«Ազատություն». Նախօրեին Եվրախորհրդարանում ներկայացվել է ԵՄ-Հայաստան նոր համաձայնագրի նախագիծը: Պատգամավորներից շատերը հարց են հնչեցնում՝ ի՞նչ երաշխիքներ կան, որ վերջին պահին Երևանը չի հրաժարվի նաև այս փաստաթղթից: ԵՄ արտգործնախարարության պաշտոնյան արձագանքում է՝ «երաշխիքներ չկան, սակայն ակնկալիքները մեծ են»:
«Եվրամիությունը պետք է ավելի ակտիվ դեր ստանձնի ղարաբաղյան խնդրի կարգավորման հարցում»,- երեկ հայտարարում էին Եվրախորհրդարանի պատգամավորները՝ մտահոգություն հայտնելով շփման գծում արձանագրված վերջին լարվածության կապակցությամբ:
Դատապարտելով հակամարտության գոտում ռազմական գործողությունների վերսկսումը՝ պատգամավորներից շատերն անգամ հորդորում էին Եվրամիության արտաքին քաղաքական գերատեսչությանը՝ իր ձեռքը վերցել Մինսկի խմբում համանախագահող Ֆրանիսայի հանձնառությունը:
«Երբ ես կարդում եմ վերջին նորություններն Ադրբեջանում արձանագրված զոհերի մասին, ես իսկապես շատ մեծ ցավ եմ ապրում, բայց նույն չափով ես դատապարտում եմ ադրբեջանական կողմի հաղորդումները՝ հայկական բնակավայրերը ռմբակոծելու վերաբերյալ: Սա խնդրի լուծում չէ, սա ևս մեկ քայլ է՝ իրավիճակն էլ ավելի սրելու ուղղությամբ»,- հայտարարել է լիտվացի Պետրաս Աուստևիչիուսը:
ԵՄ արտգործնախարարության պաշտնյան՝ Արևելյան գործընկերության բաժնի ղեկավար Դիրք Շուբելը չթաքցրեց՝ Մինսկի խմբի արդյունքներն այնքան էլ գոհացնող չեն: Սակայն նա միաժամանակ փաստեց՝ Բրյուսելն առայժմ մտադիր չէ գնալ կտրուկ փոփոխությունների և կշարունակի կարգավորմանը հետևել տարածաշրջանում իր հատուկ ներկայացուցչի միջոցով:
«Իսկապես, Մինսկի խմբի արձանագրած արդյունքները գուցե այնքան տպավորիչ չեն, որքան որոշ մարդիկ կցանկանային: Բայց գուցե այս խմբի և համանախագահողների գոյությունն է կանխում վատթարագույնն ու իրավիճակի էլ ավելի սրացումը: Կարծում եմ՝ դա ինքնին ձեռքբերում է, թեև, հաշվի առնելով վերջին լարվածությունը շփման գծում, եղածը գուցե բավարար չէ»,- արձանագրեց Շուբելը:
ԵՄ-Հայաստան նոր համաձայնագրի բանակցություններն ավարտվել են, «տպավորություն կա, որ Հայաստանը շահագրգիռ է՝ անել առավելագույնը, որ համաձայնագիրն աշխատի»
Բարձրաստիճան դիվանագետը Եվրախորհդարան էր եկել՝ ներկայացնելու այն համաձայնագրերը, որոնց շուրջ Բրյուսելն այժմ բանակցում է պաշտոնական Երևանի և Բաքվի հետ: Հայաստանի մասով բանակցություններն ավարտվել են, կողմերն այժմ ստուգում են թարգմանությունները, և եթե ամեն ինչ ընթանա ըստ ժամանակացույցի, փաստաթուղթը կստորագվի արդեն առաջիկա նոյեմբերին՝ Արևելյան գործընկերության գագաթնաժողովում: Այս մասին հայտնել է Շուբելը, ընդգծելով՝ ի տարբերություն մինչև 2013 թվականը բանակցված համաձայնագրի, նոր նախագծում չկան ազատ առևտրին ու ներդրումներին վերաբերող դրույթներ:
«Ակնհայտ է, որ երկկողմ առևտրին վերաբերող մասն ավելի քիչ հավակնոտ է, քան այն, ինչ մենք ունեինք նախկին փաստաթղթում՝ Խորը և համապարփակ ազատ առևտրի համաձայնագրում, քանի որ Եվրասիական միությունը, որին անդամակցել է Հայաստանը, ունի որոշակի պահանջներ, որոնք համատեղելի չեն Եվրամիության հետ: Խնդիրն այն է, որ ԵՏՄ անդամները չեն կարող անկախ բանակցություններ վարել առևտրի համաձայնագրերի շուրջ, մինչդեռ Եվրամիության Խորը և համապարփակ ազատ առևտրի համաձայնագիրը ստորագրած պետությունները կարող են ազատորեն բանակցել երրորդ երկրների հետ»,- աել է ԵՄ արտգործնախարարության պաշտնյան:
Եվրոպացի պատգամավորներից շատերը հիշեցին՝ տարիներ առաջ ԵՄ արտգործնախարարությունը նույն ոգևորությամբ խոսում էր Հայաստանի հետ բանակցվող Ասոցացման համաձայնագրի մասին, որը, սակայն, այդպես էլ չստորագրվեց, քանի որ Երևանն անակնկալ կերպով որոշեց միանալ Մոսկվայի նախաձեռնած եվրասիական տնտեսական դաշինքին: Ի՞նչ երաշխիքներ կան, որ նույնը չի կրկնվի հիմա, հարց տվեց գերմանացի պատգամավոր Միխալ Գալը: Ի պատասխան՝ արտգործնախարարության պաշտոնյան արձանագրեց՝ երաշխիքներ չկան, սակայն, ակնկալիքները մեծ են:
«Երբ մենք մինչև 2013 թվականը բանակցում էինք Հայաստանի հետ Ասոցացման համաձայնագրի շուրջ, տպավորություն ունեինք, որ նրանք լիովին ներգրավված են գործընթացում: Հայաստանը փաստացիորեն այդ ճանապարհն ամենաարագն անցավ՝ գերազանցելով, օրինակ, Վրաստանին ու Մոլդովային: Այն, որ ի վերջո փաստաթութղը չստորագրվեց, շատ ցավալի էր, սակայն ես այժմ չէի ցանկանա մեկնաբանել պատճառները: Նոր փաստաթղթի պարագայում ևս մենք տպավորություն ունենք, որ Հայաստանը շատ շահագրռված է՝ անել առավելագույնը, որ համաձայնագիրն աշխատի,- հայտարարեց Դիրք Շուբելը:
Իսկ որքանո՞վ է արդյունավետ համագործակցելը մի երկրի հետ, որտեղ օլիգարխիկ համակարգ է հաստատված և առկա է համատարած կոռուպցիա, նման հարց ուղղեց իսպանացի պատգամավոր Խավիեր Նաղթը: «Այն, որ օլիխգարխներն են տնօրինում երկիրը, կարծում եմ նորություն չէ, դա հատուկ է ոչ միայն Հայաստանին: Օլիգարխների ազդեցությունը նախկին ԽՍՀՄ երկրներում, անշուշտ, բավական զգալի է, և ես կարծում եմ՝ օրենքի գերակայությամբ, նոր համաձայնագրերով ու մեր օգնությամբ այդ ազդեցությունը ևս կկրճատվի»,- արձագանքեց ԵՄ արտգործնախարարության ներկայացուցիչը:
Հեղինե ԲՈՒՆԻԱԹՅԱՆ