Արցախը Հայաստանին կապող շուրջ 116 կմ երկարություն ունեցող Վարդենիս-Մարտակերտ ավտոճանապարհի շինարարությունը գտնվում է ավարտական փուլում:
Aravot.am-ի հետ զրույցում Արցախի Հանրապետության քաղաքաշինության նախարարի առաջին տեղակալ Պավել Նաջարյանն ասաց, որ մնացել է կատարել ասֆալտապատման աշխատանքներ՝ ընդհանուր շուրջ 10 կմ ճանապարհահատվածում:
«Վարդենիս-Մարտակերտ ավտոճանապարհի Սոթք-Խարխափուտ տեղամասում, որտեղ գրունտային ջրերի և սողանքների պատճառով փլուզման վտանգ էր նկատվել, կատարվել է հենապատերի կառուցում ու գրունտների ամրացում, և այժմ կատարվում է ասֆալտապատում»,- նշում է նախարարի տեղակալը:
Նրա խոսքով` վերջերս քարաթափման վտանգ ներկայացնող ճանապարհահատվածում պայթեցման միջոցով կատարվել է արհեստական քարաթափում. «Ավտոճանապարհի շահագործումից հետո ներդրվելու են մեխանիզմներ՝ առկա քարաթափումների դեպքում օպերատիվորեն կատարվելու են մաքրման աշխատանքներ և ապահովվելու է ճանապարհի շահագործումը՝ առանց խոչնդոտների»:
Պավել Նաջարյանը ընդգծում է, որ Մարտակերտի և Շահումյանի շուրջ մեկ տասնյակ համայնքներով անցնող ավտոճանապարհը խթան կհանդիսանա այդ համայնքների զարգացման համար:
«Աշխատանքների ավարտը նախատեսված է օգոստոսի վերջին, իսկ սեպտեմբերին կկայանա բացման արարողությունը»,- հավելում է նախարարի տեղակալը:
Դավիթ Աբաղյան