2018 թվականին Հայաստանը ստանձնելու է Ֆրանկոֆոնիայի կազմակերպության նախագահությունը`երկու տարով: Նաեւ, 2018-ի աշնանը Հայաստանում կայանալու է Ֆրանկոֆոնիայի կազմակերպության գագաթաժողովը: «Ֆրանկոֆոնիան մեզ համար նաև կարևոր հարթակ է կառույցի անդամ երկրների հետ երկկողմ հարաբերություններն առավել զարգացնելու և ամրապնդելու համար։ Հայաստանի համար չափազանց կարևոր է աշխարհի համար առավել բաց, տեսանելի և մատչելի լինելը, կարևոր է մեր լայնածավալ ներգրավվածությունը միջազգային գործընթացներում։
Իրողությունը, որ բավական համառ մրցակցության արդյունքում հենց Ֆրանկոֆոնիայի ամենաերիտասարդ անդամներից մեկին՝ Հայաստանին վստահվեց շուրջ կեսդարյա պատմություն և միջազգային հարաբերություններում ուրույն դերակատարություն ունեցող այս կազմակերպության ղեկը, խոսում է մեր պետության արդյունավետ արտաքին քաղաքականության շնորհիվ ձեռք բերված հեղինակության և մեր հանդեպ վստահության ու համերաշխության մասին»,- այսօր Լյուքսեմբուրգում, ելույթ ունենալով Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի 43-րդ գագաթաժողովի լիագումար նիստում, ասել է ՀՀ ԱԺ պատգամավոր, Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովում ՀՀ պատվիրակության ղեկավար Մարգարիտ Եսայանը:
Պատգամավորը նշել է, որ հայ հասարակության մեջ մեծ համակրանք ու լայն տարածում ունեցող Ֆրանկոֆոնիան ուղեկցվում է ֆրանսիական մշակույթի նկատմամբ հատուկ վերաբերմունքով, որն էլ հանդիսանում է Հայաստանում Ֆրանկոֆոնիայի զարգացման հիմքը: Դրան հավասարապես նպաստում են նաև այն սերտ կապերի գոյությունը, որոնք առկա են Հայաստանի և այնպիսի երկրների միջև, ինչպիսիք են ոչ միայն Ֆրանսիան, այլև Կանադան, Բելգիան, Շվեյցարիան, Հունաստանը, Կիպրոսը, Լիբանանը, Եգիպտոսը և շատ այլ երկրներ:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ