Aravot.am-ի հետ զրույցում Արցախի Հանրապետության ԱԺ փոխխոսնակ Վահրամ Բալայանը, անդրադառնալով սահմանային իրավիճակին, ասաց. «2014թ.օգոստոսից սկսած` Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության քայլերը մեզ համար զարմանալի չեն: Նրանց նպատակն է սողացող պատերազմի միջոցով մաշեցնել հայկական ուժերը և հասնել իրենց համար ցանկալի արդյունքի: Սահմանին ծավալված վերջին իրադարձությունները այդ ամենի մի փոքր հատվածն են: Դրանք ցույց են տալիս նաև, որ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը թիրախավորելով իր բնակչությանը՝ սահմանի երկայնքով ձգվող բնակավայրերը դարձնելում է հրետանային հենակետեր: Ցավալի է, որ երեխա է զոհվել, սակայն մենք այլընտրանք չունենք և պետք է համարժեք մոտեցում ցուցաբերենք, այլապես հանդուրժողականության դեպքում հակառակորդը է’լ ավելի ագրեսիվությամբ կգործի»:
Խոսելով Ռուսաստանի կողմից պարբերաբար Ադրբեջանին զինտեխնիկա մատակարարելու փաստին, ԱԺ փոխխոսնակն նշեց, որ Ադրբեջանը շարունակում է ինտենսիվ կերպով զինվել, բայց ապրիլյան դեպքերը ցույց տվեցին, որ դա էլ չի օգնում նրա նպատակների իրագործմանը: Նրա խոսքով` մեր բանակը բոլոր հնարավորություններն ունի՝ կանխելու Ադրբեջանի կողմից ցանկացած ագրեսիայի դրսևորում:
«Ես կողմնակից եմ պարբերաբար երկկողմ բանակցություններին, որովհետև բանակցությունների բացակայության դեպքում ռազմական գործողություններ ավելի հաճախակի են տեղի ունենում: Սակայն, տեսնելով Ադրբեջանի մաքսիմալիստական և անիրականանալի պահանջները, հույս պահել, որ բանակցությունների ճանապարհով կարելի է հասնել շոշափելի արդյունքի… համենայն դեպս այս պահին այդ հարցում թերահավատ եմ»,- նշում է փոխխոսնակը և հավելում, որ կարծում է` կգա մի պահ, երբ Ադրբեջանը կգիտակցի, որ այն ճանապարհը, որն ընտրել է այսօր, իրեն ոչինչ չի տա:
Դավիթ Աբաղյան
Ստեփանակերտ