Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Օդանավակայանի «փափախչի» տաքսիստներն ամեն գնով ուղեւոր են փախցնում, խաբում, թե տրանսպորտն այլեւս չի աշխատում (Տեսանյութ)

Հուլիս 11,2017 17:07

Օդանավակայանի տաքսիստները ոչ մի կերպ չեն համակերպվում այն մտքի հետ, որ «Զվարթնոց» օդանավակայանից եւ հակառակ ուղղությամբ հասարակական տրանսպորտ է աշխատում: Հայաստան ոտք դրած զբոսաշրջիկներին ու անգամ տեղացիներին, որոնք լսել են տրանսպորտի մասին, համոզում են, թե` տրանսպորտն այլեւս չի աշխատում կամ ընդհանրապես չկա: Այս մասին Aravot.am-ի հետ զրույցում պատմեցին օրերս Երեւան ժամանած հյուրերը, որոնք տաքսիստից փորձել էին հետաքրքրվել նոր բացված երթուղու մասին:

Հիշեցնենք, որ մոտ մեկ ամիս առաջ վարչապետ Կարեն Կարապետյանը կառավարության նիստում անդրադարձավ «Զվարթնոց» օդանավակայանում սպասարկող տաքսի ծառայությունների խնդրին` հանձնարարելով դեպի օդանավակայան եւ հակառակ ուղղությամբ փորձնական հասարակական տրանսպորտ գործարկել:

Այսօր Aravot.am-ը գիծը սպասարկող վարորդներից ու տրանսպորտի ծառայություններից օգտվող քաղաքացիներից` այդ թվում եւ զբոսաշրջիկներից հետաքրքրվեց, թե ինչպե՞ս է այն աշխատում, արդյոք գոհ կամ դժգո՞հ են մատուցվող ծառայությունից, ուղեւորահոսք կա՞, թե՞ դատարկ են երթեւեկում:

Սփյուռքահայ Մուրադյանը, որը Փարիզից է ժամանում հայրենիք, մեզ հետ զրույցում ասաց, որ մինչ այդ բարեկամներն էին օդանավակայանում դիմավորում, հետո` ճանապարհում, սակայն հասարակական տրանսպորտի մասին իմանալուց հետո բարեկամներին նեղություն չի տալիս: Նրա խոսքով, բոլոր նորմալ երկրներում էլ օդանավակայանը ունի հասարակական տրանսպորտ եւ մարդիկ ստիպված չեն լինում մեծ գումարներ ծախսել քաղաք հասնելու համար:

Սամվել Պետրոսյանը Գյումրիից եկել է բարեկամներին դիմավորելու, սակայն ամեն անգամվա պես տաքսիով չի գնում օդանավակայան, այլ` հասարակական տրանսպորտով: Նա գտնում է, որ միջքաղաքային տրանսպորտի վիճակն էլ պետք է այսպես բարելավել, որպեսզի մարդիկ ոչ թե «ժամերով կռացած, ստորացված» երթեւեկեն, այլ` «մարդավարի, նորմալ» պայմաններով:

Մանրամասները` տեսանյութում

Գոհար Ղազարյանն արդեն մի քանի անգամ օգտվել է օդանավակայան մեկնող տրանսպորտի ծառայությունից, հատկապես ուրախ է, որ «ավտոմեքենաները նոր են, մաքուր, վարորդները` կոկիկ»: Մինչ այդ տիկին Ղազարյանը երթեւեկել է թիվ 18 միկրոավտոբուսով, որը, սակայն, բուն օդանավակայանի տարածք չի հասնում եւ մարդիկ ստիպված են լինում ծանր իրերով մնացած հատվածը ոտքով երթեւեկել:

Aravot.am-ի հետ զրույցում, գիծը սպասարկող վարորդներից մեկն ասաց, որ եթե ուղեւորների թիվն ավելանա, չվերթը ոչ թե ժամը մեկ կլինի, այլ` կես ժամը մեկ: Սակայն պատահում է, որ կիսադատարկ են երթեւեկում:

Ինչ վերաբերում է օդանավակայանի «փափախչի» տաքսիստներին, որոնք ուղեւոր փախցնելու նպատակով ապատեղեկատվություն են տալիս Երեւան ժամանողներին, ապա վարորդներն ասացին, որ արդեն օդանավակայանի տարածքում հասարակական տրանսպորտի մասին ցուցանակ է փակցվել: Սակայն միեւնույն է` տաքսիստները հենց տեսնում են, որ միկրոավտոբուսը մեկնեց` հետաքրքրվողներին ասում են` էլ չի գալու:

Մեր այն հարցին, թե ավելի շատ զբոսաշրջիկնե՞ր են օգտվում, թե` տեղացիներ, վարորդներն ասացին՝ ե’ւ զբոսաշրջիկներ, եւ մեր քաղաքացիները:

Տեղեկացանք, որ դեպի օդանավակայան եւ հակառակ ուղղությամբ երթուղին աշխատում է 24 ժամ: Միկրոավտոբուսը, որը շարժվում է Հանրապետության հրապարակից, մինչ օդանավակայան հասնելը երեք կանգառ ունի` Մաշտոցի պողոտայում, Կիլիկիայի ավտոկայանում ու Արգավանդի խաչմերուկում:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31