Լրահոս
Օրվա լրահոսը

«Դուք լացել եք Արմեն Մուրադյանի մոտ ու ասել, որ կուզենայիք ժամանակը հետ տալ». մահացած ծննդկանի հայրը՝ բժշկուհուն (Տեսանյութ)

Հուլիս 11,2017 11:57

2015թ. մահացած ծննդկան Մերի Մարգարյանի գործով դատական նիստում այսօր մեղադրյալ բժշկուհի Շուշանիկ Բախշյանի ցուցմունքի ժամանակ նրան հարցեր հղեց նաեւ տուժողի իրավահաջորդը՝ Մերի Մարգարյանի հայրը՝ Վաղինակ Մարգարյանը: «Մի՞թե ձեր խիղճը չի տանջում, որ ասեք՝ մեղավոր եմ, չեմ հասկացել…Մինչեւ հիմա պնդում եք, թե ամեն ինչ արել եք: Ընդունում եմ, մոտիկ եք եղել Մերիի հետ, բայց ասեք՝ ինչո՞ւ մահացան Մերին եւ թոռս: Եթե սուտ պետք է ասեք, մի պատասխանեք»,-ասաց հայրը:

«Սուտ խոսելու բան չկա, կիսում եմ մեծ ցավը: Այս երկու տարում ինքս իմ մեջ հազար անգամ ամեն օր քննարկել եմ, թե ինչ կարող էինք անել կամ չենք արել: Սակայն կա հիվանդության ընթացք, որտեղ ոչինչ կանգնեցնել հնարավոր չէ: Կեսարյան հատում չենք արել, իրավունք չունեինք անելու, որովհետեւ անելու համար տվյալներ չկային: Հիվանդություններ կան, որոնց ընթացը վերահսկել հնարավոր չէ, եւ տխուր վախճան ենք ունենում»,-պատասխանեց Շուշանիկ Բախշյանը:

Հայրը շարունակեց. «Դուք իմ ամենաթանկագին էակին եք տարել ու ինձ սարքել անասուն, հասկանո՞ւմ եք»:

Մարգարյանի պնդմամբ՝ եթե ժամանակին արվեին բիոքիմիական անալիզներ եւ կեսարյան հատում, Մերին կփրկվեր:

Շուշանիկ Բախշյանն առարկեց. «Չի կարելի առանց ախտորոշման՝ վիրաբուժական միջամտություն անել, որը կարող է վատացնել հղիի վիճակը»:

Վաղինակ Մարգարյանը հուզվեց. «Դուք ասում եք, որ քսան տարվա բժիշկ եք, հինգ հազար հոգու կյանք եք փրկել, ձեզ չի սազում, որ հիմա սուտ եք ասում»:

Ամբաստանյալը նշեց. «Պարոն Մարգարյան, ես ամեն օր լացել եմ ձեր ընտանիքի համար»:

Հայրը, սակայն, վրդովվեց. «Դուք եղել եք նախարար Արմեն Մուրադյանի մոտ, իր մոտ եք լացել ու ասել, որ կուզենայիք ժամանակը հետ տալ…Բայց մի օր զանգեիք ինձ ու ասեիք, որ դիտավորյալ չեք արել, որ պարզապես չեք հասկացել, որ «Հելփ» է եղել Մերիի մոտ»:

Մանրամասն՝ տեսանյութում:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31