Լրահոս
Օրվա լրահոսը

Նոր մանրամասներ՝ ոստիկանների մասնակցությամբ գյումրեցի հայտնի ֆայտոնչուն ծեծելու դեպքից

Հուլիս 11,2017 12:49

Տեղեկացրել ենք, որ նախորդ օրն աղմկոտ միջադեպ էր տեղի ունեցել Գյումրու Վարդանանց հրապարակում՝ ոստիկաններից մեկի մասնակցությամբ։ Վերջինս ոչ սթափ վիճակում ցանկացել էր ֆայտոն նստել, վիճաբանություն էր սկսել գյումրեցի հայտնի ֆայտոնչի Գրիշի թոռի՝ դարբին Սամվելի հետ, որն, ի դեպ, տարեց մարդ է ու մեծ հարգանք է վայելում գյումրեցիների մոտ, այնուհետ սկսել էր ծեծել նրան։ Մի քաղաքացի փորձել էր միջամտել, սակայն ոստիկանը վերջինիս ևս ծեծի էր ենթարկել։

Սկանդալը, սակայն, սրանով չէր ավարտվել․ ինչպես հայտնի է՝ 4 ոստիկաններ են ներգրավված այս պատմության մեջ։ Բանն այն է, որ մարմնական վնասվածքներ ստացած գյումրեցի հայտնի ֆայտոնչին փորձել է դիմել Գյումրու բժշկական կենտրոն՝ բուժօգնություն ստանալու, սակայն մի մեծ վիճաբանություն, ծեծկռտուք էլ հիվանդանոցի մոտակայքում է սկսվել, միջադեպ հրահրած ոստիկանի մյուս 3 ոստիկան ընկերները վիճաբանել են ֆայտոնչու հետ, պայքարել, որ նա հիվանդանոց չհասնի։ Դարբին Սամվելն այդպես էլ չի կարողացել բուժօգնության դիմել, սակայն շրջակա տեսախցիկներն արձանագրել են կատարվածը։

Հայտնի ֆայտոնչին իր ցուցմունքում նշել է, որ ֆայտոնից ընկել է ու ոտքն է կոտրվել, ոչ մի միջադեպի չի եղել։ Իսկ այն քաղաքացին, որը փորձել էր ոստիկանի ձեռքից խլել ֆայտոնչուն ու ինքն էլ էր ծեծի ենթարկվել, դիմել էր Շիրակի մարզի դատախազություն։ Վերջինս հայտարարել է, որ մինչև վերջ գնալու է։

Արդեն տեղեկացրել ենք, որ ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանն այս դեպքի հետ կապված ոստիկանության տվյալ ծառայողին ազատել է պաշտոնից, գրանցել կադրերի ռեզերվում։ Ոստիկանապետի հանձնարությամբ ներքին անվտանգության վարչությունում սկսվել է ծառայողական քննություն։ Թե ո՞վ է սկանդալ սարքած ոստիկանը, ո՞ւմ են ազատել աշխատանքից, երեկվանից մեր հարցմանը պաշտոնապես հրաժարվում են պատասխանել։ Մեզ ընդամենը հաջողվեց ճշտել, որ խոսքը Գոռ անունով օպերլիազորի մասին է, որին նախորդ շաբաթ ևս պատժել են․ ոչ ճիշտ պահվածքի համար կոչումն են իջեցրել։

Ինչևէ, Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանն Aravot.am-ին տեղեկացրեց, որ փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 118 հոդվածով։ Հոդվածը, որը կոչվում է «Ծեծը», նախատեսում է․ «Ծեծելը կամ այլ բռնի գործողություններ կատարելը, որը չի առաջացրել սույն օրենսգրքի 117-րդ հոդվածով նախատեսված հետեւանքներ՝ պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի առավելագույնը հարյուրապատիկի չափով, կամ ուղղիչ աշխատանքներով՝ առավելագույնը մեկ տարի ժամկետով, կամ կալանքով՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով»: Նշենք, որ Քրեական օրենսգրքի 117-րդ հոդվածն էլ, որը կոչվում է՝ «Դիտավորությամբ առողջությանը թեթեւ վնաս պատճառելը», սահմանում է․

«Դիտավորությամբ մեկ ուրիշին մարմնական վնասվածք կամ առողջությանն այլ վնաս պատճառելը, որն առաջացրել է առողջության կարճատեւ քայքայում կամ ընդհանուր աշխատունակության աննշան կայուն կորուստ՝

պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից ութսունապատիկի չափով, կամ ուղղիչ աշխատանքներով՝ առավելագույնը մեկ տարի ժամկետով, կամ կալանքով՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով»:

Այս քրեական գործն ամենայն հավանականությամբ կուղարկվի Հատուկ քննչական ծառայություն։

Հ․Գ․ Նշենք, որ հասարակությունն իրավունք ունի իմանալ, թե ով է նման սկանդալ հրահրած ոստիկանը, ում են պատժում՝ միաժամանակ կադրերի ռեզերվ ուղարկելով։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Լուսանկարը՝Armeniasputnik.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31