«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման աղբյուրը հաստատել է խմբավորման ղեկավար Աբու Բաքր ալ-Բաղդադիի մահը: Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով իրաքյան մամուլը:
ԻՊ հաղորդագրության մեջ նշվում է, որ ալ-Բաղդադին մահացել է, և շուտով կհայտարարվի նրա փոխարինողի անունը: Ալ-Բաղդադիի մահվան մասին այլ մանրամասներ չեն հաղորդվում:
Ավելի վաղ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունից հայտնել էին, որ, հնարավոր է, ալ-Բաղդադին զոհվել է մայիսի 28-ին Ռաքքայի մերձակայքում ռուսական օդուժի հասցրած հարվածի հետևանքով:
Աբու Բաքր ալ-Բաղդադին հայտնի դարձավ այն բանից հետո, երբ 2014թ. հուլիսին հայտարարեց Մերձավոր Արևելքում «իսլամական խալիֆայություն» ստեղծելու մասին: Նրա մասին արժանահավատ տեղեկություն գրեթե չկա. ենթադրվում է, որ նա ծնվել է 1971թ. Իրաքում, սովորել է Թեհրանի Իսլամական համալսարանում, եղել է Բաղդադի մզկիթներից մեկի իմամը, հետո սկսել է հարել իսլամիստներին և գլխավորել «Ալ-Կաիդայի» իրաքյան ճյուղը: Ավելի ուշ նրա գլխավորած կազմակերպությունն առանձնացել է «Ալ-Կաիդայից»՝ իրեն հայտարարելով «Իսլամական պետություն»:
Ալ-Բաղդադին համարվում է աշխարհի ամենաշատ փնտրվող հանցագործներից մեկը: Անցյալ տարվա դեկտեմբերին ԱՄՆ-ը նրա համար նշանակեց 25 մլն դոլար գլխագին:
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ
Հարգելի Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆ, ահաբեկիչների պարագլխին, որը պատասխանատու է հազարավոր գլխատված, բռնաբարված, տանջամահ արված կյանքերի համար, ԶՈՀ անվանելը որքանո՞վ է ճիշտ ու բարոյական…
Հարգելի Արա,
հասկանալով հարցի նրբությունը՝ այնուամենայնիվ, կարծում եմ, որ «զոհվել» բառի մեջ դրական կամ բացասական իմաստ չկա, զոհվելիս պարտադիր չէ միայն հերոսաբար զոհվել, զոհվել կարող ա անգամ հանցագործը՝ ավիահարվածից, փամփուշտից, վթարից…