Լրահոս
Օրվա լրահոսը

Մեկ տարի առաջ խոստացել են նորոգել սահմանը շրջանցող ավտոճանապարհը, սակայն..

Հուլիս 11,2017 11:53

2006-2007թթ. պետբյուջեի 868 միլիոն դրամ ֆինանսավորմամբ կառուցվել է հայ-ադրբեջանական սահմանը շրջանցող Բաղանիս-Ոսկեպար 6,3 կմ երկարությամբ ճանապարհը: Այն ձգվում է Հարսնաքարով, լեռնային տեղանքով:

Այդ ճանապարհը Բաղանիսի տարածքում սողանքից քանդվում է: Սողանքի գոտու ներքեւում պաշտպանիչ գաբիոններ են կառուցվել: Հոսող հողի ճնշման տակ գաբիոնները որոշակի չափով տեղաշարժվել են դեպի ճանապարհ:

Չնայած միջպետական ուղու Ոսկեպար-Բաղանիս հիմնական, սահմանի երկայնքով ձգվող ճանապարհը բաց է, սակայն վարորդների մի մասը զգուշանալով ադրբեջանական գնդակոծությունից՝ գերադասում է երթեւեկել շրջանցիկ ճանապարհով: Սահմանագոտուն կից ճանապարհը ադրբեջանական զինուժի կողմից պարբերաբար գնդակոծվում է: 2015թ. նոյեմբերի 5-ին սահմանագոտու երկայնքով ձգվող ճանապարհին ադրբեջանական գնդակոծությունից վնասվել է ռուսական մեծ բեռնատար:

2016թ. սեպտեմբերի 14-ից Հայաստան-Վրաստան միջպետական ավտոճանապարհի Վանաձոր-Ալավերդի հատվածը վերանորոգման նպատակով փակ է, Բագրատաշենի մաքսակետով Հայաստան մտնող, հանրապետություն բեռներ ներկրող խոշոր բեռնատարները Երեւան են հասնում Նոյեմբերյանով, Բաղանիս-Ոսկեպար ճանապարհով, այդ ճանապարհի ծանրաբեռնվածությունը մի քանի անգամ աճել է:
Միջպետական ավտոճանապարհի Ոսկեպար-Բաղանիս հատվածի գնդակոծությունների ժամանակ ավտոմեքենաները երթեւեկում են սահմանագոտին շրջանցող, Հարսնաքարով ձգվող ճանապարհով, որը դառնում է փրկության ուղի:

Ոսկեպար-Բաղանիս շրջանցիկ ավտոճանապարհի Բաղանիս գյուղի հատվածում ծանր բեռնատարների տեղաշարժից հողի սողանքը մեծանում է: Նախատեսվում էր, որ 2016թ. պետական բյուջեի միջոցներով շրջանցիկ ճանապարհին սողանքի հետեւանքները կվերացվեն:

«Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհների տնօրինություն» ՊՈԱԿ գլխավոր տնօրեն Աշոտ Արշակյանը 2016թ. ապրիլին մեզ հայտնել  է, որ շրջանցիկ այդ ճանապարհի վերանորոգման համար արդեն մրցույթ է հայտարարվել, երկու ամսից հայտնի կլինի այն ընկերությունը, որը պետական բյուջեի միջոցներով կիրականացնի սահմանագոտին շրջանցող ճանապարհի նորոգումը: Սակայն դա չարվեց:

2017թ ապրիլին Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանին գրավոր հարցրել ենք ՝ 2017 թվականին նախատեսվո՞ւմ է նորոգել Բաղանիս-Ոսկեպար շրջանցիկ, Հարսնաքարով ձգվող ավտոճանապարհը: Ստացել ենք Տավուշի մարզպետարանի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Ֆելիքս Ափինյանի հետեւյալ պատասխանը. «Ոսկեպար-Բաղանիս այլընտրանքային ճանապարհը ուսումնասիրվել է եւ ճանապարհային, եւ ՀՀ պաշտպանության նախարարության ինժեներական ծառայության համապատասխան մասնագետների կողմից: Դիտարկվող հատվածներին լուծումներ տալու տարբերակները քննարկման փուլում են, այս պահի դրությամբ իրականացման վերաբերյալ տեղեկատվություն առկա չէ»:

Մայիսին կրկին դիմել ենք Տավուշի մարզպետին, հարցնելով՝ ե՞րբ է նորոգվելու ռազմավարական նշանակություն ունեցող Բաղանիս-Ոսկեպար շրջանցիկ ուղին: Կրկին ստացվել է Ֆելիքս Ափինյանի պատասխանը, ուր նշված է. «Բաղանիս-Ոսկեպար շրջանցիկ ավտոճանապարհի վերանորոգման վերաբերյալ տեղեկատվություն ստանալու նպատակով պետք է դիմել ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը»:

 

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31