ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը հրապարակել է Հայաստանում 2017թ. ապրիլի 2-ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների ամբողջական զեկույցը, որի համաձայն հիմնարար ազատություններն ընդհանուր առմամբ պահպանվել են, իսկ թեկնածուները կարողացել են քարոզչություն իրականացնել առանց սահմանափակումների:
Այնուամենայնիվ զեկույցում նշվում է, որ հասարակության մեջ վստահություն չկա ընտրական գործընթացների նկատմամբ: Բացի այդ, զեկույցի հեղինակները խորհուրդ են տալիս երկրի իշխանություններին՝ քայլեր ձեռնարկել՝ ձայները գնելու փորձը և քաղաքացիների վրա ճնշումների ցանկացած ձև կանխելու համար:
Զեկույցը ողջունում է վերջերս փոխված իրավական շրջանակը և խորհուրդ է տալիս, որ առկա անորոշ և երկիմաստ կետերը պետք է վերանայվեն, այդ թվում նրանք, որոնք վերաբերում են քարոզարշավին, դրա ֆինանսական կանոնակարգմանը և բողոքների ժամկետներին: Օրենքի մշտական իրականացումն ապահովելու համար զեկույցի հեղինակները խորհուրդ են տալիս Կենտրոնական ընտրական հանձնաժողովին հստակեցնեն իրավական դրույթները պարտադիր որոշումներով:
Նշելով, որ ընտրությունները լավ կազմակերպված էին, զեկույցը խրախուսում է ակտիվացնել ջանքերը՝ ֆիզիկական դժվարություններ ունեցող անձանց համար ընտրական գործընթացին հասանելիություն ապահովելու համար, ինչպես նաև ապահովել ընտրողներին իրազեկող նյութերի ամբողջականություն և հասանելիություն:
Զեկույցում նշվում է, որ ընտրացուցակները բարելավվել էին, այնուամենայնիվ, կոչ է արվում իշխանություններին շարունակել քայլեր ձեռնարկել ամբողջական հասցե չունեցող ընտրողների քանակը նվազեցնելու համար:
Զեկույցի հեղինակները կարծում են, որ ստորագրած ընտրողների անունների հրապարակումը կարևոր էր ուրիշի փոխարեն քվեարկությունները կանխելու ուղղությամբ, այնուամենայնիվ, կոչ է արվում ապահովել նաև ընտրողների տվյալների անվտանգությունը:
Ինչ վերաբերում է մամուլում տեղ գտած բացթողումներին, զեկույցի հեղինակները խորհուրդ են տալիս սահմանել հստակ ուղեցույցներ, բարելավել մեդիա մոնիթորինգի մեթոդաբանությունը և ապահովել պարբերականների և հեռուստաալիքների սեփականատերերի թափանցիկությունը:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ