Հուլիսի 12-ին Հայկական բարեգործական ընդհանուր միության դահլիճում կայացավ ճանաչված կինոռեժիսոր Իլդիկո Էնյեդիի վարպետության դասը: Նրա «Մարմնի եւ հոգու մասին» ֆիլմը այս տարվա Բեռլինի կինոփառատոնին «Ոսկե արջ» մրցանակի է արժանացել: Ֆիլմը «Ոսկե ծիրանի» շրջանակում հասու է հայաստանցիներին:
Ռեժիսորը նախ հետաքրքրվեց, թե ովքեր են նստած դահլիճում, կա՞ն ապագա ռեժիսորներ, խմբագիրներ, լրագրողներ, մոնտաժողներ, ապա ասաց, որ ցանկանում է ճանաչել իր լսարանը:
Նա երիտասարդ ռեժիսորներին խորհուրդ տվեց դերասաններ ընտրելիս չծուլանալ ու թույլ տալ, որ դերասանները բացահայտեն իրենց: «Օրինակ, ես դերասաններին ընտրում եմ ոչ թե նրանց ռեզյումեի կամ կերպարի համար, այլ նրանց երկար ուսումնասիրում եմ»,-ասաց ճանաչված ռեժիսորը:
Ինչ վերաբերում է իր ֆիլմերում ոչ պրոֆեսիոնալ դերասանների ընտրությանը, ռեժիսորն ասաց, որ սկսնակի կույր էներգիան հզոր ուժ է, բայցի այդ, նրա ձեւակերպմամբ, սկսնակների հանդեպ ստեղծագործական կազմի կողմից ավելի մեծ ուշադրություն կա, քան կայացած դերասանների:
«Նկարահանման հրապարակում դերասանները մեծ խնամք են պահանջում, սկսած դիմահարդարից, բոլորը գիտեն, որ գործ ունեն «բաց վերքի» հետ»,-նշեց Իլդիկո Էնյեդին:
Նա հիացմունքով խոսեց Օլեգ Յանկովսկու ու Անդրեյ Տարկովսկու մասին: Ասաց, որ Տարկովսկու մահվան մասին լսել է Փարիզում ֆիլմերից մեկի սցենարի վրա աշխատելիս ու հիմա շատ է կարոտում մեծ ռեժիսորին:
Ինչ վերաբերում է իր «Մարմնի եւ հոգու մասին» ֆիլմին, առանձնապես փակագծեր չբացեց, ընդամենն ասաց, որ գերզգայուն ֆիլմ է նկարել, եւ երբեւէ նման գերզգայուն ֆիլմ չի ունեցել:
«Ընդհանրապես կինո նկարելը քրտնաջան աշխատանք է, ի վերջո կինոյում մնում են միայն նվիրյալները»,-ասաց ճանաչված կինոռեժիսորը:
Հավելենք, որ նա կարիերան սկսել է որպես կոնցեպտուալ և մեդիա արվեստագետ: Անդամակցել է «Ինդիգո» արվեստի խմբին և «Բելա Բալաշ» ստուդիային, որը մինչև 1989-ը Արևելյան Եվրոպայի միակ անկախ կինոստուդիան էր: Հետագայում տարվել է ռեժիսուրայով` իր սցենարների հիման վրա նկարահանելով հինգ խաղարկային և բազմաթիվ կարճամետրաժ ֆիլմեր, որոնք նրան քառասունից ավելի միջազգային մրցանակներ են բերել: Էնյեդիի «Իմ 20-րդ դարն» ընդգրկվել է բոլոր ժամանակների տասներկու լավագույն հունգարական ֆիլմերի թվում, իսկ New York Times-ը ֆիլմը համարել է տարվա տասը լավագույն կինոնկարներից մեկը: 1989-ին Ինյեդին արժանացել է նաև Կաննի ՄԿՓ-ի «Ոսկե կինոխցիկ» մրցանակին:
Որպես ռեժիսոր ստացած պարգևներից բացի, մրցանակների է արժանացել նաև որպես սցենարի հեղինակ (Մեծ մրցանակ Հարթլի Մերիլ սցենարական միջազգային մրցանակաբաշխությունում եվրոպական լավագույն սցենարի համար): Վարպետության դասերով հանդես է գալիս Եվրոպայում (Շվեյցարիա, Լեհաստան) և դասավանդում Բուդապեշտի կինոյի և թատրոնի համալսարանում: 2011-ին գերազանցությամբ դոկտորական ատենախոսություն է պաշտպանել տրանսմեդիայի ոլորտում «Հորինված աշխարհներ. տեխնիկայի և երևակայության փոխհարաբերությունը շարժապատկերներում» թեմայով: Եվրոպական կինոակադեմիայի անդամ է: Վաստակավոր արտիստի կոչում ունի, «Բելա Բալաժ» մրցանակի դափնեկիր է, պարգևատրվել է Հունգարիայի նախագահի «Վաստակի խաչ» շքանշանով:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ