ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը դեռ չի հասցրել ծանոթանալ Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության Ժողովրդավարական հաստատությունների ու մարդու իրավունքների գրասենյակի (ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ) դիտորդական առաքելության վերջնական զեկույցին` ապրիլի 2-ին Հայաստանում կայացած խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ: Զեկույցը հրապարակվել է երեկ երեկոյան:
«Լայնածավալ ընտրակաշառքի մասին պնդումները և ընտրողների նկատմամբ ճնշումներն ու ահաբեկումը բացասաբար են ազդել ընտրարշավի վրա՝ մեծացնելով ընտրական գործընթացի նկատմամբ արդեն իսկ առկա անվստահությունը»,- մասնավորաբար ասված է զեկույցում:
«Եթե կան փաստեր, դրանք, բնականաբար, կքննարկվեն համապատասխան մարմիններում: Համենայնդեպս, մենք պետք է ֆիքսենք, որ ընտրությունների ընթացքում որեւէ վստահված անձի կողմից, որեւէ հանձնաժողովի անդամի կողմից բողոքներ չեն եղել: Եթե կան նմանատիպ երեւույթներ, իսկ չի բացառվում, որ նման երեւույթներ լինեն, դրանք քննության կառնվեն համապատասխան բաժիններում»,- ասաց Վահրամ Բաղդասարյանը`պատասխանելով հարցին`ի հեճուկս ՀՀԿ-ականների պնդումների, թե ընտրություններն ազատ-արդար-թափանցիկ էին եւ դրանց արդյունքները կասկածներ չեն հարուցում, հեղինակավոր այս կազմակերպությունն այնուհանդերձ բավական լուրջ թերություններ է արձանագրել:
Զեկույցում ասվում է`ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի միջազգային դիտորդների հետ զրույցներում մտահոգություններ են հնչեցվել այն մասին, որ հասարակությունը դժկամություն է ցուցաբերում ընտրախախտումների մասին ահազանգելու հարցում, որը բացատրվում է բողոքներին ընթացք տալու գործընթացի արդյունավետության նկատմամբ անվստահությամբ. «Դատական համակարգի, ընտրությունների կազմակերպման և իրավապահ համակարգի անկախության բացակայությունը և բողոքներին ընթացք տալու պրակտիկան կասկածի տակ են դնում իրավական ճանապարհով դրանց բավարարման արդյունավետությունը, ինչը չի համապատասխանում ԵԱՀԿ-ի նկատմամբ երկրի ստանձնած պարտավորություններին և Եվրոպայի Խորհրդի չափանիշներին»:
Aravot.am-ի դիտարկմանը`փաստվում է նաեւ, որ մարդիկ վստահություն չունեն դատաիրավական համակարգի նկատմամբ, Վահրամ Բաղդասարյանը հակադարձեց. «Դա վերացական խոսակցություն է: Ի՞նչ է նշանակում`վստահություն չունեն, խուսափում են…եթե կան փաստեր`դրանք կարձանագրվեն: Համենայնդեպս, որեւէ մեկը չի կարող ժխտել, որ ընդհանուր առմամբ, սա թռիչքային աճ էր ընտրական համակարգում`այս ընտրությունները մյուսների համեմատ: Բավականին մեծ ձեռքբերումներ կան եւ որեւէ մեկը չի կարող դա ժխտել: Մենք էլ չենք ասում`ամեն ինչ իդեալական էր: Հետագայում սա էլ նկատի կունենանք»:
Ի դեպ, դիտորդները վերահաստատել են նաեւ իրենց նախնական զեկույցի դրական գնահատականները:
ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանն էլ Aravot.am-ի հետ զրույցում ասաց`իրենք դեռ ծանոթանում են փաստաթղթին. «Նման փաստաթղթերը պետք է ամբողջությամբ ուսումնասիրել եւ ամբողջության վերաբերյալ դատողություններ անել, ոչ թե տեքստից կտրված առանձին նախադասությունների»: Թե ԿԸՀ-ում ե՞րբ կավարտեն իրենց ուսումնասիրությունը`Տիգրան Մուկուչյանը հստակ չասաց:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ