Լրահոս
Օրվա լրահոսը

Ջավախահայերն առաքելություն ունեն

Հուլիս 11,2017 22:00

Վրաստանի Սամցխե-Ջավախեթի նահանգը, հատկապես
նրա հայաբնակ հատվածը, շատ ավելի է ինտեգրված վրացական պետությանը,
քան քսան կամ տասը տարի առաջ, սակայն դեռ ճանապարհ կա անցնելու:

Բարեբախտաբար, անցել են ԽՍՀՄ ժամանակները, երբ Ջավախք կարելի էր այցելել, փաստորեն, ներքին «վիզայով», սահմանամերձ տարածաշրջանը կտրված էր թե՛ Վրաստանից, թե՛ Հայաստանից, նրա «մայրաքաղաքը» ռուսական զորամասն էր, իսկ մարդիկ ապրում էին, կարծես, ինչպես «զորամասին կից» տեղական բնակչություն: Դա՛ էր Մոսկվայի կողմից հաստատված կարգը:

Վրաստանի անկախացմամբ իրողություններ փոխվեցին, շատ խոչընդոտներ վերացան. տարածաշրջանը բացվեց արտաքին աշխարհին, հաստատվեցին շուկայական հարաբերություններ, ժողովրդավարացման գործընթացը, ժողովրդավարական տեղական ինքնակառավարման համակարգի արմատավորումը տարածաշրջանում լայն հնարավորություններ բացեցին: Սակայն ի հայտ եկան նոր խնդիրներ, որոնք բխում են որոշ իրողություններից. Ջավախքի հայությունը տասնամյակներով միայն ֆորմալ առումով էր ընկալում Վրաստանի մաս լինելու փաստը, քչերն էին տիրապետում վրացերենին, ինչը եթե որոշ առումով օրինաչափ էր խորհրդային կայսրության պայմաններում, ապա անկախ Վրաստանի պարագայում տարածաշրջանը դուրս էր թողնում պետության զարգացման գործընթացից եւ «կոնսերվացնում» ծայրամասային վիճակում:

Բայց խնդիրն իր հետ բերեց նաեւ լուծման ճանապարհը: Զարգացման եվրոպական մոդելն ընտրած Վրաստանը ձգտում է խնդիրները լուծել եվրոպական ճանապարհով: Մի կողմից՝ Վրաստանն աշխարհում առաջին երկիրն է պետական հայկական դպրոցների թվով. դրանք 130 (!!!) են, մինչդեռ «մեր ռազմավարական դաշնակիցը» նույնիսկ մեկը չի բացում: Դրա հետ մեկտեղ դպրոցներում սովորում են վրացերեն, բացի դրանից, գործում են վրացերենի ուսուցման պետական կենտրոններ: Հետխորհրդային ժամանակաշրջանում բացված Սամցխե-Ջավախեթիի պետական համալսարանում ուսուցումը վրացերեն լեզվով է, որպեսզի շրջանավարտները կարողանան իրենց տեղը գտնել Վրաստանի աշխատանքային շուկայում՝ լինի դա պետական համակարգում, թե մասնավոր հատվածում: Ընդ որում, լեզվական քաղաքականության խնդիրների կարգավորմանը լայնորեն ներգրավված են եվրոպական կառույցները, մասնավորապես՝ Եվրոպայի խորհուրդը: Երկլեզու՝ հայերեն եւ վրացերեն, «Գործնական ուղեցույց-գրքույկն ընտանիքների համար» հրատարակված է ԵԽ հովանու ներքո, եւ այնտեղ նշված են բոլոր 130 հայկական դպրոցների հասցեները, ընդունելության կարգը: Տարածաշրջանում գործում է պետական եւ մասնավոր հայալեզու մեդիա՝ հեռուստատեսություն, ռադիո, առցանց ԶԼՄ-ներ:

Սակայն խոսքը չի գնում եւ չի կարող գնալ իդեալական վիճակի մասին, Վրաստանը, ինչպես եւ Հայաստանը, ոչ թե զարգացած, այլ զարգացող երկիր է, եւ մեծ է տարբերությունը կենտրոնի՝ Թբիլիսիի եւ մարզերի միջեւ, եւ Ջավախքն այդ իմաստով բացառություն չի կազմում: Եվ բնականաբար, զարգացման տեմպերը, առկա պայմանները չեն բավարարում տեղի բնակչությանը, եւ ոչ միայն հայերին, կա «կենտրոնից անտեսվածության» խնդիրը՝ կապված սոցիալ-տնտեսական հարցերի հետ, այնպես, ինչպես Հայաստանի մարզերում, բարդ ռելիեֆով տարածաշրջանում ավտոճանապարհները զգալի չափով դեռ հեռու են բավարար լինելուց:

Անկախության անցած ավելի քան քառորդ դարը թույլ տվեց հայերին եւ վրացիներին էապես հաղթահարել հետխորհրդային վաղ շրջանի «մանկական հիվանդությունները», որոնք ուղեկցում էին ազգային ինքնության զարթոնքը, եւ ներկայիս ավելի «պրոզայիկ» ժամանակաշրջան մենք թեւակոխել ենք, ձեռք բերելով գրեթե երեք տասնամյակների փորձը, թե ինչպես կառուցել համակեցությունը, հենված օրենքի եւ ազատության ու արդարության արժեքների վրա՝ թույլ չտալով, որպեսզի նեոկայսերական մշտական խափանարար փորձերը հաջողեն, այլ շարունակեն մնալ անարդյունք: Սա շատ թանկ եւ անհրաժեշտ փորձ է, որին ըստ արժանվույն գնահատական դեռ կտրվի ապագայում, սակայն ոչ բավարար առաջ գնալու համար:

Վրաստանն ընտրել է ՆԱՏՕ-ին եւ Եվրամիությանն ինտեգրվելու ուղին, եւ դրան համահունչ՝ վերակառուցում եւ վերակազմակերպում է հասարակական եւ պետական ինստիտուտները: Հայաստանը եւ հայերը, եվրոպական քաղաքակրթության անբաժանելի մասը լինելով, բնականոն զարգացման ճանապարհին այլընտրանք չունեն, քան ամենասերտ հարաբերություններ հաստատել Վրաստանի հետ: Բացի աշխարհագրական, ավանդական եւ պատմական նախադրյալներից, անկախ Վրաստանը միակ հարեւանն է, որի հետ Հայաստանի Հանրապետությունը կիսում է ընդհանուր արժեքներ՝ չնայած հայտնի բացերին եւ թերություններին, որոնք առկա են թե՛ մեզ մոտ, թե՛ Վրաստանում: Եվ այնպես չէ, որ ջավախահայությունն այս դասավորության մեջ միայն «ստացողի» կամ «օգտվողի» դերում է:

Ջավախքը մեծ ներուժ ունի ինտեգրվելու Վրաստանի հասարակական-քաղաքական դաշտում եւ իր ուրույն դերն ունենալու Վրաստանի արդիականացման, եվրոպական եւ եվրաատլանտյան ինտեգրման քաղաքականության մեջ: Նախ՝ մոռացե՛ք Ռուսաստանը. այն դուրս է այլեւս թե՛ տրամաբանությունից, թե՛ քաղաքական կոնտեքստից, թե՛ ընդհանրապես իմաստից եւ բանականությունից: Վրաստանը, ինչպես եւ ջավախահայությունը, ստացել է ԵՄ հետ ազատ առեւտրի եւ առանց անցագրի ռեժիմ, ինչը լայն հնարավորություններ է բացել զարգացման համար եւ թույլ է տալիս կասեցնել արտագաղթը դեպի Ռուսաստան, ինչն ուղղակի Հայաստանի պես արյունաքամ է անում տարածաշրջանը, զրկում հայրենիքից տասնյակ հազարավոր մարդկանց, իսկ ապագան դնում հարցականի տակ:

Սակայն այս ուղղությամբ մեծ ջանքեր են պահանջվում, եւ քաղաքական թրենդի մեջ «տեղավորվելու» խնդիր կա: Սա մարտահրավեր է, որը հաղթահարելը հնարավոր է միասնական ջանքերով, եւ այստեղ անելիք ունեն թե՛ ջավախահայությունը, թե՛ Վրաստանի եւ Հայաստանի հանրապետությունները, թե՛ ԱՄՆ-ի եւ Եվրոպայի հայկական Սփյուռքը:

Նախ՝ ջավախահայերի ուղին մեկն է. դառնալ Վրաստանի լիիրավ եւ օրինակելի քաղաքացիներ՝ լիարժեքորեն տիրապետել վրացերենին եւ անգլերենին եւ ձգտել հաջողության Վրաստանի հասարակական-քաղաքական եւ տնտեսական դաշտում՝ առաջնորդվելով պետական մտածողությամբ, դառնալ օրինակելի հարկատու եւ զինապարտ, օրինակելի եւ ակտիվ, շահագրգիռ ընտրող, բոլոր մակարդակների ընտրությունների ակտիվ մասնակից, արդիականացնել տեղական հասարակական-քաղաքական ինստիտուտները, համաձայն Տեղական ինքնակառավարման եւ Տարածաշրջանային լեզուների եվրոպական խարտիաների եւ Վրաստանի օրենսդրության: Բացի դրանից, տարածաշրջանի քաղաքացիական հասարակությունը պետք է է՛լ ավելի մեծացնի ջանքերը, որպեսզի ավելի լայն մասնակցություն ունենա Վրաստանում գործող համապետական, եվրոպական եւ ամերիկյան ծրագրերին բոլոր ոլորտներում: Դրանից կշահեն թե՛ Վրաստանը, թե՛ ջավախահայերը, իսկ ընդհանրապես, որպես բանաձեւ, այն, ինչ լավ է Վրաստանի համար՝ լավ է հայերի եւ Հայաստանի համար, Վրաստանի հաջողությունը բացում եւ բաց է պահում Հայաստանի հաջողության ճանապարհը:
Վրաստանում, այդ թվում՝ Ջավախքում, 2003-ից հետո մեծածավալ աշխատանք է կատարվել ենթակառուցվածքների զարգացման ուղղությամբ, սակայն անելիքները դեռ շատ-շատ են: Մյուս կողմից՝ Հայաստանի կողմից է պահանջվում քաղաքական կամք եւ նախաձեռնողականություն, որպեսզի կյանքի կոչվեն Իրան-Հայաստան-Վրաստան համատեղ նախագծերը, որոնք կկապեն Պարսից ծոցը Սեւ ծովին: Վրաստանը մի քանի տասնյակ միլիոն դոլար է նախատեսում Ախալցխա-Բաթում ավտոմայրուղու կառուցման համար, սակայն պարզ է, թե այդ ճանապարհի նշանակությունն ինչպիսին կլինի, եթե այն դառնա Հյուսիս-Հարավ միջանցքի բաղկացուցիչը:

Առանձին արժե անդրադառնալ այս համատեքստում Արեւմուտքի հայկական Սփյուռքին, հատկապես՝ ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի: Անկախությունից ի վեր Հայաստան-Սփյուռք հարաբերությունների շուրջ բանավեճերը չեն դադարում, խոսվում է բազմաթիվ խնդիրներից, այդ թվում՝ Հայաստանում կոռուպցիայի, Սփյուռքին «կթան կովի» պես վերաբերվելու, բիզնեսին ազատություն չապահովելու եւ այլն: Այնպես է ստացվել, որ ի տարբերություն Հայաստանի՝ ԱՄՆ-ը եւ Ֆրանսիան Վրաստանի հետ ունեն միջպետական ռազմավարական հարաբերություններ, որոնք ներառում են թե՛ անվտանգությունը եւ պաշտպանական ոլորտը, թե՛ տնտեսական կապերը եւ ներդրումները: Վրաստանն իր կողմից այդ հարաբերությունները համարում է կենսական կարեւորության: Եվ ժամանակն է, որպեսզի ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի հայկական շրջանակների համար նույնպես հասու լինի վերը նշված բանաձեւը. այն, ինչ օգուտ է Վրաստանին՝ օգուտ է Հայաստանին, իսկ տվյալ դեպքում՝ ուզում ես օգտակար լինել Հայաստանին՝ օգտակար եղիր Վրաստանին եւ Ջավախքին:

Արժե հիշեցնել նաեւ, որ հուլիսի վերջին Վազիանիի վրացական ռազմաբազայում տեղի են ունենալու ՆԱՏՕ-ի՝ «Արժանապատիվ գործընկեր-2017» բազմազգ զորավարժությունները, որին մասնակցելու է նաեւ ՀՀ Զինված ուժերի ստորաբաժանումը…

Այս իմաստով արված է առաջին՝ փոքրիկ, բայց կարեւոր քայլը. ս.թ. հուլիսի սկզբին Ախալցխա եւ Ախալքալաք այցելեց ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Գլենդեյլ քաղաքի նախկին քաղաքապետ, ներկայումս հինգ հոգուց բաղկացած քաղաքային խորհրդի անդամ Զարեհ Սինանյանը: Վրացական կողմից նրան ջերմորեն ընդունեցին երկրի խորհրդարանի եւ տեղական խորհուրդների (սաքրեբուլո)՝ Սամցխե-Ջավախեթիից ընտրված պատգամավորները, ջավախահայության երիտասարդության, քաղաքացիական հասարակության, հոգեւորականության ներկայացուցիչներ, գործարարներ, կրթական ոլորտի ներկայացուցիչներ, Ախալցխայի քաղաքապետը եւ քաղաքապետարանի ներկայացուցիչներ, բազմաթիվ հայեր եւ վրացիներ:

Իսկ այցի «ուղերձի» գլխավոր բաղկացուցիչը հետեւյալն է. ԱՄՆ հայկական Սփյուռքում կա՛ հատված, որը պատրաստ է ներդրում ունենալ ԱՄՆ-Վրաստան հարաբերություններում, ներգրավել այդ գործում եւ կարեւորել ջավախահայության դերը, եւ կա՛ այն գիտակցումը, որ հենց այդպիսի մոտեցումն է ի շահ վաղվա եվրոպական Հայաստանի եւ եվրոպական Վրաստանի:

 

Ռուբեն ՄԵՀՐԱԲՅԱՆ

Ախալցխա-Ախալքալաք-Երեւան

Լուսանկարը՝ Akhaltskha.net

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31