Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր կայացավ քաղաքացիական ակտիվիստ Հակոբ Դեխնավիի գործով հերթական նիստը: Հիշեցնենք`նրան մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, 2015թ.-ին ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի օրը Երևանի թիվ 4/01 ընտրական տեղամասում գրանցվելով որպես զանգվածային լրատվության միջոցի ներկայացուցիչ և ներկա գտնվելով հանրաքվեի ընթացքին` բռնություն գործադրելով խոչընդոտել է հանրաքվեի հանձնաժողովի աշխատանքին:
Հակոբ Դեխնավին Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ ցուցմունք է տվել նշյալ հանձնաժողովի անդամներից Արեն Մանուկյանը եւ ասել, որ Դեխնավին չի հարձակվել հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ-ական Արմեն Ազոյանի վրա, ինչպես մեղադրական եզրակացությունում է ասված: Դեխնավին էլ պնդում է, թե ընտրախախտում է նկարահանել, այդ պատճառով Ազոյանը եւ հանձնաժողովի որոշ անդամներ հարձակվել են իր վրա եւ ծեծել:
Այս գործում հետաքրքիր հանգամանք է ի հայտ եկել: Դեխնավին մեզ փոխանցեց, որ օրեր առաջ Ազոյանն իր մոտ է ուղարկել հանձնաժողովի անդամներից մեկին եւ նրա միջոցով ասել՝ ուզում է բողոքը հետ վերցնել, քանի որ իր՝ ցուցակագրելու եւ կաշառք բաժանելու մասին տվյալները կան «ԵԼՔ»-ի՝ աղբանոցից գտած աղմկահարույց թղթերում:
«Հանձնաժողովի անդամ Վարդանն ասաց՝ խնդրում եմ դատավորին ասա, որ Ազոյանն ուզում է բողոքը հետ վերցնել: Ասացի, որ դա իրենք պետք է անեն, ես եմ տուժողը, մինչդեռ որպես մեղադրյալ եմ հանդես գալիս: Իրենք ինչ խոսում են՝ ոտքից գլուխ սուտ է»,-նշեց Հակոբ Դեխնավին:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ