Գեղարքունիքի մարզի Սեմյոնովկա գյուղի բնակիչ, 1954թ. ծնված Սուսաննա Բոզոյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ 2016թ. հոկտեմբերի 5-ին բնության հատուկ պահպանվող տարածք հանդիսացող «Դիլիջան ազգային պարկ» պետական ոչ առեւտրային կազմակերպության «Դիլիջան» տեղամասի 10-րդ պահաբաժնից տապարով ապօրինաբար հատել է զգալի չափերով՝ 262 հազար 500 դրամ սակագնային արժեքով 16 հատ տարբեր տրամագծերի սոճենի տեսակի թաց կանգուն ծառեր, պետությանը պատճառելով 1 միլիոն 312 հազար 500 դրամ նյութական վնաս:
Ս. Բոզոյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 296 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով: 2017թ. հունվարի 20-ին Ս. Բոզոյանի նկատմամբ նշանակվել է դատահոգեբուժական ամբուլատոր փորձաքննություն: 2017թ. ապրիլի 25-ին ստացվել է փորձագիտական եզրակացությունը,ըստ որի Ս. Բոզոյանը տառապել եւ տառապում է «Զառանցական խանգարում» փսիխոտիկ մակարդակի հոգեկան հիվանդությամբ, նրան հարկ է ճանաչել անմեղսունակ, նրա նկատմամբ նշանակել հարկադրական բուժում՝ ընդհանուր տիպի հոգեբուժական ստացիոնար պայմաններում: 2017թ. մայիսի 15-ին գործն ուղարկվել է Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարան:
Ըստ «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգի՝ դատարանում դատախազ Հայկուշ Բաղդասարյանը հայտնել է, որ քրեական գործի նյութերով ապացուցվել է Ս. Բոզոյանի կողմից իրեն վերագրված եւ քրեական օրենսգրքով արգելված արարքի կատարումը, նաեւ այն, որ նա արարքը կատարելիս գտնվել է անմեղսունակության վիճակում,կարիք ունի հոգեբուժական կազմակերպության ընդհանուր հսկողության հոգեբուժական բաժանմունքում հարկադիր բուժման: Անմեղսունակ ճանաչված Ս. Բոզոյանը չի առարկել իր նկատմամբ հարկադրանքի միջոց կիրառելու դեմ: Պաշտպան Արմեն Ադամյանը նույնպես չի առարկել դրա դեմ: Ս. Բոզոյանի օրինական ներկայացուցիչ Վ. Բոզոյանը հայտնել է, որ Ս. Բոզոյանն ապրում է իր ընտանիքի հետ, նա վերջերս բուժում է ստացել եւ իրեն լավ է զգում:
Հունիսի 30-ին Իջեւանում Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի դատավոր Ռաֆիկ Մելքոնյանը որոշել է անմեղսունակ ճանաչված Սուսաննա Բոզոյանին ազատել քրեական պատասխանատվությունից եւ պատժից ու նրա նկատմամբ կիրառել բժշկական բնույթի հարկադրանքի միջոց՝ հոգեբուժական կազմակերպության ընդհանուր հսկողության հոգեբուժական բաժանմունքում հարկադիր բուժման ձեւով, որը նա պետք է ստանա ՀՀ ԱՆ «Սեւան« հոգեբուժական հիվանդանոցում: Որոշման կատարումը հանձնարարվել է ՀՀ ԱՆ «Սեւան« հոգեբուժական հիվանդանոցի տնօրենին եւ ոստիկանության Սեւանի բաժնի պետին:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ