Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Մաքսիմ Վենգերով. «Հայ ունկնդիրը ուրիշ է՝ անչափ զգացմունքային»

Հուլիս 11,2017 14:16

Հուլիսի 12-ին կամփոփվի «Արմենիա» առաջին միջազգային մրցույթ-փառատոնը, որը մեկնարկել էր հուլիսի 4-ից: Մրցույթ-փառատոնն անցկացվում է Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի եւ Մշակույթի աջակցության եվրոպական հիմնադրամի նախաձեռնությամբ, փառատոնին աջակցում է ՀՀ մշակույթի նախարարությունը:

Հուլիսի 11-ին մրցույթ-փառատոնի գեղարվեստական ղեկավար Սերգեյ Սմբատյանը եւ աշխարհահռչակ ջութակահար, դիրիժոր, «Գրեմմիի» կրկնակի մրցանակակիր Մաքսիմ Վենգերովը «Սպուտնիկ Արմենիա» մամուլի սրահում մրցույթ-փառատոնի առիթով հանդիպեցին լրագրողների հետ: Սերգեյ Սմբատյանն ասաց, որ Մաքսիմ Վենգերովի այցը Հայաստան երեւույթ է եւ իրադարձություն: Նրա կարծիքով՝ փառատոնը, որի հաղթողները պարզ կդառնան վաղը, ստացվել է:

Մաքսիմ Վենգերովը նշեց, որ իր համար մեծ պատիվ է հանդես գալ արեւոտ եւ մշակութային Հայաստանում. «Հայ ունկնդիրն ուրիշ է՝ անչափ զգացմունքային: Ընդ որում, ինքս էլ զգացմունքային եմ: Նախորդ անգամ Հայաստանում կայացած մեր համերգին այնպես էին ծափահարում, ասես ռոք համերգ լիներ: Այնպես որ, ինձ համար միշտ տոն է Հայաստանում ելույթ ունենալը»: Երեւանյան համերգին նա կկատարի Բրամսի Ջութակի կոնցերտը, որն իր ձեւակերպմամբ՝ ջութակի համար գրված ստեղծագործությունների գագաթնակետն է:

Մաքսիմ Վենգերովը հավելեց, որ շատ մտերիմ է իսրայելաբնակ դաշնակահար եւ դիրիժոր Վահագն Պապյանի հետ. «Նա ինձ համար ավելին է, քան երաժիշտ, նա իմ ընկերն ու եղբայրն է»:

Ասուլիսի ժամանակ անդրադարձ եղավ ցեղասպանության 100 -ամյակի միջոցառումների շրջանակում իր եւ Միշա Մայսկու բրյուսելյան համերգին: Նա ասաց, որ իր համար երաժշտությունը դուրս է քաղաքականությունից, այն էսպերանտոյի նման մի բան է, որը հասկանում են բոլորը՝ անկախ քաղաքական տարաձայնություններից:

Ասուլիսի ժամանակ խոսք գնաց նաեւ Վենգերովի մասնակցությամբ «Լոլա, տանգո, ռոք» համերգին: Ջութակահարն ասաց, որ ինքը սիրում է էքսպերիմենտներ, բայց դեմ է, որ տարբեր ոճերը խառնվեն. «Երաժշտությունը պետք է զուլալ լինի: Եթե Բախ ես նվագում, ուրեմն դա պետք է Բախ լինի, չի կարելի խառնել երաժշտական ոճերը, դա տանում է երաժշտության դեգրադացմանը»:

Աշխարհահռչակ երաժիշտը պատմեց, թե ինչպես է մի քանի անգամ կորցրել Ստրադիվարիուսի իր  ջութակը. մեկ անգամ մոռացել է գնացքում, երկրորդ անգամ մոռացել է մինչեւ գնացք նստելը, հետո իջել, 20 րոպե վազել ու հետ է վերցրել ջութակը, իսկ երրորդ անգամ մոռացել է ռեստորանում, բարեբախտաբար, ջութակը գտնվել է:

 

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31