2015թ. մահացած ծննդկան Մերի Մարգարյանի գործով դատական նիստում այսօր հղիությունը վարած բժշկուհի, ամբաստանյալ Շուշանիկ Բախշյանից բացի, ցուցմունք տվեց նաեւ մյուս մեղադրյալը՝ «Շենգավիթ» ԲԿ հերթապահ բժիշկ, մանկաբարձ գինեկոլոգ Անի Բաբելյանը: Նա նշեց, որ զբաղված է եղել մեկ այլ հիվանդի նախավիրահատական շտապ պատրաստությամբ, երբ ԲԿ է դիմել Մերի Մարգարյանը:
«Այդ ժամանակ նա ասաց, որ գանգատ չունի, բայց 38 աստիճան ջերմություն ունի, այդ պատճառով իր բժշկուհին՝ Շուշանիկ Բախշյանն իրեն ասել է գնալ հիվանդանոց զննության: Ստուգեցինք, պտղի սրտի զարկերը նորմայի սահմաններում էին: Հետո բարձրացել եմ վիրահատարան եւ բուժանձնակազմին ասել, որ Մերիի ամբողջական հետազոտությունների տվյալները պատրաստ լինելուն պես բերեն ինձ՝ վիրահատարան»,-պատմեց Անի Բաբելյանը:
Նա ասաց, որ վիրահատության ընթացքում պարբերաբար հեռախոսով Մերիի հետազոտությունների արդյունքների մասին տեղեկացրել է Շուշանիկ Բախշյանին. «Ես ցուցում չեմ տվել հղիին տուն ուղարկելու, նման խոսակցություն լինել չի կարող, ընդամենը հետազոտության տվյալների մասին տեղյակ եմ պահել Շուշանիկ Բախշյանին: Վիրահատության ավարտից հետո տեղեկացա, որ Մերին հարազատների հետ հեռացել է»:
Ինչ վերաբերում է իրեն առաջադրված մեղադրանքին, Անի Բաբելյանն ասաց. «Ես որոշում չեմ կայացրել, չէի կարող վիրահատարանում գտնվելուց որոշում կայացնել՝ Մերիին հոսպիտալացնե՞լ, թե՞ ոչ: Ինձ համար շատ տարօրինակ է այդ մեղադրանքը»:
Անի Բաբելյանի ցուցմունքից պարզ դարձավ, որ «Շենգավիթ» ԲԿ-ում մեկ այլ հերթապահ բժիշկ է եղել, որը վիրահատություն չի ունեցել, սակայն նա հրաժարվեց պատասխանել, թե ինչու այդ բժիշկը չի զբաղվել Մերիի հետազոտությամբ:
Տուժողի իրավահաջորդ, Մերի Մարգարյանի հայրը՝ Վաղինակ Մարգարյանը պնդեց, որ Անի Բաբելյանը ստում է, որ նա չի իջել վիրահատարանից ու չի էլ տեսել Մերիին: «Աղջկաս խոսքերն եմ փոխանցում: Ասաց՝ «ոչ մեկն ինձ չի զննել, պապ ջան, ոչ մեկը չի իջել, քույրն ասում է, որ բժիշկը վիրահատարանում է»…Անի Բաբելյան, դուք այն անձը չեք, որ ստեք, ասեք՝ ո՞վ է ձեզ ստիպում ստել»: Անի Բաբելյանը նշեց, որ իրեն ոչ մեկը նման ցուցում չի տվել:
Ամբաստանյալի ինքնազգացողությունը վատացավ, նա լաց եղավ: Հաջորդ նիստը նշանակվեց հուլիսի 25-ին, ժամը 10:30-ին:
Մանրամասն՝ տեսանյութում:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ