն ամաչեցին լուսանկարվել, մեկն ասում է՝ բա որ նշանածս տեսնի ինտերնետում, մյուսն էլ ասում է՝ «Չէ, գործ չունեմ, կարող է ամուսնուս դուր չգա»:
Գյուղացիք ասում են՝ այս մարզից խոպան գնալը Երանոս գյուղից է սկսվել: Ասում են՝ այստեղ հենց տղաները չափահաս են դառնում՝ մեկնում են արտագնա աշխատանքի. «Էնքան կան, որ էրեխու 15 տարին լրանում է՝ հերը տղուն տանում է Ռուսաստան»:
Գոնե լա՞վ են վաստակում. իմ այս հարցին ի պատասխան երանոսցի տիկին Անուշն ասում է՝ «Որ լավ լիներ՝ հողի սեւ գործ չէի անի: Նոր տարուն գալիս է, ծախսում ենք, էլի գնում է»:
Երանոսցի կանանց մեծ մասը տարիներով ամուսիններին չեն տեսնում: «Ես որ ամուսնուս հետ միասին վերադարձա գյուղ, կանայք զարմացել էին, իրենց համար տարօրինակ էր, ասում էին՝ մարդուդ ընչի բերեցիր, թողեր մնար՝ փող աշխատեր»,- պատմում է 30 ամյա Աննան:
Այս գյուղում էլ, ինչպես մարզի բազմաթիվ այլ գյուղերում, գյուղատնտեսական աշխատանքների ամբողջ ծանրությունը կանանց ուսերին է. վար ու ցանքն էլ են կանայք անում, ոռոգման հարցն էլ են իրենք լուծում:
«Հենա կարտոշկեն քցել ենք հողը, ջուր չկա, որ ջրենք: Էղած բերքն էլ մեր ընտանիքների համար է, մի փոքր մասը փոխանակում ենք անում»,-պատմում են գյուղամիջում հավաքված 4 կանայք: Նրանք էլ հրաժարվեցին լուսանկարվել, տեսախցիկը տեսնելու պես արձագանքում են՝ «Աման, մեզի խայտառակ չանես, մարդներս տեսնին, ասին՝ էդ ինչո՞վ կըզբաղվեք գյուղում»:
Երանոսցիք ասում են՝ գյուղատնտեսությամբ զբաղվելը ձեռնտու չէ, եկամուտ չկա, միայն իրենց չարչարանք է մնում.«Որ Ռուսաստանը չլինի, մենք սոված կկոտորվեինք»: Գյուղացիներից մեկն էլ ավելացնում է՝ «Չինք կոտորվի, նենց չի որ սովից կմեռնեինք, բայց ավելի թշվառ կապրեինք: Ասենք՝ էրեխուն թազա շոր հազարից մեկ կառնեինք, էնքան որ կարտոշով-բանով կապրեինք, էնքան որ սոված չմնայինք»:
Երանոսը հակասությունների գյուղ է՝ այստեղ հին, վաղուց չվերանորգված, կիսաքանդ տներն ու շքեղ առանձնատները կողք կողքի են: Շքեղ առանձնատներով փողոցներն ասֆալտապատ են, իսկ հին, մեկ հարկանի տներով փողոցները քարքարոտ ու կիսաքանդ: Երանոսցիք գյուղապետից չեն դժգոհում. ասում են՝ գյուղի մեծահարուստները գյուղի բյուջեին գումար են փոխանցում, այդ միջոցներով էլ գյուղում բարեկարգման աշխատանքներ են կատարվում, գյուղապետը ծախսած ամեն դրամի համար հաշվետվություն է ներկայացնում:
Գյուղացիք ասում են.«Մեծահարուստներ շատ ունենք, բայց նրանք ստեղ չեն ապրում, Ռուսաստանում են ապրում, շատերի էդ դղյակները դատարկ են, կամ էլ եթե ապրող կա՝ էլի կանայք ու էրեխեքն են: էդ սաղ Ռուսաստանի փողերով են սարքել, մեզի սաղիս էս հողն ու կարտոշկեն չի պահում, մեզի Ռուսաստանն է պահում»:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ