Հուլիսի 9-ին Գյումրու Վարդանանց հրապարակում ոստիկաններից մեկի կողմից գյումրեցի հայտնի ֆայտոնչի Գրիշի թոռանը՝ դարբին Սամվել Մուրադյանին ծեծելու փաստի առթիվ հարուցված քրեական գործն արդեն հանձնվել է Հատուկ քննչական ծառայություն։
Դատախազության հաղորդագրության համաձայն՝ «Նախապատրաստված նյութերով պարզվել է, որ ոստիկանության Շիրակի մարզային վարչության օպեր լիազոր, ոստիկանության լեյտենանտ Գ. Ս.-ն, ալկոհոլի ազդեցությամբ Գյումրիի կենտրոնական հրապարակում կառապանից պահանջել է կառքը հանձնել իրեն: Ծագած վիճաբանության ընթացքում ոստիկանը ծեծի է ենթարկել կառապանին: Միջադեպին մասնակցել է նաև անցորդներից մեկը, ում ոստիկանը ևս հարվածներ է հասցրել»:
Aravot.am-ին հաջողվեց պարզել, որ լեյտենանտի կոչում ունեցող Գոռ Սարոյանը (նրա հայրը նույնպես ոստիկան է եղել, ծառայել է ոստիկանության Մարալիկի բաժնում), սկզբում աշխատել է ոստիկանության «Կումայրի» բաժնում ու աշխատանքի է տեղափոխվել ոստիկանության Շիրակի մարզային վարչություն գյումրեցի ակտիվիստների՝ էլեկտրաէներգիայի թանկացման դեմ ուղղված բողոքի ակցիաները ճնշելուն ակտիվ մասնակցություն ունենալուց հետո։ Իսկ թե ինչու են նրա կոչումը ցածրացրել, բանն այն է, որ Գոռ Սարոյանը քաշքշել էր ակտիվիստներին (իսկ գյումրեցի ակտիվիստները գրագետ, կիրթ երիտասարդներ են, մեծ մասը տնտեսագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղի դասախոսներ են, գիտությունների թեկնածուներ) ակտիվիստներն էլ մեծ աղմուկ էին բարձրացրել, բողոքարկել ոստիկանի ՝ ոչ համաչափ գործողությունները։ Այդ ժամանակ Գոռ Սարոյանի գործը ուղարկվել էր Հատուկ քննչական ծառայություն։
Սակայն, ակտիվիստների ասելով, ՀՔԾ-ում գործը կարճվել է։ Նշենք, որ ըստ մեր տեղեկությունների, գործը ՀՔԾ-ում հայտնվելուց հետո, ոստիկանությունում Գոռ Սարոյանին պատժել են, կոչումն են իջեցրել, փոխարենը, սակայն, տեղափոխել էին պաշտոնի ոստիկանության Շիրակի մարզային վարչությունում։
Հիշեցնենք, որ այս փաստի առթիվ Շիրակի մարզի դատախազի հանձնարարությամբ ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, որի նախաքննությունը հանձնարարվել է ՀՔԾ-ին:
ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանն էլ այս դեպքի հետ կապված ոստիկանության տվյալ ծառայողին ազատել է պաշտոնից, գրանցել կադրերի ռեզերվում։ Ոստիկանապետի հանձնարարությամբ ներքին անվտանգության վարչությունում սկսվել է ծառայողական քննություն։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
Լուսանկարները՝Hetq.am-ի