Երեկ ՀՀ ԱԺ-ում նախկինում ցմահ ազատազրկման դատապարտվածների պատժաչափի վերանայման հետ կապված բանավեճ ծավալվեց պատգամավորների միջև:
«Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի կարծիքով՝ նախկինում ցմահ ազատազրկման դատապարտվածներ կան, որոնք հարցադրում են առաջ բերում. այսօրվա գործող օրենքով նրանք պիտի 18-19 տարի ազատազրկման դատապարտվեին, ոչ թե ցմահ:
«Ծառուկյան» խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանի համոզմամբ՝ պետք է շատ զգույշ լինել նաեւ խոշտանգված, դաժանորեն սպանված մարդկանց հարազատների հետ, ովքեր կգան եւ խորհրդարանը կպայթեցնեն, եթե որոշ անձանց հանդեպ, որոնք ցմահ ազատազրկման են դատապարտված, պատժի այլ չափ կիրառենք:
Aravot.am-ը փաստաբան Հայկ Ալումյանից հետաքրքրվեց՝ այս հարցում ո՞րը կարող է արդյունավետ լուծման տարբերակ լինել: Պարոն Ալումյանը պատասխանեց. «Եթե պատժաչափը որևէ հանցանքի համար օրենքով մեղմացվել է, ապա դրա համար կան դատական ընթացակարգեր: ԱԺ-ում դա դնելու հարց չէ: Եթե օրենքով նախատեսված է ավելի մեղմ պատժաչափ, քան նախկինում, ապա նախկին դատապարտյալների պատժաչափերը կարող են վերանայվել դատական կարգով: Եթե պատժաչափը մեղմացվում է որևէ արարքի համար, ապա դա ունի հետադարձ ուժ»:
Մեր հիշեցմանը, թե մտահոգություն կա, որ այդ դեպքում խոշտանգված, դաժանորեն սպանված մարդկանց հարազատները կարող են գալ ու խորհրդարանն անգամ պայթեցնել, պարոն Ալումյանն արձագանքեց. «Եթե ամեն ինչ արվի իրավական ընթացակարգերով և առաջնորդվելով օրենքով ու իրավունքով, տուժողների հարազատները ինչ-որ լուրջ ակցիաների դժվար դիմեն: Հասկանալի է ցավը, ամեն ինչ, բայց իրենք էլ շատ լավ հասկանում են, որ կա օրենք, իրավունք, և ոչ ոք չի կարող ավելի ծանր պատիժ կրել, քան սահմանված է օրենքով»:
Հայկ Ալումյանը մտահոգված է, որ դրական տեղաշարժ չկա պայմանական վաղաժամկետ ազատման հետ կապված օրենսդրության և պրակտիկայի մեջ:
Ըստ Հայկ Ալումյանի՝ փաստաբանների նախաձեռնությունները համակարգային չեն. վերցնում են իրենց դիմած անձի գործը, փորձում դատական ատյաններում հասնել հաջողությունների, իսկ եթե ոչ, դիմում են Եվրոպական դատարան: Երբեմն էլ մեկ հոգու հարցով հետևողական զբաղվելու արդյունքում ստացվում է արդյունք, որը վերաբերում է բոլորին:
Հայկ Ալումյանի տեղեկացմամբ՝ Վերաքննիչ քրեական դատարանը վերջերս Արթուր Աշոտի Այվազյանի գործով մի կարևոր դիրքորոշում է հայտնել պայմանական վաղաժամկետ ազատման հետ կապված, ըստ որի՝ պայմանական վաղաժամկետ ազատման հետ կապված օրենսդրությունը պետք է կիրառվի ոչ թե այս պահի դրությամբ եղած օրենսդրությամբ, այլ այն ժամանակվա օրենսդրությամբ, երբ այդ անձը ենթադրաբար կատարած է եղել իր հանցավոր արարքը: Հայկ Ալումյանը փաստեց, որ այն ժամանակ շատ ավելի բարենպաստ օրենսդրություն էր պայմանական վաղաժամկետ ազատման հետ կապված:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ