Երեկ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը ԱԺ-ում դիմելով գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին, հայտարարեց, որ նա Մարտի 1-ի գործի մասին արդեն «շաբլոն» դարձած հերթապահ նախադասությունը արտասանող արդեն 3-րդ գլխավոր դատախազն է:
Իսկ հերթապահ նախադասությունը հետեւյալն է, ում հարցնում են՝ ինչ ընթացք է ստացել Մարտի 1-ի գործը, ի՞նչ եք անում, պատասխանում են՝ «իրականացվում են անհրաժեշտ գործողություններ՝ 2008- Մարտի 1-ի սպանությունների բացահայտման, դրանք կատարած անձանց մեղադրանքը հիմնավորելուն ուղղված ապացույցներ ձեռք բերելու ուղղությամբ»:
Այս առնչությամբ Aravot.am-ը նախկին գլխավոր դատախազ, ՀՀԿ պատգամավոր Գեւորգ Կոստանյանին հարցրեց՝ Փաշինյանի քննադատությունը նաեւ Ձեզ էր ուղղված, անձամբ Դուք ի՞նչ եք արել Մարտի 1-ի գործի հետ կապված, ի՞նչ բացահայտում է եղել, գործն առաջ գնացե՞լ է: Կոստանյանը պատասխանեց. «Քրեական գործը քննվում էր 10 զոհերի հետ կապված մեկ ամբողջական քրեական գործում, ինչը խոչընդոտում էր քրեական գործի արդյունավետությանը:
Եթե մեկ գործում միավորված են 10 զոհերի հետ կապված գործեր, ակնհայտ է, որ դրանց արդյունավետությունը չի կարող ակնհայտ լինել: Հետևաբար` իմ հանձնարարությամբ մենք քրեական գործը բաժանեցինք 10 մասի, յուրաքանչյուր զոհի մասով առանձին քրգործեր սկսեցին քննվել, առանձին քննիչեր ընդունեցին իրենց վարույթ, հետեւաբար առանձին ուշադրություն սկսեց դարձվել յուրաքանչյուր քրեական գործին»:
Մեր հարցին՝ մեծ հաշվով դա ի՞նչ տվեց՝ Գեւորգ Կոստանյանը պատասխանեց. «Դա տալիս է քննության արդյունավետություն: Հիմա ես չեմ կարող ասել, թե այս ընթացքում ինչ գործողություններ են կատարվել, որովհետեւ չեմ տիրապետում դրան: Բայց ես վստահ եմ, որ քննության արդյունավետությունը միանշանակ ավելի բարձր է»:
Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց Ռոբերտ Քոչարյանի խոսքերը, որ հազարավոր ժամ տեսանյութեր կան նկարահանված Մարտի 1-ին, մի՞թե սպանությունների դրվագը միայն չկա այդ տեսագրություններում՝ Գեւորգ Կոստանյանը պատասխանեց. «Այնտեղ բազմաթիվ դրվագներ կան, այդ տեսանկարահանումներով փորձաքննություն է նշանակված, այդ տեսանկարահանման յուրաքանչյուր դրվագի վերաբերյալ նախաքննության մարմինը իր դիրքորոշումը ունի: Ես չեմ առանձնացնում՝ սպանության դրվագ կամ ում սպանության դրվագ, Մարտի 1-ի իրադարձությունների կապակցությամբ իրոք բազմաթիվ ձայնագրություններ կան եւ դրանք բոլորը նախաքննության մարմինն ուսումնասիրում է»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ