Եվրախորհրդարանի մի խումբ պատգամավորներ` Հայաստանի եվրապական բարեկամներ խմբի ղեկավարի հետ համատեղ հայտարարություն են տարածել՝ կապված Արցախի շփման գծում հրադադարի խախտումների հետ՝ դրանց մեջ մեղադրելով Ադրբեջանին:
«Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի շփման գծում հակամարտության վերջին սրումը, որը հանգեցրել է ցավալի կորուստների քաղաքացիների շրջանում, մտահոգությունների տեղիք է տալիս մեզ մոտ այն դեպքում, երբ մենք հավատում ենք խաղաղության և փոխըմբռնման արժեքներին: Այս առումով մենք մեր խորագին ցավակցություններն ենք հայտնում զոհերին մերձավորներին ու բարեկամներին:
Զահրա Գուլիևան և նրա տատը՝ Սահիմբան, Ադրբեջանի կողմից հրադադարի պարբերաբար խախտումների և Լեռնային Ղարաբաղը բնակավայրերին մոտ գտնվող դիրքերից հրթիռակոծելու սովորական դարձած պրակտիկայի (այդ պրակտիկան դատապարտվում է Ժնևի կոնվենցիայով և համարվում է ռազմական հանցագործություն) վերջին զոհն են:
Այս երկու անունները միանում են հայ և ադրբեջանցի այն քաղաքացիների ու զինվորների երկար ցանկին, ովքեր ամենաթանկն են վճարել միջազգային հանրության անտարբերության և Ադրբեջանի կողմից հրադադարի խախտումները կանխելու փորձերը ձախողելու պատճառով:
Անցյալ տարվա քառօրյա պատերազմից և Ադրբեջանի նախագահ Ալիևի կողմից ԵԱՀԿ մոնիթորինգային առաքելության լիզորությունների ընդլայնման առաջարկի մերժումից հետո Ադրբեջանը ոչ միայն ուժեղացրել է հակահայկական հռետորաբանությունը և պատերազմի սպառնալիքները Լեռնային Ղարաբաղի ու Հայաստանի դեմ, այլև ակտիվացրել է ռազմական գործողությունները: Սա Բաքվի պատասխանն է ուժեղացող արտաքին ճնշմանը կապված այդ երկրում մարդու իրավունքների և մամուլի ազատության ոլորտում կապված իրավիճակի, ինչպես նաև վերջերս Ադրբեջանի հասցեին հնչած մեղադրանքների պատճառով առ այն, որ նա զենք է մատակարարել ահաբեկչական կազմակերպություններին:
Մենք կոչ ենք անում անհապաղ դադարեցնել ռազմական ագրեսիան, պնդում ենք մեր հաստատակամությունը առ այն, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը պետք է լուծվի խաղաղ ճանապարհով՝ հարգելով տեղի բնակչության ինքնորոշման իրավունքը: Սա միակ ճանապարհն է դադարեցնել երկու կողմերի քաղաքացիների և զորակոչիկների կորուստները:
Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետագա սրումը կբերի ավելի մեծ անկայունության ամբողջ տարածաշրջանում և ևս մեկ մարդասիրական ճգնաժամ կառաջացնի ԵՄ հարևանությամբ:
Հետևաբար, մենք կոչ ենք անում Եվրամիությանը ակտիվորեն նպաստել Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծմանը՝ աջակցելով ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերին և ժամանակավորապես դադարեցնել Ադրբեջանի հետ քաղաքական կապերը մինչև որ նա դադարեցնի հրադադարի խախտումները և հավատարիմ մնա մարդու իրավունքներին և բարիդրացիական հարաբերություններին»,- ասվում է հայտարարության մեջ:
Հայտարարությունը ստորագրել են Հայաստանի եվրոպական բարեկամներ խմբի ղեկավարը եւ Եվրախորհրդարանի մի խումբ պատգամավորներ:
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ