Aravot.am-ի տեղեկություններով, երեկ Գյումրու Վարդանանց հրապարակում ծեծկռտուք է տեղի ունեցել Շիրակի ոստիկանների մասնակցությամբ։ Բանն այն է, որ ոստիկաններից մեկը (ըստ տեղեկությունների` նա եղել է անսթափ վիճակում) ցանկություն է հայտնել ֆայտոն նստել ու իրեն կարգին չի պահել։
Վիճաբանություն է սկսվել Ֆայտոնչի Գրիշի թոռան ու ոստիկանի միջև, որը վերածվել է ծեծկռտուքի։ Երրորդ անձը փորձել է բաժանել վերջիններիս, սակայն նա ևս ծեծի է ենթարկվել ոստիկանի կողմից։ Նշենք, որ պապի մահանալուց հետո 8 տարի է՝ պապական գործը շարունակում է թոռը՝ դարբին Սամվելը։
Ու չնայած տուժողներից մեկի՝ ֆայտոնչի Գրիշի թոռի այն պնդումներին, թե միջադեպ չի եղել, երրորդ անձը, որը նույնպես ծեծի էր ենթարկվել, բողոք է ներկայացրել ոստիկանության «Կումայրի» բաժին։
Այս պահին Շիրակի մարզի քննչական վարչությունում նյութեր են նախապատրաստվում։ Ըստ նյութերի, ծեծկռտուքին մասնակցել է չորս ոստիկան։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
Լուսանկարը՝ Armeniasputnik.am-ի