Ըստ Զոհրաբյանի, պետք է շատ զգույշ լինել խոշտանգված, դաժանորեն սպանված մարդկանց հարազատների հետ, ովքեր կգան եւ խորհրդարանը կպայթեցնեն, եթե ցմահ ազատազրկված մարդասպանների հանդեպ պատժի այլ չափ կիրառեն. «Բայց ես խոսում եմ զինվորների մասին: Եթե նրանք այսօր կատարած լինեին այդ հանցագործությունը, հիմա ազատ կլինեին, որովհետեւ 20 տարուց ավելի է՝ նստած են»:
«Ես ինքս ձայն չեմ տվել Արման Թաթոյանին, բայց եթե հիմա քվեարկելու լինեինք պարոն Թաթոյանի համար, կքվեարկեի իր օգտին»,- այսօր ԱԺ-ում Մարդու իրավուքների պաշտպանի տարեկան գործունեության հաղորդման քննարկման ժամանակ ասաց «Ելքի» պատգամավոր Էդմոն Մարուքյանը:
Մարուքյանը հարցրեց՝ ո՞ր պետական մարմիններն են, որ ձեր կողմից կայացած որոշումները հաշվի չեն առել, ի կատար չեն ածել: Նա վստահեցրեց, որ ընդդիմադիրները աջակցելու են օմբուդսմենին. «Դուք խորհրդարանում ունենալու եք աջակցություն՝ ձեր առաքելությունը կատարելու գործում»:
«Ծառուկյան» խմբակցության անունից ելույթ ունենալով՝ Նաիրա Զոհրաբյան ասաց. «Լավ է այն, որ օմբուդսմենի եւ խորհրդարանի աշխատանքը ստացվեց, մենք արդյունավետ աշխատում ենք: Վատն այն է, որ մեր երկրում մարդու իրավունքների վիճակը վատ է, որոշ ոլորտներում՝ շատ վատ»:
Նաիրա Զոհրաբյանը վաղաժամկետ ազատ արձակելու հանձնաժողովի հարցը բարձրացրեց եւ ասաց, որ նախկինում այդ հանձնաժողովը խայտառակ էր աշխատում, չէիր հասկանում, թե ինչ ֆունկցիա էր կատարում. «Քրեակատարողականներում իրավիճակը չի բարելավում, նախնական պահման խցերում հերթապահելով են քնում, նախատեսվածից շատ ավելի կալանավորներ են պահվում»:
Նաիրա Զոհրաբյանը նույնպես անդրադարձավ ցմահ ազատազրկվածների խնդրին, որի մասին խոսել էր նաեւ Նիկոլ Փաշինյանը. «Ցմահ ազատազրկման դատապարտված զինվորներից, երեխաներից շատերը, ովքեր գնդակահարել են սպային՝ իրենց նկատմամբ սեռական ոտնձգություն կատարելու համար, 20 տարուց ավելի նստած են: Պետք է շատ զգույշ լինել նաեւ խոշտանգված, դաժանորեն սպանված մարդկանց հարազատների հետ, ովքեր կգան եւ խորհրդարանը կպայթեցնեն, եթե մենք որոշ անձանց հանդեպ, որոնք ցմահ ազատազրկման են դատապարտված, պատժի այլ չափ կիրառենք: Բայց ես խոսում եմ զինվորների մասին: Եթե նրանք այսօր կատարած լինեին այդ հանցագործությունը, հիմա ազատ կլինեին, որովհետեւ 20 տարուց ավելի է՝ նստած են»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ