Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչու չեն ներում տաղանդավոր մարդկանց. Անջեյ Վայդայի վերջին ֆիլմը (Տեսանյութ)

Հուլիս 11,2017 10:22

Լեհական կինոյի դասական Անջեյ Վայդան այս տարի պետք է հյուրընկալվեր 14-րդ «Ոսկե ծիրանին»` ստանալու իրեն շնորհված «Փարաջանովյան թալերը»: Սակայն նա գնաց երկնային կյանքով ապրելու` աշխարհին թողնելով շուրջ 60 ֆիլմերից բաղկացած իր հզոր կինոժառանգությունը: Նրա մրցանակը հետմահու շնորհվեց ու հանձնվեց Հայաստանում Լեհաստանի դեսպան Եժի Նովակովսկուն: Դեսպանն ասաց, որ իր համար մեծ պատիվ է «Ոսկե ծիրանի» կազմակերպիչների ձեռքից ստանալ վարպետի մրցանակը, որի մահը կորուստ է ողջ համաշխարհային կինեմատոգրաֆի համար:

Հուլիսի 10-ին «Մոսկվա» կինոթատրոնում լեհ աշխարհահռչակ կինոռեժիսորի «Հետպատկերներ» ֆիլմով բացվեց Լեհական կինոյի օրը: Սա նրա վերջին ֆիլմն էր:

Այն պատմում է Լեհաստանում հայտնի նկարիչ Վլադիսլավ Ստշեմինսկու մասին, որը հետպատերազմյան Լեհաստանում դասավանդում է Լոձի կերպարվեստի ազգային դպրոցում: Որպես մեծ արվեստագետ և ունիզմի տեսության համահեղինակ Ստշեմինսկին հայտնի է դարձել Երկրորդ աշխարհամարտից առաջ: Ուսանողները նրան ընդունում են որպես «արդի նկարչության մեսիա», այնինչ համալսարանական ղեկավարությունը և Մշակույթի նախարարությունը այլ կարծիքի են: Ի տարբերություն սոցռեալիզմին հավատարիմ և կոմկուսի առաջադրանքները կատարող արվեստագետների՝ Ստշեմինսկին չի դավաճանում իր արվեստին ու սկզբունքներին: Նա հրաժարվում է ենթարկվել կուսակցության հաստատած կարգերին, ինչի համար էլ, ի վերջո, վտարվում է համալսարանից և Նկարիչների միությունից: Նրա ցուցասրահն ավերում են, Լոձով մեկ վերացնում որմնանկարները, չեղյալ հայտարարում նրա մասնագիտական լիցենզիան, բայց Ստշեմինսկու ուսանողները շարունակում են սատարել ուսուցչին՝ հաճախելով նրա մասնավոր դասախոսություններին: Գրառում են ուսուցչի Մտապատկերի տեսությունը և ունկնդրում իրենց գործերի նրա քննադատությունը: Գործազուրկ Ստշեմինսկին, որը կորցրել է ձեռքն ու ոտքը, ուղղակի խարխափում է աղքատության գրկում, նա անգամ օրվա հաց չունի ուտելու, իսկ կոմունիստական իշխանությունները անսասան են նրան կործանելու իրենց գործողությունների մեջ: Դա ստորության օրենքներից է` տաղանդավոր մարդկանց չեն ներում` ոչ միջակությունները, ոչ իշխանությունները:

Ֆիլմը հրաշալի դաս է նաեւ մեր հայ «պալատական մտավորականներին», որոնք պատրաստ են դավաճանել իրենց ու արվեստի սկզբունքներին` հանուն կերակրատաշտից օգտվելու ու վաղուց ատավիզմ դարձած կեղծ կոչումների: Ֆիլմի մեխերից մեկը Վլադիսլավ Ստշեմինսկու հետեւյալ պատասխանն է, երբ նրան հարցնում են, թե ում կողմից է, արվեստագետն ասում է` իմ կողմից եմ; Ու մինչեւ վերջ էլ մնում է «իր կողմից»` կուսակցական պաթոսը, պսեւդո-արվեստը, սոցռեալիզմը նրա համար չեն: Հատկանշական է նաեւ նրա մեկ այլ արտահայտությունը, որ Ստշեմինսկին անում է իրեն սիրահարված ուսանողուհու ներկայությամբ. «Սիրո մեջ եւ արվեստում պետք է տալ այն, ինչ ունես»:

Առանց ոտքի ու ձեռքի, տեղաշարժվելու խնդիրներ ունեցող Ստշեմինսկին ուղղակի չարիք է ռեժիմի համար, քանի որ նրա լուսավոր գաղափարները եւ վրձինն ավելի զորեղ են կուսակցական փուչ գաղափարախոսությունից ու կեղծ արժեքներից:

Մենք շատ կկարոտենք Վլադիսլավ Ստշեմինսկուն, քանի որ նման արվեստագետների դեֆիցիտ կա հայ իրականության մեջ, կկարոտենք նաեւ Անջեյ Վայդային, որ 90 տարեկանում նման հզոր ֆիլմ է նկարել ու անմահացել իր արվեստով:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31